Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին հարցրեց՝ Դուք այսօր ասուլիսում ասել էիք, որ քառօրյա պատերազմում Պուտինի մասնակցության մասին մեզ հետ խոսելիս այլ բան եք նկատի ունեցել, հարցազրույցի ձայնագրությունը հրապարակվել է, կասե՞ք ինչ եք նկատի ունեցել, եթե ոչ դա: Նա պատասխանեց. «Ես միշտ հայ-ռուսական բարեկամության կողմնակիցն եմ եղել: Ես ուղղակի ուզում էի ասել, որ հայերը ավելորդ ակնկալիքներ պետք է չունենան, որ հենց պատերազմը սկսեց՝ պիտի մեր կողքին կանգներ Ռուսաստանը, օգներ մեզ:
Ռազմավարական գործընկերություն, միասնական շահեր ունենալով՝ պատմությունը ցույց է տվել, որ կան պահեր՝ ՌԴ-ն առաջնորդվում է իր շահերով եւ Հարավային Կովկասում իր ազդեցության ոլորտը մեծացնելով: Կան իրավիճակներ, կան պահեր, որ ՌԴ-ն իր շահերից ելնելով՝ նաեւ բարի-դրացիական հարաբերություններ ունենա մեր հակառակորդների հետ եւ փորձի երկուսի նկատմամբ էլ իր ազդեցությունն ունենա: Ես դա եմ ուզեցել ասել, որ Հայաստանն ավելորդ ակնկալիքներ, այն պայմանավորվածություններից դուրս, այն, ինչը ՌԴ-ի շահերից չի բխում, անի: ՌԴ-ն իր շահերով է առաջնորդվում:
Ճիշտ է, ՀՀ-ի հետ մեծ մասամբ ռազմավարական շահերը համընկնում են , բայց պատմությունը մեզ ցույց է տվել, որ կան պահեր, որ ՌԴ-ի մարտավարական շահերը համընկնում է նաեւ մեր հակառակորդների՝ Թուրքիայի, Ադրբեջանի շահերի հետ: Եվ չպետք է ակնկալել, որ ՌԴ-ն միշտ պետք է մեր կողքին լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ