ՀՀ ԱԱԾ-ի դեմ ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանի հայցով (ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկում Շանթ Ոսկերչյանի տվյալների ներառումը և անվավեր ճանաչել դրա դեմ վարչական բողոքի վերաբերյալ կայացված ակտը) դատաքննությունն այսօր ավարտվեց. Վարչական դատարանը հուլիսի 26-ին կհրապարակի որոշումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը 2015 թվականի մայիսից Ոսկերչյանի տվյալները ներառել էր ՀՀ-ի համար անցանկալի օտարերկրացիների ցանկում` պատճառաբանելով, որ նա կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը:
Այսօր էլ ԱԱԾ-ն գործի վերաբերյալ փաստաթղթերը, ըստ Ոսկերչյանի ներկայացուցիչ Անի Չատինյանի, հրաժարվել է ներկայացնել դատարան՝ հիմնավորելով, որ դրանք գաղտնի տեղեկություններ են ու հրապարակման ոչ ենթակա:
«Այս ամենը հաստատում է, որ ոչ օրինական են Շանթ Ոսկերչյանի նկատմամբ իրականացված գործողությունները: Կամայականորեն կամ անօրինական էր Ոսկերչյանի տվյալներն ընդգրկվել Հայաստանի տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկում»,- ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, Շանթ Ոսկերչյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ ԱԱԾ ներկայացուցիչը ապրիլի 27-ին կայացած դատական նիստում տեղեկացրել էր, թե վերացել են Ոսկերչյանի մուտքի արգելքի հիմքերը:
Անի Չատինյանի համար պարզ չէ՝ կոնկրետ ո՞ր գործողությունների ու ինչ տեսակի հիմնավորումներ ունի պետությունը ի դեմս Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության:
Դատական գործընթացն էլ Անի Չատինյանը չի շտապում գնահատել, ասաց՝ դատարանի որոշումը ամեն ինչ կասի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ