Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի հավաքականը նվաճեց փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը: Սա հայկական բասկետբոլի պատմության բացառիկ նվաճում է, որը ձեռք բերվեց ՀՖԲ-ի եւ ՀԱՕԿ-ի երկար տարիների աշխատանքի արդյունքում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասեմ՝ մենք հաջողության հավատում էինք, որի համար աշխատել ենք շատ երկար, թերեւս, այն ժամանակվանից, ինչ ես ընտրվել եմ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ: Անձամբ ինքս համարում էի, որ եզրափակիչ հասնելը արդեն հաջողություն կլինի: Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Մեր հավաքականի խաղերը Քիշնեւում ցույց տվեցին, որ հաղթելու հնարավորություն ունենք:
Այսօրվա թիմն ստեղծելու կազմակերպական գրեթե բոլոր հարցերը հասցրել էինք լուծել. մեր պատկերացրած մարզիչների, խաղացողների ընտրություն, թեկուզ ժամանակի ու քանակական առումով քիչ՝ հավաքների կազմակերպում, որի ընթացքում բասկետբոլիստները հասցրեցին խաղահրապարակում իրար որոշ չափով հասկանալ: Բացի դա, վնասվածքներ չկային: Տղաներն էլ խաղից՝ խաղ, ավելի լավ էին զգում միմյանց, խաղակցվածությունը ամրանում էր: Այսպես ձեռք բերվեց հաղթանակը»:
Հարցին, թե Մոլդովայում ո՞ր հավաքականն էր մեզ համար ամենադժվարը, պարոն Ռոստոմյանը պատասխանեց. «Միանշանակ՝ Իռլանդիայինը: Շատ ուժեղ թիմ է: Անդորրան փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն դարձել է այն պատճառով, որ Իռլանդիան չի մասնակցել: Իռլանդացիները երեք տարի նախապատրաստվել էին այս մրցաշարին: Նրանք անցած տարի Չինաստանի հիմնական կազմին մի քանի միավոր էին զիջել, Ռուսաստանի երկրորդ կազմին հաղթել էին 20 միավորի առավելությամբ, Լիտվայի հետ հավասար պայքար մղել: Մեր առաջին խաղն Անդորրայի հետ չստացվեց: Թեեւ, մի կողմից էլ դա լավ էր. երկնքից իջանք, ինչը շատ օգտակար եղավ եզրափակչում»:
Կարդացեք նաև
Պարոն Ռոստոմյանը նաեւ ճշտեց, որ այս հաղթանակով մեր բասկետբոլիստները Եվրոպայի հաջորդ առաջնության որակավորման փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին, այլ ոչ թե եզրափակիչ փուլին, ինչպես գրել են որոշ լրատվամիջոցներ: «Այս աշնանը կմեկնարկի խմբային մրցաշարը, որի ավարտին 24 հավաքականներ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան», – ասաց Հ. Ռոստոմյանը եւ հավելեց, որ եւս մի քանի հայ բասկետբոլիստներ կան, որոնց հրավիրելով երազում է այս հաջողությունն ավելի զարգացնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ