Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիս 06,2016 19:55

Հուլիսի 6-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. «Սփյուռք» ամառային ամենամյա դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի հետ համատեղ:

Դպրոցի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մտավորականներ, հյուրեր:

1

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ Հայաստանի և Արցախի 25-ամյա հոբելյանական տարում ողջունել ձեզ Հայրենիքում: Շնորհավորում եմ նաև «Սփյուռք» ամառային դպրոցի 5-ամյա հոբելյանի առթիվ»:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ նախարարն ընդգծեց, որ դպրոցի մասնակից մեր հայրենակիցներից յուրաքանչյուրն իր բնակության երկրում ամեն ինչ արել է՝ Արցախին օգնելու համար և հավելեց. «Ուզում եմ հիշել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի խոսքերը՝ օրվա մեջ նախ արեք այն, ինչը պարտավոր եք, ապա՝ ինչ կարող եք, և դուք կանեք անհնարինը: Սիրելի՛ մասնակիցներ, ես համոզված եմ, որ Սփյուռքում մեր ոսկեղենիկ մայրենին պահելու և մատաղ սերնդին փոխանցելու գործում դուք անում եք անհնարինը: Մենք բարձր ենք գնահատում ձեր նվիրումն ու ջանքերը, քանի որ ուծացման դեմ պայքարի միակ միջոցը մայրենի լեզվին տիրապետելն է և հայ մշակութային, հոգևոր արժեքներով սերունդներին դաստիարակելը: Վստահ եմ, որ մեր մասնագետները ձեզ համար կկազմակերպեն հետաքրքիր և համապարփակ դասընթացներ, և դուք կվերադառնաք ձեր բնակության երկրներ՝ զինված հայոց լեզվի և հայ մշակույթի մասին անհրաժեշտ ու խորը գիտելիքներով»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նաև հույս հայտնեց, որ 2017թ. ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կանցկացվի ՀՀ ԿԳՆ հետ համատեղ և ԵՊՀ փորձառու մասնագետների ուժերով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:  Նա կարևորեց նման ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են Սփյուռքում հայապահպանության գործին: Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ 2016թ. մեծ թիվ են կազմում վերապատրաստվող պոլսահայ ուսուցիչները, ինչպես նաև մանկավարժները Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Սփյուռք» ամառային դպրոցը ԵՊՀ հետ համատեղ կազմակերպելու համար՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ համալսարանը ոգևորված և մեծ նվիրումով է լծված դպրոցի իրականացման աշխատանքներին:

Կիևի մեկօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանը նշեց. «Ծրագրին մասնակից բոլոր ուսուցիչները շնորհակալ են այն հոգատար վերաբերմունքի համար, որ ստանում են ձեզանից: Հայրենիքը մեր արյան, մեր սրտի ու մեր աղոթքների մեջ է, իսկ նրա հետ կապը մենք իրականացնում ենք հենց ձեր միջոցով»:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը: Ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի սաները՝ (տնօրեն՝ Կարինե Դավթյան) «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) և այլք:

«Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացները կանցկացվեն հինգ ուղղություններով՝

  1. Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 3-30),
  2. Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 3-30),
  3. «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթաց (հուլիսի 3-16),
  4. Լրագրողների  վերապատրաստում (հուլիսի 3-16),
  5. Ազգային երգի ու պարի վարպետություն (հուլիսի 3-16):

Բացի տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031