Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի ու Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին

Հուլիս 06,2016 18:42

Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի թվով 26 աշակերտների` ուղեկցությամբ ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց Ֆրանսիայում գործող այս երկու հայկական դպրոցների աշակերտների` Հայրենիք և Մայր Աթոռ Ս. Էջմիածին կատարված այցի առիթով: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց բոլոր նրանց, ովքեր մաս և բաժին ունեն աշակերտների կրթության և դաստիարակության գործում և նպաստում են նրանց ազգային, հայրենասիրական նկարագրի կերտմանը:

Անդրադառնալով հայեցի դաստիարակության և հայրենասիրության կարևորությանը` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ աշակերտները, գտնվելով Հայաստանում, շատ լավ հնարավորություն ունեն մոտիկից հաղորդակից լինելու Հայրենիքի իրականությանը և ազգային-հոգևոր հարուստ ժառանգությանը:

«Հայրենիքը երաշխիքն ու ապահովությունն է հայ ժողովրդի հավերժ գոյության: Անհայրենիք անձը նման է մեկին, ով ծնողներ չունի, իսկ Հայրենիքի զավակը մշտապես պաշտպանված է, որովհետև Հայրենիքը պատրաստ է հովանավորելու, իր գիրկը բանալու սեփական զավակների առջև: Ազգային պատկանելության առումով Հայրենիքն ազգի զավակի կենսագրությունն է», – ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով միշտ արժևորել Հայրենիքը և կապված մնալ նրան:

Իր հայրապետական պատգամը և օրհնությունը փոխանցելով աշակերտներին` Նորին Սրբությունը հորդորեց, որ ամեն ջանք ի գործ դնեն` օրինակելի ու հաջողված հայորդիներ լինելու և բարի օրինակ ծառայելու գալիք սերունդների համար: Այս առիթով Վեհափառ Հայրապետը նաև պատանիներին պատգամեց արդյունավետորեն օգտագործել իրենց ուսումնառության տարիները, որպեսզի ապագայում, իրենց առջև ունենալով տիար Սարգիս Պետոյանի բարի օրինակը, կարողանան օգտակար ծառայություն բերել հայոց ազգին, իրենց երկրին և Հայրենիքին:

Հանդիպմանն աշակերտներից երկուսն ասմունքեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև:

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց աշակերտներին և ուսուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվում էին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` Հայաստան կատարված այցին, Հայ Եկեղեցու առաքելությանը և ներկայիս գործունեությանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                         

Տեղեկատվական համակարգ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031