«Գրադարան» նախաձեռնության անդամները Արամ Մանուկյանի՝ Արամի 9 հասցեում գտնվող տան վերաբերյալ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, մշակույթի, քաղաքաշինության նախարարներին, Երևանի քաղաքապետին, «Հին Երևան» նախագծի պատասխանատուներին:
Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրադարան» նախաձեռնության անդամ Ռադիկ Կարապետյանը:
«Շենքը գտնվում է «Հին Երևան» նախագծի շրջանակներում, որով պահպանվելու է միայն տան ճակատը: Սա մենք համարում ենք անընդունելի, որովհետև Արամի տունը ոչ թե ճարտարապետական կարևորություն, այլ պատմական նշանակություն ունի: Մենք գործ ունենք մեր հանրապետության հիմնադրի տան հետ, նա երկրորդական-երրորդական անձ չէ: Դա մեր ազգային պատվախնդրության հարցն է: Մենք, լինելով Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ, նրա հիմնադիրներից մեկի տունը պահում ենք աղբանոցային վիճակում»,- ընդգծեց Ռադիկ Կարապետյանը:
Իրենց նամակը դեռևս որևէ արձագանք չի ստացել. «Մենք դրական պատասխանի չենք էլ սպասում, ակնկալում ենք, որ այն լինելու է բարդ ստորադասական նախադասություններով, անորոշ, խնդրին լուծում չտվող պատասխան: Նամակն ավելի շատ ուղղված էր հանրությանը, վերջինիս ուշադրությունն այս խնդրի վրա կենտրոնացնելուն»,- ասաց «Գրադարան» նախաձեռնության անդամը՝ տեղեկացնելով, որ իրենց հետագա քայլը լինելու է ստորագրահավաքի միջոցով խնդրին ինչ-որ լուծում տալը»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ