Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 6-ին շարունակվեց Հակոբ Դեխնավիի գործի քննությունը: Հիշեցնենք` նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ.-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Երևանի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին` բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:
Այսօրվա նիստին գործով մի քանի վկաները չէին ներկայացել: Բացի այդ, Դեխնավիի պաշտպանն էր ներկայացել` Դավիթ Գյուրջյանը: Նա դատավորին խնդրեց նիստը հետաձգել` գործին ամբողջությամբ ծանոթանալու համար: Դատարանի որոշմամբ հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին:
Նիստի ավարտից հետո Հակոբ Դեխնավին Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ դեպք է տեղի ունեցել հանրաքվեի օրը: Իր խոսքով` հանձնաժողովի նախագահը, անդամներից մեկը եւ ՀՀԿ-ի վստահված անձն ընտրախախտումներ են թույլ տվել, ինքն էլ որպես լրագրող նկարահանել է այդ ամենը. «Երբ հանձնաժողովի նախագահին ներկայացրեցի, որ հանձնաժողովի անդամն աղյուսակում չի նշում նույնականացման քարտերով քվեարկողների անվան դիմաց, հարձակվեցին ինձ վրա` գոռալով` «ո՞վ են այս թուրքերը, ի՞նչ են ուզում մեզանից», ապտակեցին ինձ: Նա չէր լրացնում, որ մարդը եկել է ոչ թե անձնագրով, այլ նույնականացման քարտով: Իսկ երբ անձնագրով ընտրողներն ասում էին` «այս ո՞վ է արդեն ստորագրել իմ փոխարեն», հանձնաժողովի նախագահն ասում էր` «ոչինչ, դու էլ մի տող ներքեւ կամ վերեւ ստորագրի» Այդ պահը նկարահանեց լրագրող Ռոմիկ Դանիելյանը: Դրսից երեք հոգու ներս հրավիրեցին եւ հարձակվեցին Ռոմիկի վրա, որ տեսանկարահանող սարքը խլեն»:
Կարդացեք նաև
Հակոբ Դեխնավին պնդում է, որ վկաներից մեկը քննիչին սուտ ցուցմունք է տվել, թե Դեխնավին հարվածել է հանձնաժողովի նախագահի դեմքին, մինչդեռ իրականում այդպես չէ. «Սուտ վկան հարվածեց Ռոմիկի գլխին, ՀՀԿ-ական վստահված անձը խլեց տեսանկարահանող սարքը, ապա վերադարձավ դատարկաձեռն: Հետո Ռոմիկը սարքը «բռնացնում» է նրա ձեռքին, սակայն նա սուտ ցուցմունք է տալիս քննիչին, թե սարքն իր մոտ չի եղել, այլ գտնվել է գրենական պիտույքների պարկի մեջ… Նրանք ծեծել են երկու լրագրողներիս եւ դա կոծկելու համար նոր սցենար են հորինել, թե իբր ես եմ հարվածել հանձնաժողովի նախագահին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ