Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակից Հասան Ռուհանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի պնդմամբ՝ նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իրանի առաջնորդին 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Թուրքիային աջակցելու համար և նշել, որ իր երկիրը կողմ է պաշտոնական Թեհրանի հետ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կոչ է արել Իրանին՝ համատեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ։
Իրանի նախագահն իր հերթին կոչ է արել թուրքական կողմին անհապաղ քայլեր ձեռնարկել վերջերս Իրանի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնության կյանքի կոչման համար՝ նշելով, որ դա կարևոր քայլ կլինի երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման գործում։