Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ամարաս» ջոկատի կամավորներին շնորհակալագրեր հանձնվեցին Պաշտպանության նախարարության և «Կարմիր բերետներ 5165» ռազմահայրենասիրական համահայկական հ/կ-ի կողմից:
Ջոկատը համալրվել էր, քանի որ կային Արցախյան ազատամարտի տարիների կամավորներ և երիտասարդներ, որոնք միացան ապրիլյան քառօրյա պատերազմին:
Ջոկատի հրամանատար Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ զանգում էր տղաներին միջոցառմանը հրավիրելու համար, միանգամից հարցնում էին՝ հըն Ղարաբաղ ենք գնում, երբ իմանում էին, որ մրցանակ հանձնելու համար են կանչում՝ տխրում էին: Հրամանատարին ուրախացրեց այդ փաստը. «Կամավորականներով որոշել ենք, որ ամիսը մեկ անգամ գոնե հավաքվենք, կապ պահենք, իմանանք մեկս մյուսի խնդիրները, պետք եղած ժամանակ առաջին կանչով գնանք Արցախ:
Մենք միշտ գիտենք՝ քանի թուրքը կա, քանի Ղարաբաղի հարցը կա, պետք է մինչև վերջ միշտ պատրաստ լինենք»:
Կարդացեք նաև
Ջոկատի անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը փաստեց, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ գալիս է մի սերունդ, որ ոչնչով պակաս չէ իրենց սերնդից. « Երիտասարդ սերունդն իր պատրաստակամությամբ, «դուխով», էլ ավելի լավն է: Շատերը չէին հավատում: Մեր ժամանակ էլ մեզնից մեծերն ասում էին, որ բան լինի՝ էս երկիրն ով ա՞ պահելու, արի ու տես, որ 90-ականներին մի ամբողջ սերունդ ոտքի կանգնեց»:
Դերասան Հայկ Մարությանի համար հայրենասիրությունը Աստծո օրհնանք է, որ ի ծնե տրվում է կամ չի տրվում. «20 տարի առաջ ունեցել ենք հաղթանակ, 20 տարի մի փոքր քնել ենք և այսօր լիակատար արթնացել ենք: Բժիշկը, ուսուցիչը, բանվորը և այն մարդիկ, որ ամեն օր տանջվելով՝ արդար աշխատում են այս երկրի համար և ստանում են կոպեկներ, երբ գալիս է պահը, հագնում են զինվորական համազգեստը և կանգնում առաջին գծում: Ինձ համար հայրենասիրություն չէ, երբ ինչ որ մեկն աշխատելով միլիոնավոր գումարներ, հարկերից խուսափելով՝ գալիս է ապրիլի երկուսը, թեկուզ 5 մլն դոլար գումար է փոխանցում ՊԲ-ին, ինձ համար այդ մարդը հայրենասեր չէ. հայրենասիրությունը մեկ օրով չէ»:
Երաժիշտ Վազգեն Ասատրյանը Հայկ Մարությանի և Հրանտ Թոխատյանի հետ ակտիվ է եղել թիկունքային հարցերում. «Կոորդինացնողի դերում էինք: Մեր ծառայությունը ոչ թե միշտ սահմանին լինելն էր, այլ երկրորդ գործը, որ նույնպես կարևոր էր, տղաներին հասցնել, բերել այն ամենն, ինչ իրենց անհրաժեշտ էր»:
«Ամարաս» ջոկատի երրորդ դասակի հրամանատար Սամվել Դավթյանն ավելացրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին երիտասարդներն անփորձ չեն եղել. «Մեր երիտասարդներին միշտ սիրել եմ, բայց հիմա աչքիս ավելի բարձրացան: Թշնամին շատ նենգ է, ամեն րոպե պետք է պատրաստ լինենք մռութին հասցնելու: Իսկ մենք պատրաստ էինք պատերազմին, ասեկոսեներին պետք չէ հավատալ: Եթե պատրաստ չլինեինք, 18 տարեկան երեխաները չէին կարողանա հաղթանակ տանել»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ