Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «ՀԱՊԿ ԱԳ նախարարները հակադարձեցին Ադրբեջանին»

Հուլիս 06,2016 17:41

«Միշտ չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրներն արտահայտել են այն դիրքորոշումները, որոնք բխել են ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշման և ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի Հանրապետության շահերից, սակայն, հուլիսի 4-ի ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարությամբ պաշտպանվեց Հայաստանի շահերն ու հակահարված հասցվեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում անցկացված նիստում արտգործնախարարների արած համատեղ հայտարարությանը:

Հիշեցնենք, հայտարարության մեջ, մասնավորաբար, ասված է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների պաշտոնական դիրքորոշումն է` ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով, երեք հայտնի սկզբունքների հիմա վրա: ՀԱՊԿ արտգործնախարարները կարեւորել են հատկապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը: Հայտարարության տակ ստորագրել են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, այդ թվում նաեւ Ղազախստանը:

Էդուարդ Շարմազանովը հատկանշական է համարում, որ ՀԱՊԿ արտգործնախարարները Երևանում վերահաստատում են, որ ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է:

«Թե՛ Հայաստանի Հանրապետության նախագահը, թե՛ մենք՝ որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահության ներկայացուցիչներ և ես՝ որպես նախագահ, բազմիցս նշել ենք այն կարևորությունը, որ ՀԱՊԿ անդամ երկրները բացառապես պետք է ձգտեն պաշտպանել միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը և հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն էլ վերջին ՀԱՊԿ խորհրդի նիստում նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները չեն հետաքրքրվել՝ իրենց դաշնակից երկրում ինչ իրավիճակ է:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը հանրապետության նախագահի ճկուն ու խիստ քաղաքականության շնորհիվ էր:

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց հայտարարության մեկ այլ կարևոր հատվածի վրա ևս. «Հստակ նշվում է հայտարարության մեջ, որ խնդիրը պետք է լուծվի համանախագահության ձևաչափով: Այսինքն՝ նորություն չէ, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, ինչու՞ չէ նաև այլ թուրքալեզու երկրներ, մշտապես ցանկացել են մեծացնել Թուրքիայի դերն այս տարածաշրջանում՝ խցկելով նրան որպես միջնորդ կողմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այս հայտարարությամբ և՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես համանախագահող երկիր, թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը, որոնք լավ հարաբերություններ ունեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, վերահաստատում են, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի նախագահության ձևաչափով: Թուրքիան այստեղ անելիք չունի»:

ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի՝ հայտարարության մյուս կարևոր հաստատումն այն է, որ արտգործնախարարները վերահաստատեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը. «Սա հստակ արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական հայտարարություններին, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգի հայտարարություններից հետո, երբ Ադրբեջանը հետքայլ կատարեց և գրեթե հրաժարվեց ներդնել հետաքննության մեխանիզմները, ինչը ամրապնդված էր Վիեննայի փաստաթղթում: Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես համանախագահ երկիր, առաջինը ցույց տվեց, որ նա համամիտ չէ պաշտոնական Բաքվի այդ հայտարարության հետ և վստահության մեխանիզմների ներդրումը առաջնային է»:

Նա ի դեպ, հատկանշական է համարում, որ այդ դիրքորոշումը պաշտպանում են նաև Ղազախստանը և Բելառուսը:

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ղազախստանը, որոնք նախկինում ունենում էին չեզոք դիրքորոշում, երբեմն նույնիսկ պրո-ադրբեջանական քաղաքականություն էին վարում, հաստատեցին այն սկզբունքները, որը պաշտպանել էր հայկական կողմը: Սա կարելի է համարել հաջողություն: Միգուցե մենք մեծ քաղաքական թոհուբոհի մեջ դա չէինք նկատել, բայց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հայտարարությունը գոնե երեք կետով հակահարված էր Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031