Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ ղեկավարը բանակցում է տարածքները հանձնելու շուրջ». Արա Պապյանը եւ Շիրակ Թորոսյանը վիճեցին

Հուլիս 06,2016 17:22

«Դա մեր լավագույն համաձայնագրերից մեկն է»,-ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միավորված ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրն այսպես է բնորոշում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Մեդիա Կենտրոն»-ում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ քաղաքագետ Արա Պապյանն այս առնչությամբ պատգամավորին հարցրեց` «Ղարաբաղը հիմա ենթակա՞ է պաշտպանության, թե` ոչ: Եթե Ադրբեջանի ավիացիան ռմբակոծի Ստեփանակերտը, պատերազմի հանցագործ Շամանովը, որը բռնագաղթի ենթարկեց Շահումյանի հայությանը, հարյուրավոր մարդիկ էլ անհետ կորան, նա՞ պետք է Ղարաբաղը պաշտպանելու հրաման տա»:

Թորոսյանը պատասխանեց. «Ղարաբաղի հետ կապված խնդրում մենք դժգոհություններ ունենք եւ դրանք բարձրաձայնել ենք ամենաբարձր մակարդակներում: ՀՕՊ-ը կարեւոր է հիմնականում մեր արեւմտյան սահմանների համար: Ինչո՞ւ շահարկել մի բան, երբ դրա կարիքը չկա»:

-Ադրբեջանն ունի 100 ուղղաթիռ…,-շարունակեց Պապյանը:

-Թող 1000 ուղղաթիռ ունենա, դա մեր` Հայաստանի ՀՕՊ-ի խնդիրն է:

-Ո՞վ է ՀՀ ՀՕՊ ղեկավարը լինելու` Շամանովից բացի: Անունն ասեք:

-ՀՀ ՀՕՊ-ն անկախ ՀՀ-ի ՀՕՊ ղեկավարությունն է:

-Չկա՜ տենց բան, առանց Շամանովի հրահանգի ոչ մի բան չի լինի,-վրդովվեց Արա Պապյանը:

-Հայ-ռուսական ՀՕՊ համակարգը կապ չունի առանձին ՀՀ ՀՕՊ համակարգի հետ: ՀՀ-ն ունի իր ՀՕՊ համակարգը, որը պայքարելու է Ադրբեջանի դեմ,-հակադարձեց Շիրակ Թորոսյանը, ապա հավելեց,-«ՀՕՊ-ը կարեւոր է ՀՀ-ի համար, քանի որ ուղղված է Թուրքիայի դեմ: Չկապել այն Ադրբեջանի հետ…»:

«Կապրենք` կտեսնենք»,-ակնարկեց Արա Պապյանը:

Քաղաքագետը մեկ այլ խնդիր բարձրաձայնեց` ասելով, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում ներառված է Ադրբեջանին տարածքներ հանձնելու մտադրությունը, մինչդեռ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը բանակցում է հենց դրա շուրջը:

Շիրակ Թորոսյանն այսպես հակադարձեց. «Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Վիեննայում եւ Պետերբուրգում բանակցություններ բառի բուն իմաստով տեղի չեն ունեցել: Փորձ է արվել կողմերին բերել ընդհանուր հայտարարի»:

-Կազանյան փաստաթղթի շուրջ,-միջամտեց Արա Պապյանը:

-Չկա նման բան…

-Կա, Կազանյան փաստաթուղթը հրապարակվեց, Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ տվել է համաձայնություն:

-Դա Կազանում էր: Վիեննայում եւ Պետերբուրգում որեւէ փաստաթղթի շուրջ քննարկում չի եղել:

-Կուզեի Ձեզ հավատալ, բայց այդպես չէ:

Թորոսյանը շարունակեց պնդել, որ տարածքները հանձնելու մասին «Լավրովյան ծրագիր» ասվածը սին է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա Կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031