«Եթե 1920-ականներին ռուս-թուրքական հաշտեցման գրավականը Կարսի մարզն էր, Սուրմալուն, Նախիջեւանը, ապա այսօր վճարումը պետք է տեղի ունենա Ղարաբաղով: «Լավրովի ծրագիրն» ամենավատ տարբերակն է` առ այսօր մեզ ներկայացրած բոլոր տարբերակներից: Անգամ խաղաղության երաշխիք չունենք»,-այսօր «Մեդիա Կենտրոն»-ում խոսելով ռուս-թուրքական հաշտեցման համատեքստում ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին՝ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա դիտարկմամբ` ռուս-թուրքական մերձեցումից Ադրբեջանը ոչ թե կտուժի, ալ կշահի, քանի որ Ալիեւը եւ Նազարբաեւն ունակ են Պուտինին պարտադրել որոշումներ կայացնել կամ դրանք չեղարկել. «Ադրբեջանն արդեն սկսել է… Վերջին տեղեկությունը վերաբերում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծի կառուցմանը: Զանգեզուրով երկաթգիծ կառուցելը հեքիաթ էր, միշտ ասում էի այդ մասին, իսկ որոշ իրանագետներ ինձ ասում էին` չէ, այդպես չէ: Թվերը կան` 400 միլիոն եւ 4 միլիարդ: Ո՞ր ապուշը 4 միլիարդի մեջ ծրագիր կդնի: Հետեւաբար, տնտեսությունն ու քաղաքականությունը սերտ կապված են միմյանց: ՌԴ-ն էական տնտեսական շահեր ունի Ադրբեջանում եւ Թուրքիայում, իսկ Հայաստանի համար բարի քայլ անելու շարժառիթ չեմ տեսնում: Ռուսաստանն արդեն առել է Հայաստանը, հետեւաբար` երկրորդ անգամ մեր վրա քաղաքական առումով ծախսելու իմաստ չունի»:
Ինչ վերաբերում է ՀՀ-Թուրքիա հարաբերություններին, Արա Պապյանի կարծիքով` էրդողանյան Թուրքիան առաջիկայում կշարունակի ՀՀ-ի հետ խոսել նախապայմանների լեզվով եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կփորձի օգտագործել մեր դեմ. «Թուրքիայի նպատակն է` Հայոց պետականության թուլացումը, հնարավորության դեպքում` վերացումը: Միամտություն է կարծել, որ եթե ՀՀ-ն ինչ-որ հարցեր բարձրացնի, Թուրքիայի հետ հարաբերությունները կլավանան կամ ոչ: Այսօր միակ զսպող ուժը Թուրքիայի դեմ հայ-ռուսական ռազմական գործակցությունն է: ՆԱՏՕ-ն էլ է Թուրքիային որոշակի ճնշման տակ պահում, բայց Թուրքիան դուրս է գալիս վերահսկողությունից: Որքան Հայաստանը թուլանում է, այնքան մեծանում է «հարեւանների» ախորժակը: Հայաստանը կամ պետք է լինի մեծ ու հզոր, կամ չպետք է լինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` «Մեդիա Կենտրոն»-ի: