Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան կձգտի օգտագործել ՌԴ-ին` հակահայկական ծրագրերում». Շիրակ Թորոսյան

Հուլիս 06,2016 16:10

«Ռուս-թուրքական հարաբերությունները գլոբալ առումով չեն կարող լավը լինել եւ հասնել ռազմավարական հարաբերությունների մակարդակի»,-կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Մեր տարածաշրջանում ՌԴ-ն եւ Թուրքիան ունեն խիստ հակասական շահեր եւ երբեմն կարողանում են այդ հակասությունները երկրորդ պլանում թողնել` առաջին պլան մղելով տվյալ պահին ավելի կարեւոր խնդիրները: ՌԴ-ից ներողություն խնդրելու պատճառն առաջնահերթ Թուրքիայի տնտեսապես եւ նյութապես տուժելն է: Բացի այդ, Էրդողանը ձախողվեց մերձավորարեւելյան քաղաքականության մեջ, նա չէր պատկերացնում, որ ՌԴ-ն այդպես հուժկու կմասնակցի Ասադի դեմ սկսված թուրքական գործընթացին: Էրդողանն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով` եթե չես կարողանում կտրել ձեռքը, պետք է այն համբուրես եւ դնես ճակատիդ»,-այսօր «Մեդիա Կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՌԴ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ասաց նա:

Թորոսյանը փաստեց, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության բոլոր գործողություններում առկա է հակահայկական տարրը. «Այս համատեքստում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը մեզ համար կարող է վնասակար լինել: Թուրքիան կձգտի օգտագործել ռուսների հետ հարաբերությունների կարգավորումն իր հակահայկական ծրագրերում: Ակնհայտ է, որ Թուրքիան կուզենա մեզ հարվածել, հետեւաբար, մենք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում ցուցաբերելով զգուշություն եւ խոհեմություն` պետք է կարողանանք թույլ չտալ, որ այդ ջերմացումն ուղղվի մեր դեմ: Այլապես Թուրքիան կստանա որոշակի ձեռքբերումներ, եթե թուրքական հակահայկական քաղաքականության համար պայմաններ ստեղծի նաեւ Ռուսաստանը»:

ՀՀԿ-ական պատգամավորն օրինաչափ է համարում այն փաստը, որ ՌԴ-ի տարածաշրջանային քաղաքականության որոշ դրույթներ չեն բխում ՀՀ-ի շահերից. «Իսկ ո՞վ է ասում, որ ՌԴ-ի քաղաքականությունն ամբողջապես պետք է բխի մեր շահերից, կամ որ ՀՀ-ի քաղաքականությունն ամբողջապես պետք է բխի Ռուսաստանի շահերից: Արդյոք ՌԴ-ն խոշոր հաշվով գո՞հ է ՀՀ-ի վարած քաղաքականությունից. ոչ, եւ դա բնական է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա Կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031