Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը խուսափում է ռուս-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս ջերմացում եզրույթն օգտագործել, քանի որ ըստ նրա` Թուրքիան ու Ռուսաստանը չեն վերադառնա այն ելակետին, որից ընդհարումն ու ճգնաժամը սկսեց: Ըստ թուրքագետի` դրանք կլինեն այլ հարաբերություններ:
«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Հովհաննիսյանը նշեց այն առաջին հայացքից ոչ ակնհայտ գործոնները, որոնք դերակատարություն ունեցան ռուս-թուրքական հաշտեցման հարցում. «Այստեղ դերակատարություն ունեցան թուրք-իսրայելական հարաբերությունները, որոնք այժմ այս համատեքստում բացարձակորեն անտեսված են: Բավականին կարևոր է Իրանի գործոնը, ազդեցություն ունի նաև սիրիական ճգնաժամն ու դրա ընթացքը` ՌԴ-ի առաքելության հետ կապված»:
Թուրքագետը նկատեց, որ թուրք-իսրայելական մերձեցմանը հետևեց Էրդողանի առեղծվածային նամակը, որի ամբողջական տեքստն այդպես էլ որևէ տեղ չհայտնվեց:
Դառնալով Իսրայելի`գործոն լինելու հանգամանքին` Անուշ Հովհաննիսյանը մանրամասնեց. «Իսրայելական մեկնաբանները հայտարարում են, թե ներքին խոսակցություններ կան, որ ռուս-թուրքական հաշտեցումը եղել է իսրայելական քավորությամբ: Այնպես որ, Իսրայելի գործոնը պետք է հաշվի առնել, թեև ավելի շատ հիշատակվում է Ադրբեջանի և Ղազախստանի դերակատարությունը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Իրանի դերակատարությանը` թուրքագետը հայտնեց, թե սիրիական ճգնաժամի հարցով ավելի ու ավելի մեծանում է Իրանի գործոնը տարածաշրջանում: Ուստի այդ դերակատարությունը չեզոքացնելու համար Իսրայելը պետք է գտներ իրեն աջակիցներ տարածաշրջանում»:
Անուշ Հովհաննիսյանը չի բացառում նաև, որ Թուրքիան, Իսրայելը և Ռուսաստանը ընդհանուր հայտարարի են եկել գազի հարցում. «Մյուս գործոնն իսրայելական` բավականին մեծ քանակության բնական գազի հայտնաբերումն էր: Հայտնի է, որ Իրանն էլ ծրագրեր ուներ բնական գազը տեղափոխել մինչև Եվրոպա: Իսկ այս նոր ծրագիրն իրականացնելու համար Իսրայելին պետք էին նոր ենթակառուցվածքներ կառուցել, և նա կարող է Թուրքիայի տարածքը օգտագործել, որպես տարանցիկ գոտի: Իսկ այստեղ խնդիր կարող է առաջանար Ռուսաստանի հետ, բայց փոխհամաձայնության գալով ՌԴ-ի հետ, որը իր գազի մատակարարման հետ կապված բավականին դժվարություններ ունի այժմ, ու, քանի որ խնդիրներ կան Ուկրաինայի հետ կապված, ՌԴ-ն դեմ չեղավ դրան: Ուստի գազի խնդրում եղավ եռակողմ համաձայնություն` Թուրքիա, Ռուսաստան, Իսրայել»:
Թուրքագետի վստահեցմամբ` ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը, անշուշտ, կազդի Հայաստանի վրա. «Թեև Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող լինել բարեկամներ, բայց տակտիկական առումով, ինչպես փորձն ու պատմությունն է ցույց տվել, կան ժամանակահատվածներ, երբ նրանք կարող են ինչ-ինչ հարցերում փորձել քաղաքական սակարկության միջոցով լուծել իրենց խնդիրները, ինչն իր ազդեցությունն է ունենում Հայաստանի վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ