Որսագողերը շատ լավ գիտեն որտեղ, երբ, որքան, ինչ գործիքներով ու ինչ ձուկ որսան, որպեսզի լճին վնաս չհասցնեն, բայց որսում են այն ինչն արգելված է: Այսօր «Հայելի» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, նշելով, որ ճիշտ է վերջին տարիներին Սիգ ձկան պաշարները փոքր ինչ ավելացել են, սակայն վերականգնման մասին դեռեւս խոսք լինել չի կարող:
Նրա խոսքերով, պետք է պահպանել մայրական կազմն ու մանրաձուկը, որպեսզի բնական վերականգնումը կատարվի, սակայն. «Մեծ ձկներին եւ մանրաձուկն են որսում եւ նրանք չեն հասցնում սերունդ տալ»:
Պարոն Գաբրիելյանի կարծիքով՝ տարածքը մեծ է այդ պատճառով էլ չեն կարողանում որսագողերի նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանել: Մյուս կողմից, երբ մասնագետն ուժեղ վերահսկելու եւ ընդհանրապես արգելելու խնդիրը բարձրացնում է, պատճառաբանում են, թե Սեւանը նաեւ սոցիալական խնդիր է լուծում:
Նրա խոսքերով, Իշխան ձկան պոպուլյացիան տեղի է ունենում, բայց դեռեւս բնական վերարտադրություն չկա. «Պետք է շատ լուրջ պահպանել գետերը, որտեղ նրանք ձվադրում են, բայց մեզ մոտ գետերը շատ վատ վիճակում են»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե գետերի վրա կառուցված ՀԷԿ-երն են պատճառը, որ ձկների ձվադրման պայմանները խախտվում են, պարոն Գաբրիելյանն ասաց, որ թե’ ՀԷԿ-երը, թե’ արտադրական եւ այլ թափոնների առկայությունը խախտում են գետերի բնական էկոհամակարգը, ինչի հետեւանքով այդ ձվադրումը հնարավոր չի լինում:
Մանրամասները` տեսանյութում
Անցյալ տարի Սեւանա լճում հաշվարկվել է մոտ 430 տոննա արդյունագործական չափսի Սիգ: Այս ձկնատեսակը պետք է հասնի 1000 տոննայի, որպեսզի թույլատրվի 400 տոննան օգտագործել:
Էնդեմիկ ձկնատեսակ համարվող Կողակի եւ Բեղլուի վերականգնման հարցը, որոնք եւս Սեւանա լճում են բազմանում, նույնպես լուրջ է: Ըստ մասնագետի, ավելի լուրջ` քան Սիգինն ու Իշխանինը:
Անդրադառնալով խեցգետնի պաշարներին, պարոն Գաբրիելյանն ասաց, որ դրանք առկա են Արարատյան դաշտավայրի լճերում, Սեւանում, սակայն, մասնագետը խորհուրդ տվեց խուսափել Արարատյան դաշտավայրի խեցգետինն օգտագործելուց` պայմանավորված նրա ապրելու աղտոտված միջավայրով: Ըստ նրա, Սեւանում խեցգետնի պաշարները կայուն են, բայց այն գնալով մանրացել է, քանի որ հիմնականում որսում են մեծ խեցգետիններին:
Բարդուխ Գաբրիելյանի ներկայացմամբ, շուկայում հայտնվել են չինական արտադրության որսի գործիքներ, որոնք չեն տարբերակում մեծ ու փոքր եւ համատարած որս են կատարում, ինչը նաեւ սպառնում է խեցգետնի պաշարներին:
Մասնագետը խոսեց նաեւ օրերս Հրազդան գետում սատկած ձկների մասին, որոնց վերաբերյալ բնապահպաններն ահազանգ էին հնչեցրել: Պարոն Գաբրիելյանն ասաց, որ ճիշտ կլիներ հետազոտություններն անցկացվեին գիտական կենտրոնների լաբորատորիաներում, որպեսզի պարզվեր, թե ինչի հետեւանքով են ձկները սատկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ