Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ շուկայում հայկական լոլիկը մրցակցելու է ոչ թե էժան թուրքականի, այլ Մարոկկոյի թանկ լոլիկի հետ

Հուլիս 06,2016 15:18

«Թուրքիայի եւ ՀՀ-ի տնտեսություններն անհամեմատելի են: Թուրքիայի ՀՆԱ-ն կազմում է 720 միլիարդ դոլար, իսկ Հայաստանինը` 10,5»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ 2015-ին ՀՀ-ն ՌԴ է արտահանել ընդամենը 244 միլիոն դոլարի արտադրանք, իսկ 2016թ.-ին` արդեն 132 միլիոն դոլարի. «Արտահանման ծավալների 20 տոկոսով կախված ենք Ռուսաստանից, ավելի քան 30 տոկոս ներմուծման ծավալներով կրկին կախված ենք Ռուսաստանից: Սա փաստում է այն մասին, որ բոլոր դեպքերում մեր հիմնական գործընկերը մնում է Ռուսաստանը»:

Խաչատրյանի դիտարկմամբ` ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վատթարացման փուլում Հայաստանը չէր կարող շատ արագ զարգացնել ջերմոցային տնտեսությունը եւ բավարարել ՌԴ-ի պահանջարկը` այդ կերպ փոխարինելով Թուրքիային. «Թուրքիան միայն 600 միլիոն դոլարի միրգ է արտահանում ՌԴ, իսկ բանջարեղեն` 336 միլիոն դոլարի, այսինքն, մոտ մեկ միլիարդ դոլարի միրգ-բանջարեղեն: Իսկ Հայաստանն ընդհանուր 33-34 միլիոն դոլարի ապրանք է արտահանել: ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումից ավելի շատ օգտվեց Իրանը, որը գյուղատնտեսական ապրանքների արտահանման պայմանագրեր է կնքել Ռուսաստանի հետ»:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, տնտեսագետը հիշեցրեց, որ ռուսները նախընտրում են ծովափնյա հանգիստը, որը չի կարող ապահովել Հայաստանը. «Իհարկե, այս ընթացքում ռուսական փոքր հոսք եղել է, բայց չեմ կարծում, որ դա մեծ տնտեսական ազդեցություն ունեցող գործոն է եղել մեր երկրի տնտեսության համար»:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն էլ իր հերթին նշեց, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումից Հայաստանը շահել է, քանի որ տասնյակ անգամ աճել է դեպի ՌԴ բանջարեղենի արտահանումը. «Սակայն պաշտոնական վիճակագրությանը շատ վստահելու առիթներ չունենք: Չգիտենք, թե որքան է եղել վերաարտահանումը, այսինքն, որքան լոլիկ է Հայաստան բերվել Թուրքիայից, ապա արտահանվել ՌԴ: Դա վատ չէ, եթե կարողացել են անել, լավ են արել: Նույն բանն արել են նաեւ Ադրբեջանում եւ Բելառուսում»:

Գեւորգյանն ասաց, որ Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներից հետո Ռուսաստանում լոլիկի շուկայի հիմնական մասը գրավել են Չինաստանը եւ Մարոկկոն. «Մեր արտադրած լոլիկն արդեն մրցակցում է ոչ թե էժան թուրքականի, այլ 47 տոկոսով ավելի թանկ` Մարոկկոյում արտադրված լոլիկի հետ: Այսինքն, պատժամիջոցներից հետո մենք կրկին պետք է մրցակցենք էժան լոլիկի հետ, ինչը լավատեսական կանխատեսումների առիթ չի տալիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա Կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031