Լրահոս
Օրվա լրահոսը

«Լծակն ավելանալն ինչ է, ի՞նչն են լծելու». Լյովա Խաչատրյանը՝ համայնքների խոշորացման մասին

Հուլիս 06,2016 13:34

ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանն ասաց, որ շրջել են համայնքներով, ոչ մի համայնք, ոչ մի համայնքապետ կողմ չի համայնքների խոշորացմանը. «Սա ռեֆորմ է, ռեֆորմ անելու համար պետք է ունենալ հանրային վստահություն: Բայց խոշորացումից աշխատատեղ է կրճատվելու, մարդկանց լրացուցիչ ծախսերի տակ ենք դնում: Ես ոչ թե դեմ եմ համայնքների խոշորացմանը, ես ասում եմ՝ այսօր դրա ժամանակը չի: 9 համայնքի բնակիչների հետ ենք հանդիպել, բացարձակապես ոչ մի կողմ չի եղել»:

Նա ասաց, որ համայնքները միացնելով՝ նրանց բյուջեն չեն ավելացնում, իսկ խնդիրները լուծելու համար նախ գումար է անհրաժեշտ. «Գումարը տնօրինելու է մի նշանակված համայնքապետ, որի համար էն հեռավոր գյուղերը, որտեղ 100-200 ընտրող կա ընդամենը, բացարձակ չեն հետաքրքրելու իրեն, չի անդրադառնալու: Գումարն էլ չի ավելանալու, նույն գումարը հավաքվելու է մի ամանի մեջ, պրոբլեմներն էլ հայտնվելու են էդ նույն ամանի մեջ: Դա փաստարկ չի, պետք է ավելի շատ շփվել ժողովրդի հետ, համայնքների հետ, որ հասկանան պրոբլեմը որտեղ է»:

Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմինների լծակներն են ավելանալու՝ Լյովա Խաչատրյանն արձագանքեց. «Լծակն ավելանալն ինչ է, ի՞նչն են լծելու: Լծակներն ավելանալու համար պիտի ունենաս այն, ինչ լծես, ի՞նչն է ավելանալու: Այսօր էլ համայնքապետերն անկախ են մարզպետից: Այսօր կոնկրետ համայնքի համայնքապետը իր համայնքի բնակիչն է, իր համայնքի հետ ազգ ու բարեկամ, քավոր ու սանիկ են,  իր պապերը էդ համայնքում ապրել են, ինքը ցավում է համայնքի համար, ինքը գոնե պրոբլեմներով զբաղվում է՝ անկախ նրանից, թե մարզպետարանն ինչ կասի: Բայց երբ համայնքապետ է նշանակվելու մեկը, ով մյուս գյուղերի հետ բացարձակ կապ չունի, պարտավորություն չունի մեծ հաշվով, էդ ի՞նչ խնդիրներ է լուծելու: Խնդիրները լուծելու համար պետք է գումարներն ավելանան, այստեղ ավելանալու է ծախսը, հոգսը: Ձյունը լցվում է գյուղի ճանապարհը փակում, համայնքապետը հելնում, մտածում ա, մի հատ տրակտոր ունի…բան, էդ տրակտորը որ տարան կենտրոն, ո՞նց են հետ բերելու տրակտորը»:

Մեր դիտարկմանը, որ Վաչե Տերտերյանն ԱԺ-ում ասում էր, որ համայնքապետերը դժգոհություն չունեն, կողմ են դրան՝ Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Հավանաբար նա եղել է այն համայնքներում, որտեղ ոչ ասելն արգելված է եղել: Մենք եղել ենք՝ Կարպի, Օհանավան, Ափնա, Հանքավան, Ալագյազ, Մելիքգյուղ, 9 համայնքներում եղել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031