Հուլիսի 6-ին «Ռոյալ թուլիփ» հյուրանոցում կայացավ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամլո ասուլիսը: Ներկայացվեցին «Ոսկե ծիրան»-ի եւ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համատեղ ծրագրերը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ բոլոր կազմակերպությունները եւ դեսպանությունները համագործակցում են փառատոնի առաջին իսկ օրվանից, համագործակցությունն ընդլայնվում է, նոր պտուղներ է տալիս: Տիկին Հարությունյանը փաստեց, որ այս տարի կվայելենք լավագույն նոր ֆիլմերը՝ Գերմանիայից ու Ֆրանսիայից, ռուսական ֆիլմերի պրեմիերաներ կլինեն, բրիտանական բացառիկ Շեքսպիրյան ծրագիրը կլինի:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի հուլիսի 10-ին՝ «Զարեհ» ֆիլմով՝ «Մոսկվա» կինոթատրոնում: «Հայ կինեմատոգրաֆիստների թեմայով քրդական թեման կբարձրանա էկրան, եւ աշխարհն էլ թող իմանա, որ հայկական կինոն դեռեւս 90 տարի առաջ է անդրադարձել քրդերի, եզդիների թեմային»,-ասաց փառատոնի գեղարվեստական տնօրենը:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ ուրախ է անձամբ ներկա գտնվել Հայաստանում՝ «Ոսկե ծիրանին» վերաբերող ասուլիսին: Ասաց, որ ուղիղ մեկ տարի է՝ Հայաստանում է, եւ փառատոնի բացումը համընկել էր իր նշանակվելու օրվա հետ: «Ես համոզվեցի, թե որքան հեղինակավոր է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որքան պրոֆեսիոնալ են աշխատում այստեղ, հաշվի առնելով փառատոնի հռչակը, մեր դեսպանատունը շահագրգիռ է աջակցել «Ոսկե ծիրանին»:
Կարդացեք նաև
Պարոն Քիսլերը հավելեց, որ 2004-ից է վեր Գերմանիան ներկայանում է փառատոնին՝ Գյոթե ինստիտուտի հետ համատեղ: «Մենք մշտապես հրաշալի ֆիլմեր ենք ներկայացրել փառատոնին եւ ներկայացուցչական հյուրեր՝ նույնպես: Թվերի լեզվով փաստելով՝ ասեմ, որ 13 տարիների ընթացքում 200 գերմանական ու համատեղ արտադրության ֆիլմեր են ցուցադրվել: Այս տարի փառատոնին կլինի երեք ֆիլմ «24 շաբաթը», որը Բեռլինի կինոփառատոնում է ցուցադրվել եւ ԳԵրմանիայում էկրան կբարձրանա միայն այս տարվա աշնանը: Երկրորդ ֆիլմը՝ «Թոնի Էրդմանն» է, որը Կաննի կինոփառատոնի շրջանակում է էկրան բարձրացել, կներկայացնենք նաեւ Ֆրեդ Քելեմենի ֆիլմերը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆայը նշեց, որ ֆրանսիացիների համար ուղղակի հաճույք է մասնակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որը ի մի է բերում կինոյի սիրահարներին՝ հայկական ծիրանի անգնահատելի բույրով համեմված:
Պարոն Ֆայը նշեց, որ Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կկայանա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆիլմերը: «Այս տարի ֆրանսիական ֆիլմերի հարուստ եւ որակյալ ներկայություն կլինի փառատոնին, ընդհանուր առմամբ՝ 12 ֆիլմ կցուցադրվի, որոնցից 6-ը՝ վավերագրական ֆիլմեր: Մրցութային է Միա Հանսեն-Լյովեի «Գալիք» ֆիլմը՝ Իզաբել Յուպերի դերակատարմամբ»,-ասաց ժամանակավոր հավատարմատարը:
Հավելեց, որ փառատոնը կհյուրընկալի հանրահայտ Ժակլին Բիսեթին: Նաեւ ակնկալեց, որ դահլիճը լեցուն կլինի հանդիսատեսով:
Հայաստանում Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Նարեկ Թովմասյանը տեղեկացրեց, որ փառատոնը Բրիտանական խորհրդի եւ դեսպանատան հետ միասին կներկայացնի «Շեքսպիրին ապրում է կինոյում» ծրագիրը՝ նվիրված Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: «Դա կլինի հրաշալի ծրագիր՝ Շեքսպիր աշխատանքների էկրանավորման ծրագիրը, յուրաքանչյուր օր մեկ ֆիլմ կներկայացվի՝ վարպետների կողմից նկարահանված»,-հայտնեց Նարեկ Թովմասյանը: Նա հավելեց, որ սա իրենց լավագույն համագործակցություններից է, որի ընթացքում ներկայացվում են համաշխարհային կինոնվաճումները:
Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը տեղեկացրեց, որ 2016 թ. Ռուսաստանում հայտարարված է կինոյի տարի, եւ իրենց համար կարեւոր է, որ ռուսական կինոն լավ ներկայանա ոչ միայն իրենց երկրի ներսում, այլ դրսի հեղինակավոր հարթակներում: 5 ֆիլմ կներկայացվի «Ոսկե ծիրանին», որոնցից 4-ը մրցութային է: Նա հավելեց, որ «Ոսկե ծիրանի» աշխատանքներին կանդրադառնա ոչ միան ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը, այլեւ ճանաչված ռուս լրագրողներ:
Սուսաննա Հարությանը հավելեց, որ Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ՝ կանցկացվի նաեւ «Լեհական կինոյի օր», կցուցադրվի կուլտային ռեժիսոր Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը:
Նա անդրադարձավ նաեւ իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աբբաս Քիառոստամին, որն օրերս հեռացել է կյանքից: Ասաց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում անպայման վարպետի որեւէ ֆիլմ կցուցադրվի:
Հիշեցնենք, որ Քիառոստամին «Ոսկե ծիրանի» հավատարիմ բարեկամներից էր, փառատոնի շրջանակներում կայացել են նրա ֆիլմերի ցուցադրությունները, վարպետության դասերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ