Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյանը՝ ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքի՝ տրակտորների, կարտոֆիլի դերի մասին

Հուլիս 06,2016 13:12

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն այսօր «Հայացք» ակումբում խոսելով համայնքների խոշորացումից, առաջարկեց, որ առայժմ այդ պիլոտային ծրագիրն ամբողջությամբ չիրականացնեն, սպասեն., տեսնեն ինչ խնդիրներ է առաջանում. «Ես կողմ եմ քվեարկել օրենքին, որ բերել են, առայժմ դեռ չի երեւում, որ վատ հետեւանքներ են լինելու, բայց չի բացառվում, որ խնդիրներ կառաջանան»:

Նա ասաց, որ բարեփոխման նպատակն այն է, որ մարզպետարանների լիազորությունները նվազեն եւ մեծանան տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները. «Մեր համայնքապետերն այսօր խեղճ են, նայում են մարզպետարանին, թե ինչ կարվի իրենց համայնքում, դրա համար խոշորացումը կարող է ճիշտ լուծում լինել»:

Ստեփան Մարգարյանը դժգոհեց նաեւ Հարկային օրենսգրքից՝ հույս հայտնելով, որ կառավարությունը կհրաժարվի դրանից, իսկ եթե չհրաժարվեց, առաջիկայում ընտրություններ են, թող ժողովուրդը որոշի՝ ինչ է անելու:

Aravot.am-ի հարցին՝ իսկ ժողովրդի որոշածո՞վ է ընտրությունները լինում,Դուք որ ԲՀԿ ցուցակով խորհրդարանում այդքան մանդատ ստացաք, ժողովրդի որոշա՞ծն էր՝ նա պատասխանեց. «ԲՀԿ-ի ժամանակ մենք շատ լավ նախընտրական քարոզարշավ անցկացրինք: Ես անցել եմ, եթե չչափազանցնեմ, Արարատյան դաշտավայրի գյուղերի ճնշող մեծամասնությունը, Արագածոտնով, ամեն օր մի քանի հանդիպում եմ ունեցել, գյուղեգյուղ ենք անցել, զրուցել ենք մարդկանց հետ, ասել, թե ով եմ ես, ինչ թիմ է հավաքվել ԲՀԿ-ում, ինչ ենք ուզում մենք: Կարծում եմ, դա բավականին լուրջ ազդեցություն ունեցավ: Ես վստահ եմ, որ որեւէ Ընտրական օրենսգիրք չի որոշում ընտրությունների արդյունքը,անհրաժեշտ է ակտիվ վիճակ ժողովրդի մոտ: Եթե հաջողվի ակտիվությունն ապահովել՝ ընտրությունները կանցնեն նորմալ: Այդ հիմքերը կան, այս ընտրությունները տարբերվելու են բոլոր մյուս ընտրություններից»:

Մենք ճշտեցինք՝ ասում եք՝ Արագածոտնով անցա, Արարատյան դաշտավայրով անցա, լավ քարոզարշավ արեցինք՝ մանդատներ ստացանք, բա տրակտորները, ցորենը, գարին, կարտոֆիլը, դրանք ընդհանրապես դեր չխաղացի՞ն՝ նա պատասխանեց. «Գիտեք, երբ երկրում կան այնպիսի խաղի կանոններ, որ համարվում է, որ տրակտորը, գարին ու ցորենն էլ են գործոն, հետագայում դու կռվից հետո բռունցքներ ես թափահարում, կամ փորձում ես անել ինչ-որ բան, որ գոնե նվազագույն չափով հաղթահարես դիմացինի արածները: Իսկ ես ասում եմ՝ բա վարչական ռեսուրսները, բա էդ վախի մթնոլորտը, բա հանցագործ աշխարհի ներգրավումը ընտրական պրոցեսում, բա փողերը, բա չգիտեմ ինչը…երբ որ ամբողջ երկիրը եռում է դրանով…»:

Դիտարկմանը, որ Դուք էլ եք չէ՞ դա արել՝ նա պատասխանեց. «Գուցե ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ արել են, ես այդպիսի բան չեմ արել, սկսենք դրանից: Հաջորդը՝ այդ խաղի կանոնը փոխողը ես կլինեի այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքն այլ լիներ: Հիմա ես կարծում եմ, որ շատ լուրջ աշխատելու դեպքում հնարավոր է դրանք բացառել: Ես ԲՀԿ կուսակցության անդամ չեմ եղել երբեք, ես ցուցակով եմ մտել, միացել եմ՝ որպես քաղաքական համագործակցության շրջանակներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031