Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձը ծեծել է քաղաքացուն և անցել լիազորությունները. նախաքննությունն ավարտվել է

Հուլիս 06,2016 11:54

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Մկրտչյանը ծեծի է ենթարկել քաղաքացի Արմեն Խ.-ին, ինչպես նաև դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2015 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վ. Մկրտչյանը Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում հանդիպել է նույն թաղամասի բնակիչ, իր մտերիմ Արմեն Խ.-ին, որի հետ զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է առաջացել: Անձնական բնույթ կրող այդ վիճաբանության ընթացքում Վ. Մկրտչյանն իր կողմից վարվող ծառայողական ավտոմեքենայի մեջ ծեծի է ենթարկել Արմեն Խ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև Վ. Մկրտչյանն, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, առանց օրինական հիմքի, Արմեն Խ.-ին իր հետ տարել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ առանց որևէ իրավական ձևակերպման, նրան պահել է իր, ապա մեկ այլ աշխատասենյակում` սահմանափակելով ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը: Կատարած հանցավոր արարքի` Արմեն Խ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը թաքցնելու նպատակով, Վ. Մկրտչյանն իր ենթակա ծառայողներին ներկայացրել է, թե, իբր, Արմեն Խ.-ն վիճաբանել է չպարզված անձանց հետ, ծեծի է ենթարկվել և ստացել մարմնական վնասվածքներ: Վ. Մկրտչյանը բանավոր հրահանգել է ենթակա ծառայողներին, որպեսզի պարզեն մտացածին վիճաբանության և ծեծի դեպքի հանգամանքներն ու Արմեն Խ.-ին ծեծի ենթարկողներին:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031