Հայաստանում, այո, արտագաղթի թեման միշտ էլ ամենադյուրագրգիռներից է եղել, բայց ամեն մարդ ինքն է որոշում՝ որտեղ ապրել ու որտեղ մեծացնելու իր զավակներին։ Այսօր արդեն ներգաղթյալների մասին ակնհայտ դրական տոնայնությամբ խոսողները անհասկանալիորեն հայհոյում են հեռացողներին, եւ սա ոչ թե հայրենասիրության դրսեւորում է, այլ հիվանդության նախանշան։ Սթափությունը, մինչդեռ, ենթադրում էր վերլուծել Հայաստան վերադարձողների եւ Հայաստանից հեռացողների թվերի դինամիկան, հասկանալ՝ ինչո՞ւ է երկրորդը հարյուր հազարներով գերազանցում առաջին ցուցանիշը։ Հասկանալուց հետո, կարծում ենք, մարդկանց անելիքի օրակարգը կփոխվեր՝ այն չէր ավարտվի քաջալերանքի կամ հակառակը՝ հայհոյանքի մոտիվներով ստատուսներ գրելով։
Ի դեպ՝ Սիրիայի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հսկայական ներգաղթ սկսվեց։ Ուսումնասիրված են թվերը՝ քանի սիրիահայ վերադարձավ Հայաստան, եւ նրանցից քանիսը կարճ ժամանակ անց «մազապուրծ» փախան այս երկրից։ Իշխանությունը այս թվերի մասին լռում է՝ հասկանալի պատճառներով, բայց բարդ բան չկա, հասարակությունն ինքն էլ կարող է վերցնել այդ թվերը, մի քիչ ուղեղ աշխատեցնել ու հետեւություններ անել։
Եվ եթե իսկապես հայրենասեր ես ու քեզ համար ամենակարեւորը պետությունն է, ապա կփորձեիր հաշիվ պահանջել երկրի տերերից, թե ինչո՞ւ են մարդիկ ոչ միայն հեռանում Հայաստանից, այլեւ իրենց տունը լքում նեղացած ու վիրավորված։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում