Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դու քո՛ խաղը խաղա

Հուլիս 06,2016 10:00

Մենք՝ հայերս, հետաքրքիր սովորություն ունենք` չափից դուրս մեծ ուշադրություն դարձնել այն խոսքերի վրա, որոնք արտասանում են տարբեր երկրների պաշտոնյաները մեր երկրի կամ մեր խնդիրների մասին: Ալիեւը, Նովրուզ Մամեդովը, Պուտինը, Լավրովը, Զախարովան ունեն իրենց տեսակետները այս կամ այն խնդրի, երկրի շուրջ, արտահայտում են իրենց երկրների շահերը` այնպես, ինչպես իրենք են հասկանում: Բայց ո՞րն է իմաստը, ինչպես ասում են, «ազգովի» քննարկելու նրանց ասածները, բացահայտելու երանգներ, փնտրելու ենթատեքստեր: Դա, իհարկե, քաղաքագետների, վերլուծաբանների գործն է` բացատրել մեզ, թե ով ինչ էր ուզում ասել, ինչ էր ակնարկում, ինչ «տողատակեր» ուներ: Բայց բարդույթավորվել ամեն մի ասածի պատճառով, ընկալել դա որպես վերջին ատյանի ճշմարտություն կամ որպես «ճակատագրական» մի խոսք, որն անպայման վճռական նշանակություն կունենա դեպքերի առաջիկա զարգացումների վրա` դա մեր անհանգիստ, ինչ-որ տեղ՝ «խուճապային» բնավորության դրսեւորումն է:

Կարծո՞ւմ է արդյոք Մարիա Զախարովան, որ Գարեգին Նժդեհը նացիստ էր, թե՞, ենթադրենք, սոցիալ-դեմոկրատ, դա այնքան էլ կարեւոր չէ` ի վերջո նա ամենանշանավոր պատմաբանը չէ: Ուզո՞ւմ է Ալիեւը, որ մենք նրան հանձնենք Արցախը, ինչպես նաեւ Սյունիքը, Սեւանը եւ Երեւանը` թող ապրի իր երազանքներով՝ ուզելն, ինչպես ասում են, վնասակար չէ: Կռվո՞ւմ են ռուսներն ու թուրքերը, թե՞ բարիշոււմ` դրա մասին նույնպես պետք չէ երկար-բարակ «դարդ անել» կամ հակառակը՝ ուրախանալ: Իհարկե, պետք է իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում եւ շուրջբոլորդ, բայց դա պետք է ընդամենը «հաշվի առնել», ոչ թե վարքը կառուցել բացառապես ուրիշների վարքից ելնելով:

Դա մի քիչ նման է մեր ներքաղաքական պայքարին, երբ կուսակցական գործիչները խոսում են միայն այն մասին, թե ինչ են արել կամ ինչ են անում իրենց մրցակիցները, բայց երբեք չեն անդրադառնում իրե՛նց անելիքներին: Առավելագույնը ասում են, որ կերտելու են արդար Հայաստան, բայց չեն ասում, թե՝ ինչպես: Ինչպես մարդը կարողանում է ազդել իրավիճակի վրա միայն այն դեպքում, երբ աշխատում է իր վրա, ոչ թե թվարկում է ուրիշների «այիբները», ինչպես քաղաքական ուժը կարող է հաջողություն ունենալ, եթե բացի մրցակիցներին քննադատելուց՝ փորձի համոզիչ դարձնել իր սեփական ծրագրերը, այնպես էլ պետությունը ուժեղ է այն դեպքում, երբ զբաղված է իր ինստիտուտների ուժեղացմամբ՝ առանձնապես ուշադրություն չդարձնելով, թե ով ինչ է ասում: Օտարներն ու իրենց շահերը նման պարագայում դառնում են գործիք՝ քո նպատակներին հասնելու համար:
Թող նրանք մեկնաբանեն մեր ասածները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարեն Ճշմարիտյան says:

    Ստորագրում եմ բոլոր բառերի,նախադասությունների և ամբողջ տեքստի տակ

  2. gib.gibindus says:

    Ձեր բոլոր բառերի տակ ստորագրել են արդեն բոլոր նախարարությունները: Ով ինչ ուզում է թող ասի`մենք “թքած ունենք”-ահա հիմնական սկզբունքը: Եվ եթե նման տիրաժ ունեցող թերթի համար դա ներելի է, ապա հանցագործություն է, օրինակ, արտգործ և պաշպանության նախարարությունների համար (և ոչ միայն նրանց): Իսկ կալինկա պարող Մաշուտկայի (Զախարովա) և թուրքալեզու հույների թոռան (Շարմազանով) բարձրամակարդակ վեճը Գարեգին Նժդեհի և ընդանրապես հայոց պատմության հարցերի շուրջ-դա իհարկե շեդեվր է` երկու երկրներում (ՀՀ և ՌԴ) քաղաքական մտքի և էլիտայի մակարդակի վառ ցուցանիշ:

    • bzjackal says:

      Հեգնանք է, բայց… Նաև թերագնահատում եք:
      Կարծում եք’ պատահակա՞ն է, որ արձանը նման է Պյոտրի արձանին:
      Պետք եղած ժամանակ Շարմազանովը տո հենց Մաշա կդառնա, Նժդեհը’ Պյոտր (կամ էլ հետո’ նաև Պետրոս)….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031