Փնտրտուքը ձգվում է ավելի քան հինգ տարի
Վերջերս Բալթյան երկրներում հայտնի գովազդային գործակալության «ZOOM» ընկերության տնօրեն Վիտա Գայսման կրկին Հայաստանում էր: «Առավոտի» հետ զրույցում տիկին Գայսման նշեց, որ 5-րդ անգամ է Հայաստանում, իսկ Ղարաբաղում՝ 2-րդ: Հավելեց, թե 2014թ. ղարաբաղյան այցի ժամանակ հանդիպել է ԼՂՀ-ի վարչապետի հետ, քննարկել են Ղարաբաղի ղեկավարության ու Արցախ աշխարհի հետ առնչվող բազմաթիվ հարցեր: «Հանդիպել եմ նաեւ Ղարաբաղի հասարակության տարբեր շերտերի հետ, որպեսզի հնարավորինս ճիշտ ընկալեմ Արցախ աշխարհը, նախ՝ ղարաբաղցու աչքերով, քանի որ Ղարաբաղի բրենդը (պատվանուն) պետք է միաժամանակ ընդունելի լինի եւ ղարաբաղցիների, եւ հյուրերի, եւ մեծ հաշվով՝ աշխարհի կողմից»,- ասաց տիկին Գայսման:
Զրույցին ներկա «Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը մանրամասնեց. «Հինգ տարի առաջ Հայաստանի գովազդային խորհուրդը նախաձեռնել էր արցախյան բրենդի կառուցումը: Հայաստանյան «Popok» միջազգային բիենալեի շրջանակներում կազմակերպել էինք հայտնի ընկերությունների ղեկավարների այցելությունը Արցախ, որպեսզի բրենդ ստեղծող ճարտարապետներին հասկանալի լինի, թե ինչ վայրում ու շինանյութով է կառուցվելու այն, եւ ով է գլխավոր սպառողը: Իսկ վերջինս, միանշանակ, Ղարաբաղի ժողովուրդն է»:
Հարցին, թե շուրջ 5 տարի է անցել եւ որոշվե՞ց Արցախի բրենդը, Վիտա Գայսման պատասխանեց. «Բրենդի կառուցումը իրականացնում են իսկապես հզոր ընկերություններ՝ շուրջ 5 երկրից, որոնց նմանատիպ նախագծերի արժեքը, ընդ որում, սկսվում է վեցանիշ թվերից: Հասկանալի պատճառով, մենք ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա, չենք կարող վճարել նման թվեր: Ընտրեցինք այլ ճանապարհ. շուրջ 5 տարիների ընթացքում Ղարաբաղ մեր այցելությունները եւ սիրահարությունն Արցախին վերածվեց իրական սիրո»: Հետաքրքրությանը՝ Ղարաբաղը պետություն է, ի՞նչ է նշանակում, որ մի պետություն ստեղծի մյուսի բրենդը, մեր զրուցակիցն ասաց. «Երբ ստեղծում ես, օրինակ, գինու բրենդ, եւ չունես ուժեղ գոնե մեկ հատկանիշ, որով քո գինին կտարբերվի մյուսներից, կարող ես որպես ընդգծված տարր ընտրել, ասենք՝ գինու գույնը՝ մուգ վարդագույն կամ հաճախ եք նկատել, որ որոշ շամպայնների մեջ ավելացնում են նաեւ ոսկե թիթեղյա կտորներ: Ինչ վերաբերում է այլ պետության կամ տարածքի բրենդի ստեղծմանը, չի կարելի վերցնել անուղղակի հատկանիշ: Հակառակ դեպքում՝ բրենդը կփլվի: Հետեւաբար անհրաժեշտ է ուսումնասիրել ստեղծվող բրենդի պատմությունը, տեղի ժողովրդի ապրելակերպը, մշակույթը, աշխարհն ինչպես է նրան ընկալում եւ այլն»:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով զուտ արցախյան բրենդի ստեղծմանը, հավաստիացրեց, որ վարկածների մեջ մշտապես գերիշխել են Արցախին բնորոշ հիմնական գծեր՝ ղարաբաղյան խոհանոցից մինչեւ հյուրընկալություն, պատերազմող պետությունից մինչեւ հող, որը ծնել է հայտնի զորավարներ եւ այլն: «Մյուս կողմից՝ Արցախը, որպես Հայաստանի մաս, գոնե պատմական տիրույթում ինչ-որ ձեւով պետք է կապ ունենա Հայաստանի հետ: Իսկ գոնե ինձ համար Հայաստանը չի ասոցացվում միայն խորովածով, այն կիսահաղորդիչների ֆիզիկայի հզոր դպրոց է, Բյուրականն է, Տիեզերքի ինստիտուտն է, քիմիական հզոր արդյունաբերությունն է, ատոմակայանն է՝ անկախ այն բանից, թե դրանց մի մասն այսօր գործո՞ւմ է, թե՞ ոչ»,- հայտնեց պարոն Մարտիրոսյանը:
Հարցին՝ թե վերջապես հինգ տարվա ուսումնասիրություններից ու աշխատանքներիցի հետո, հիմա որոշվե՞ց Արցախի բրենդը, Վիտա Գայսմայի եւ Արմեն Մարտիրոսյանի պատասխանը մեկն է՝ բրենդի վերջնական տարբերակը պահանջում է եւս տարողունակ ժամանակահատված, այն է՝ 2-3 տարի, բայց այսօր իրենք եկել են առայժմ բրենդի ընդհանուր բնութագրին, այն է՝ Արցախը երկիր է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իմաստ…
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Արմեն Մարտիրոսյանը (ձախից) եւ Վիտա Գայսման:
«Առավոտ»
05.07.2016