Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Թրամփի հետ Թուրքիայի դժվարությունների առաջին ազդանշանները

Հուլիս 05,2016 23:35

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները հուլիսի վերջին անցկացնելու են իրենց համագումարները՝ համապատասխանաբար Դոնալդ Թրամփին և Հիլարի Քլինթոնին որպես իրենց նախագահական թեկնածու ընտրելու համար:

Կուսակցության հավատարիմ անդամների համար ընտրությունը շատ պարզ է. քվեարկել իր կուսակցության թեկնածուի օգտին: Այդուհանդերձ, միլիոնավոր այլ ընտրողներ կանգնած են որոշում կայացնելու ավելի բարդ խնդրի առջև: Ոմանք, դժգոհ երկու գլխավոր կուսակցություններից, պատրաստվում են քվեարկել անկախ երրորդ թեկնածուի օգտին, իսկ ուրիշները մտադրվել են ընտրություններին ընդհանրապես չմասնակցել:

Ամերիկահայ ընտրողները ևս անորոշության մեջ են հայտնվել ընտրության հարցում: Հիլարի Քլինթոնի պարագայում շատերը խիստ հիասթափված են նրա կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ տված խոստումը դրժելու պատճառով, երբ նա պետքարտուղար եղած ժամանակ այն անվանեց «պատմական բանավեճի հարց»՝ չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր բազմաթիվ խոստումներին, նախ որպես ԱՄՆ սենատոր և հետո նախագահի թեկնածու ութ տարի առաջ:

Թրամփը հանելուկ է բազմաթիվ ամերիկահայերի համար: Նրանք, ովքեր պատրաստ են անտեսել նրա վիճահարույց դիրքորոշումները և պարզապես իրենց  քվեն տալ զուտ հայկական հարցերի հիման վրա, վստահ չեն, թե արդյոք նա, իր իսկ խոսքերով ասած՝ «բարեկամ թե հակառակորդ» է, քանի որ գործարար Թրամփը հանրային դիրքորոշում չունի բազմաթիվ քաղաքական հարցերի, այդ թվում՝ հայկականի վերաբերյալ:

Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ դեմառդեմ հանդիպել հանրապետական թեկնածուին և առաջին ձեռքից պարզել, թե ինչպիսին են նրա մոտեցումները հայությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Սակայն, նման հնարավորության բացակայության պայմաններում, ընտրողները պետք է ապավինեն Թուրքիայի վերաբերյալ նրա կողմից վերջերս արված մի քանի կարճ արտահայտություններին:

Թրամփն անցյալ տարվա դեկտեմբերին քննադատեց Թուրքիային՝ իսլամիստ ահաբեկիչներին աջակցելու համար: Նա ասաց Breitbart News Daily-ին. «Թուրքիան կարծես թե ԻԼԻՊ-ի կողմից է, քիչ թե շատ նավթի հետ կապված»: Նա հավելեց, որ շահերի բախում է ունեցել Թուրքիայի մասին խոսելիս՝ Ստամբուլում «Թրամփ թաուեր» երկնաքերների համալիրի պատճառով: Չնայած շենքը նրան չի պատկանում, սակայն նա իր անունը շնորհել է հյուրանոցի սեփականատերերին և շահութաբեր բրենդային վճարներ է ստանում: Նա նման պայմանավորվածություն ունի նաև Trump International Hotel & Tower-ի հետ Բաքվում: Իր գործարար հարաբերությունները չվնասելու համար Թրամփն արագորեն հաստատեց իր հարցազրույցում. «Ես Թուրքիան շատ լավ եմ ճանաչում. թուրքերը զարմանալի և հրաշալի մարդիկ են, նրանք ուժեղ ղեկավար ունեն»:

Չնայած Էրդողանի մասին Թրամփի ջերմ խոսքերին՝ Թուրքիայի նախագահը երկու շաբաթ առաջ հարձակվեց նրա վրա, նրան մեղադրելով իսլամատյաց լինելու մեջ և կոչ անելով անհապաղ հանել Թրամփի անունը Ստամբուլի «Թաուեր»-ից… Էրդողանը հայտարարեց գործարարների մի մեծ խմբի, որ Թրամփը «անհանդուրժողական է Միացյալ Նահանգներում ապրող մահմեդականների հանդեպ, և այսքանից հետո նրա անունը որպես բրենդ օգտագործվում է Ստամբուլում: Նրանք, ովքեր այդ բրենդը դրել են իրենց շենքի վրա, պետք է անհապաղ հանեն այն»: Էրդողանը նաև ասաց՝ զղջում է, որ մասնակցել է «Թրամփ թաուեր» համալիրի բացման արարողությանը 2012 թվականին, երբ վարչապետ էր. «Ես նաև սխալվել եմ և բացել [«Թրամփ թաուեր» համալիրը]»: Հյուրանոցի թուրք սեփականատերը հայտարարեց, որ նա վերանայում է իր գործարար կապերը Թրամփի հետ:

Ստամբուլում «Թրամփ մոլ» առևտրային կենտրոնի մենեջեր Բյուլենթ Քուրալը ևս քննադատեց Թրամփին. «Մենք ցավում ենք և քննադատում Թրամփի խտրական արտահայտությունները: Նման հայտարարությունները անարժեք են և մի մտքի արգասիք, որը չի հասկանում իսլամը, խաղաղության կրոնը: Մեր արձագանքը ուղղակիորեն հայտնել ենք Թրամփի ընտանիքին: Մենք վերանայում ենք մեր իրավական հարաբերությունները Թրամփ բրենդի հետ»:

Հանրապետական թեկնածուն հանպատրաստից մեկ այլ մեկնաբանություն արեց Թուրքիայի մասին հուլիսի 1-ին Դենվերում ունեցած ելույթի ժամանակ: Երբ նա թվարկում էր մի շարք երկրների անուններ, որոնք ռազմական պաշտպանությունն իրականացնում են ԱՄՆ-ի հաշվին, դահլիճից մեկը բղավեց. «Թուրքիա»… Թրամփն ընդհատեց իր խոսքը և հարցրեց այդ մարդուն՝ արդյոք նա «բարեկամ թե հակառակորդ» է: Հանրապետական թեկնածուն հավելեց. «Եվ Թուրքիան, որն, ի դեպ, պետք է պայքարի ԻԼԻՊ-ի դեմ: Ես հուսով եմ, որ Թուրքիան պայքարի դուրս կգա ԻԼԻՊ-ի դեմ, քանի որ ԻԼԻՊ-ը, որոշակի իմաստով, շատ լուրջ առավելություններ ունի Թուրքիայում: Նրանք իրենք պետք է արմատախիլ անեն ԻԼԻՊ-ը: Ես կցանկանայի տեսնել այդ»:

Մնում է տեսնել, թե արդյոք Էրդողանը կսրի իր աճող թշնամանքը Դոնալդ Թրամփի հետ՝ պնդելով հանել վերջինիս անունը Ստամբուլի «Թաուեր»-ներից: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ այժմ անտեսում է Թրամփի բացասական մեկնաբանությունները իսլամի մասին՝ նախընտրելով պաշտպանել իր սեփական բիզնեսի շահերը Բաքվի «Թրամփ թաուեր»-ում…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031