Երբ ռուս-թուրքական հարաբերությունները վատացան, Հայաստանում ուրախացան, թե հիմա թուրքական գյուղմթերքների տեղը ռուսական շուկայում հայկական արտադրողները կլցնեն ու արտադրողներին կոչ էին անում արտադրության ծավալներն ավելացնել: Քիչ տեւեց այդ ուրախությունը, հաշտվեցին ռուսներն ու թուրքերը, պատժամիջոցները հանեցին, ու հիմա հայկական գյուղմթերքները, հատկապես լոլիկը ռուսական շուկայում սպառելու խնդիր կլինի:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նկատեց, որ Ռուսաստանը միշտ էլ քաղաքական շահերը գերադասել է տնտեսականից եւ տարածաշրջանում իր շահերն ունի: Ըստ Մակարյանի, պատահական չէ, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ժամանակ էլ Ռուսաստանը, որը Թուրքիայում ատոմակայան է կառուցում, չդադարեցրեց շինարարությունը.«Հիմա երբ, Ռուսաստանը պատժամիջոցները վերացրեց, ռուսները միանգամից սկսեցին գնալ Թուրքիա հանգստանալու: Հայաստանում ընկերություններ կան, որոնց մոտ մի քանի պատվիրակությունների այցը չեղյալ են արել, ռուսները մինչ պատժամիջոցների վերացումը գալու էին Հայաստան»:
Ինչ վերաբերում է գյուղմթերքի արտահանման խնդիրներին, Մակարյանն ասաց, որ որեւէ սարսափելի բան չկա, օրինակ՝ լոլիկի, հատկապես տոմատի պահանջարկն այսօր աշխարհում մեծ է, եւ հենց այստեղ է, որ կառավարությունը պետք է մթերող ընկերությունների հետ լավ աշխատանք տանի, որպեսզի մթերվի լոլիկը. «Չեմ կարծում, թե գյուղացին կտուժի, որ այս տարի ավելի շատ լոլիկ է աճեցրել: Պարզապես կառավարությունը պետք է խելացի կազմակերպի ամեն ինչ, իսկ եթե կառավարությունը չի միջամտելու եւ թողնելու է մասնավորի ջանքերով այդ խնդիրը լուծվի, դա կարող է երկար տեւել, եւ ոչ այդ ծավալով: Այսինքն, եթե արտահանողներին չի սուբսիդավորելու, որ ավելի շատ մթերի, ապա խնդիր կլինի: Օրինակ՝ խաղողի դեպքում մթերող ընկերություններին պարտադրել էր, չէ՞, որ մթերի, լոլիկն ինչո՞վ է վատ խաղողից»:
Մակարյանի դիտարկմամբ՝ լոլիկի մթերման դեպքում էլ կառավարությունը պետք է սուբսիդավորի, աջակցի մթերողներին, կամ ասենք, հարկերի վճարման ժամկետները հետաձգի, պահանջելով՝ այդ գումարներով ավելի շատ մթերել:
Կարդացեք նաև
Պարոն Մակարյանի վստահեցմամբ՝ տոմատի հյութը մեծ կիրառություն ունի աշխարհում, պահանջարկն էլ ավելացել է թե՛ աշխարհում, եւ թե՛ հենց Հայաստանում. «Ուղղակի լոգիստիկայի խնդիր կա: Մեզ մոտ բերքը ոչ ոք նորմալ չի հաշվառում, եւ բերքի հավաքման, եղանակային պայմաններից ելնելով, ժամկետները ճիշտ չեն հաշվարկում, եւ նաեւ հետագայում դրա մթերումը»:
Միության նախագահը նաեւ առաջարկում է, որ պետությունը ստեղծի սառնարանային տնտեսություններ, կամ աջակցի՝ մասնավորին դրանք ստեղծել. Պետական այդ սառնարանային տնտեսություններում գյուղացիներից գնված ու մթերված գյուղմթերքները հետո հնարավոր կլինի վաճառել վերամշակող ընկերություններին եւ նրանք ամբողջ տարին կարող են արտադրել, ոչ թե միայն սեզոնին:
Պարոն Մակարյանն ասաց, որ այսօր հայկական գյուղմթերքները համեմատաբար էկոլոգիապես մաքուր են, Ռուսաստանում, եվրոպական շատ երկրներում լավ ճանաչում են, հետեւաբար, որպես էկոպրոդուկտ այդ շուկաներ մտնելու համար պետք է համաձայնագրեր ձեռք բերվեն մեծ քանակներով, խմբերով արտահանելու համար, ոչ թե թողնեն գյուղացու վրա, ինչպես նաեւ արտերկրում մեր դեսպանությունները սկսեն աշխատել:
«Վերջերս ռուսաստանցի ներկայացուցիչների հետ հանդիպում ենք ունեցել, նրանք դժգոհում էին, որ հարցեր են բարձրացրել, որ մեր գյուղատնտեսության նախարարությունը մինչեւ հիմա նորմալ հաշվարկներ, պատասխաններ չի տվել: Մեր պետական մարմինները, շատ նախարարություններ արդյունավետ չեն աշխատում, պրոֆեսիոնալ չեն, շատ պրիմիտիվ մտածելակերպ ունեն, հայկական մտածելակերպով են՝ մի բան արեցին՝ ուրախացան, որ արեցին, մի քիչ ֆռռացնելու վրա ուրախանում են: Տաղանդը ֆռռացնելու մեջ չէ, տաղանդը երկարաժամկետ, համբերատար ու լուրջ աշխատելու մեջ է: Մենք Եվրոպայից հյուրեր ունեինք, հետաքրքրված էին հայկական ձկնամթերքով, պահածոներով, տոմատով, տարան հետները: Իրենք ասում էին՝ պետք է հարգել հաճախորդին, ոչ թե մի անգամ վաճառես ու քաշվես մի կողմ, այլ զգույշ ու երկարաժամկետ աշխատես ու վստահությունը չկորցնես»,-ասաց Մակարյանը:
Մակարյանի՝ խաղողի մթերման օրինակը մատնացույց անելու առնչությամբ Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք դա տեղին էր, քանի որ կառավարությունը ստիպեց մթերողներին գյուղացիներից բերքը գնել,սակայն մինչ օրս գյուղացիներին չեն վճարում բերքի դիմաց, պատճառաբանելով, որ Ռուսաստանում գործերը վատ են, կառավարությունը ստիպել է, ինքն էլ թող տակից դուրս գա: Պարոն Մակարյանն ասաց, որ սա այն դեպքն է, երբ կառավարությունը պետք է օգնի Ռուսաստանում ճգնաժամից տուժած մթերող ընկերություններին՝ փոխհատուցել կորուստների մի մասը, որպեսզի նրանք գումար ունենան մյուս մթերումների համար. «Մենք դիմել ենք այս առաջարկությամբ վարչապետին, էկոնոմիկայի նախարարությանը, բայց ոչինչ չարեցին»:
Մեր այն հարցին՝ գուցե պատճառաբանել են, որ պետբյուջեում այդքան գումար չկա, ուստի առաջարկը չեն իրագործել, Մակարյանն ասաց.«Սկզբում ուզեցին անել, բայց թղթի վրա մնաց, փող կար, մենք հաշվարկել էինք, մեծ գումար չէր, մոտ 15 միլիոն դոլար էր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ