«Մեզ տեղյակ չեն պահել, հանկարծակի իմացանք՝ սկսել են քանդել: Փորձում էինք ներս մտնել, տեսնել՝ ինչ են քանդում, ինչ է այնտեղ տեղի ունենում, բայց ամեն տեսակետից արգելված է, ինչպես հասկացա՝ նույնիսկ պետական մարմինների աշխատակիցները չեն կարողանում տարածք մտնել, տեսնել՝ ինչ է կատարվում»,-«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման աշխատանքների մասին ասաց տիկին Թարխանյանը:
Ճարտարապետի խոսքով, անօրինական թույլտվության արդյունքում, մենք կորցնում ենք հայ ժողովրդի խորհրդանիշերից մեկը. «Երիտասարդական պալատն արդեն կորցրել ենք, տեսել ենք արդյունքները, երբ առանց գծագրի, առանց հաստատված նախագծի տրվում են քանդման թույլտվություններ, հիմա մենք կորցնում ենք մեր մշակութային, ճարտարապետական արժեքը, մեր ստրատեգիկ երաշխիքը հայ ժողովրդի անվտանգության կարեւորագույն կետում»:
Տիկին Թարխանյանի խոսքով, տարիներ շարունակ հայ գործարար Էռնեկյանը՝ օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդելու տարբեր պատճառներ բերեց, չնայած, որ պայմանագրի մեջ հստակ գրված էր, որ նրան վարձակալության են հանձնում օդանավակայանը, որ արդիականացնի. «Նա բերեց փաստարկներ, որ օդանավակայանը հնարավոր չէ օգտագործել, որ եղած մակերեսների մեջ հնարավոր չէ այն արդիականացնել, համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին:
Միջազգային հանրությունը՝ մշակույթի ոլորտից, արձագանքել են, որ օդանավակայանը պատմական ու կարեւորագույն համամարդկային կառույց է, անհրաժեշտ է պահպանել: Մեր կողմից արվեցին նախագծեր, ձեւավորվեց ճարտարագետների հանձնախումբ, նրանք այցելեցին օդանավակայան, ծանոթացան իրավիճակին ու հաստատեցին, որ շենքը գտնվում է լավ վիճակում, լրիվ համապատասխանում է ժամանակակից նորմատիվներին ու բացարձակապես քանդման խնդիր չկա… բայց քանի որ Էռնեկյանը բարերար չէ, ինչպես ինքն է սիրում ներկայանալ, այլ շատ պարզ բիզնեսմեն, տեսնում ենք՝ նրա ներդրած գումարները օդանավակայանի վրա ինչպես են ազդել տոմսերի արժեքի վրա. «Մեր երկրում տոմսերի գինը շատ ավելի թանկ է քան տարածաշրջանի այլ երկրներում»:
Կարդացեք նաև
Տիկին Թարխանյանն ինքնանպատակ է համարում «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի քանդումը. «Թե ինչպիսի ծրագրեր ունի Էռնեկյանը, ենթադրում եմ, որ դրանք արատավոր ու հանցավոր են, հատկապես, այս պարագայում, երբ դեռ չենք լուծել բոլոր հարցերը ապրիլյան պատերազմից հետո, օդանավակայանի քանդումը համարում եմ ստորաբար հարված հայ ժողովրդի մեջքին, զարմանում եմ՝ ինչպես է հնարավոր այս ծանր վիճակում քանդել պետական օդանավակայանը, որը մեր միակ երաշխիքն է կապն ունենալ դրսի հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արամ Աբրահամյանը կասեր. «Մի հայհոյեք, մի ասեք, թե Հայաստանը վատ երկիր է…ու կգովաբաներ նոր սերնդի երիտասարդներին, որ լավ աշխատում են, չեն դժգոհում, չեն փնթփնթում եւ այլն եւ այլն»: Չեմ դժգոհում, չեմ բողոքում, չեմ փնթփնթում: Բայց ի՞նչ անեմ (անենք), որ չքանդվի Զվարթնոցը, երբ այսքան քաղաքացի ու մասնագետ դեմ է դրան:
Մարդ պիտի անասունի նման ապրի, հատկապես հայերը, որ ոչ մշակույթ ստեղծի, ոչ էլ մտածի, թե ոնց այն պահի, մանավանդ, երբ քանդողները ներսից են: Միայն կեր ու ինչքան կկարողանաս զվարճացի: Հեշտ, հանգիստ: Ինչ մշակույթ: Իսկ Անահիտ Թարխանյանը բարձրաձայնում է, թե Էռնեկյանն է քանդողը: Որպես գործիք՝ այո, բայց ոչ որոշում կայացնող: