Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկաբնակ աստղաֆիզիկոս. «Հայաստանը հարուստ չէ, որ Համբարձումյանի անվան մրցանակ շնորհի օտարերկրացիներին»

Հուլիս 05,2016 18:06

2009թ. ՀՀ նախագահի կողմից Հայաստանում հիմնադրվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ, այն հանձնվում է օտարերկրացի ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է $500 000 ԱՄՆ եւ տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.:

«Առավոտի» հետ զրույցում ՆԱՍԱ-ի (National Aeronautics and Space Administration) հայազգի գիտաշխատող, աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը նշեց, որ մրցանակի գաղափարն այսօր արդարացված չէ: «Դա լավ գաղափար է, եթե պետությունը հարուստ է, կա միլիոնատեր, որը կարող է իր կողմից այդ գումարը տրամադրել, որպեսզի օտարերկրացի գիտնականներն իմանան իր երկրի մասին: Արդեն նշեցի, որ հրաշալի գաղափար է, բայց ինչպես էյնշտեյնն է ասում՝ սատանան մանրուքներում է, իսկ մանրուքները այն են, որ Հայաստանը այդքան հարուստ երկիր չէ, գիտությունն էլ ծանր վիճակում է:

Կարելի է այդ $500 000-ով երիտասարդ գիտնականներին շնչելու հնարավորություն տալ, ստեղծել իրեն լաբորատորիաները: Եթե գիտությունը չի շարժվում առաջ, ինքը այլեւս գիտություն չէ, ճահիճ է, գիտությունը զարգանում է միայն երիտասարդների շնորհիվ, նրանց վրա պետք է «խաղադրույք» անել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ դա Հայաստանի համար լավ գաղափար չէ, չգիտեմ՝ ով ինչ շահ է ստանում դրանից: Մի բան, սակայն, պարզ է, այսքան ժամանակ այդ մրցանակը շնորհվել է, դրանից Բյուրականի աստղադիտարանը ոչինչ էլ չի շահել:

Կարծեմ թե 1,5 միլիոնը արդեն տրվել է: Միջազգային կազմկոմիտե են ստեղծել, որտեղ անվանի գիտնականներ են մտնում, մի մասին էլ գիտեմ, իրենք ասում են՝ գումար է շնորհվում, մեզ խնդրել են գնահատել, ընտրել արժանավորին, մենք էլ ընտրում ենք: Իրենց գործառույթը չէ՝ ասել, որ Հայաստանն այդ գումարը այլ նպատակներով օգտագործի»,-հայտեց Վլադիմիր Հայրապետյանը՝ պատասխանելով մեր հարցին:

Նրա ձեւակերպմամբ, լավագույն երիտասարդ ուժերը գնում են, Հայաստանից, մինչդեռ «նրանց պետք է հնարավորություն տալ ծաղկել հայրենիքում, իսկ այդ միլիոնները գնում են չգիտես՝ ուր: Այդ գումարով առնվազն 100 վառ անհատականության կարելի էր պահել Հայաստանում մարդիկ գաղափարներ կիրականացնեին, առաջ կգնային, լաբորատորիաներ կստեղծեին, դա ազդակ կլիներ գիտության զարգացման համար»:

Ամերիկաբնակ աստղաֆիզիկոսը կարծում է, որ Հայաստանում տրվող մրցանակով ստացողներին չես զարմացնի. «Նախկինում այդ մարդիկ 10 նման մրցանակ են ստացել: Համբարձումյանի անվան մրցանակ ստանալուց հետո մի անգամ էլ Հայաստանի մասին կգրեն ու վերջ: Երբ «դրսում» խոսում ես Համբարձումյանի անվան մրցանակի մասին, ասում են՝ մի՞թե Հայաստանն այդքան հարուստ է, որ կարող է հենց այնպես այդքան գումար բաժանել: Ախր պետք է գիտակցել, որ փողով ոչնչի չի կարելի հասնել, միջազգային գիտական հանրությանը ինտեգրվում են գաղափարներով, ծրագրերով, ոչ թե $500 000-անոց մրցանակով»:

Հարցազրույցի մանրամասները՝ հուլիսի 6-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը Վլադիմիր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա կիրակոսյան says:

    Բացարձակ ճշմարտություն է: Նման գումարը պետք է Հայաստանում նոր լաբարատորիաներ հիմնելու համար: Իհարկե շատ չէ, բայց որոշակի օգուտ կբերի: Չգիտեմ այդ որ “խելոքի” մտահաղացումն է?

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Ահա թե ինչ: Կես միլիոն դոլար որպես մրցանակ: Կարե՞լի է իմանալ որ ֆոնդից: Ո՞վ է տալիս այդ գումարը
    Մեր պետության կողմից դա դավաճանություն է երիտասարդ գիտնականների նկատմամբ- ովքեր աշխատանք չգտնելով հեռանում են Հայրենիքից: Իսկ մեր Ակադեմիայի նախագահը ինչպե՞ս է հանդուրժում կես միլիոն դոլար մրցանակը մեր «քոսոտ» երկրի կողմից:
    Այ այստեղ է, որ մարդ ուզում է գոռալ. -Ժողովուրդ սրանց մի բան հասկացրեք, սրանք ախր հայ չեն: Այսպես կարող են վերաբերվել կամ հիմարները, կամ դավաճանները, կամ թշնամիները: Սրանք մեր երկրի թշնամիներն են:Սրանք հայեր չեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031