Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն արձանագրում է՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումներ են իրականացվում:
«Որովհետեւ նրանք բաց էին գործում, իսկ, փորձը ցույց է տվել, որ բաց գործող քաղաքական ուժերը գաղտնի, ահաբեկչական խմբեր չեն ստեղծում: Ժիրայր Սեֆիլյանի հետ ինչքան շփվել եմ, նա ասել է, որ կտրականապես դեմ է Հայաստանի ներսում ուժային մեթոդներով իշխանափոխության եւ միշտ քաղաքացիական անհնազանդության կողմ է եղել»,- Aravot.am-ին ասաց Ավետիք Իշխանյանը:
Ըստ նրա քաղաքական հետապնդում է նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբորը՝ ազատամարտիկ Թաթուլ Մանուկյանին կալանավորելը՝ զենք զինամթերք պահելու համար. «Եթե այսօր խուզարկության գնան պատերազմի բոլոր մասնակիցների տներ, այնտեղից այնքան փամփուշտներ կգտնեն, բայց Պավելի եղբայրը ոչ մի վտանգ չի ներկայացնում, նա էլ է ազատամարտիկ, այդ դեպքում քրեական գործ հարուցելը, երկամսյա կալանքի որոշում ընդունելը եւս քաղաքական հետապնդում: Վտանգավոր իրավիճակ է, որովհետեւ, ի տարբերություն նախորդ շրջանների, հիմա ոչ իշխանական քաղաքական ուժերը անտարբեր են այս ամենի նկատմամբ, կարծես թե, ընդհանուր կոնսենսուս կա իշխանությունների հետ ապագա խորհրդարանական ընտրությունների հետ կապված, ուրիշ բան չեմ տեսնում: Ամենացավալին է, որ ոչ իշխանական ուժերը չեն բարձրացնում քաղաքական հետապնդումների հարցը»:
Պարոն Իշխանյանի խոսքով. «Հայաստանում քաղաքական հետապնդումները միշտ սկսվում են այն քաղաքական ուժի նկատմամբ, որից որ իշխանությունները վտանգ են տեսնում, իրենց իշխանությունը կորցնելու վտանգ: Այդ վտանգը ես արտաքուստ չեմ տեսնում, բայց գուցե իրենք այդ վտանգն ավելի լավ են տեսնում:
Կարդացեք նաև
Երեւի, իսկապես մտածում են, որ սա միակ արմատական ընդդիմադիր ուժն է մնացել, որը կարող է համախմբել կամ ինչ-որ գործողություններ անել ու հիմիկվանից սկսել են այդ սադրանքներն ու բռնությունները նրանց նկատմամբ: Ես միանգամայն համոզված եմ, որ սա քաղաքական հետապնդում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ