Ինչ-որ մի Զախարովայի միջոցով, ով, վստահաբար կարելի է ասել, որ ո՛չ Հայաստանի պատմությունը գիտի, ու ո՛չ էլ ճանաչում է հայ ազգի հերոսներին, մեծերին՝ Ռուսաստանն իր քիթը հերթական անգամ խոթեց Հայաստանի ներքին գործերի մեջ: Ու բարձրացավ աղմուկը, թե՝ «չէ, ա՛յ ռուս եղբայրներ ջան, Նժդեհը «պուպուշ» է, ձեր իմացած «քըխը» չէ»:
Երեւի թե աշխարհում ոչ մի տեղ այդքան չի խոսվում 2 ազգերի բարեկամության, եղբայրության մասին, որքան որ հայերն են խոսում հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, եղբայրության մասին:
Հիմք ընդունելով այս իրողությունը եւ Նժդեհի արձանի հետ կապված անհասկանալի աղմուկը՝ ներկայացնենք մոսկովյան երկու դրվագ:
Կարդացեք նաև
Առաջին նկարում Մոսկվայի Կիեւսկի կայարանի հարեւանությամբ գտնվող Եվրոպայի հրապարակն է: Ինչ-ինչ հիմնավորմամբ այդ հրապարակում տեղադրված է Եվրոպայի 48 երկրի դրոշ: Այդ դրոշների մեջ է, օրինակ` Վրաստանի դրոշը, իսկ Հայաստանի դրոշը չկա, թեպետ չկա եվրոպական որեւ կառույց, որտեղ Վրաստանը ներկա լինի այդ հրապարակում մնացած բոլոր դրոշներով ներկայացված երկրների հետ, իսկ Հայաստանը՝ ոչ:
Այդ դեպքում հարց է առաջանում: Ի՞նչ չափանիշներով են առաջնորդվել Մոսկվայի իշխանությունները: Պատկերացնենք, որ գոյություն ունենա ռուսների պաշտելի ԵՏՄ հրապարակ ու այդտեղ տեղադրված լինեն ԵՏՄ անդամ երկրների դրոշներն առանց դրանցից որեւէ մի անդամ պետության դրոշի: Արդյոք դա որպես վերաբերմունք չի՞ դիտվի: Նույնը եւ Եվրոպայի հրապարակի հարցում է: Այդ ինչպե՞ս եղավ, որ հայերի պատկերացմամբ ռուսներին իրենց նվիրվածությամբ զիջող վրացիների դրոշի համար տեղ գտնվեց, իսկ Հայաստանի դրոշի համար՝ ոչ:
Մոսկովյան երկրորդ նկարում Կրեմլին հարող տարածքում գտնվող «Ախոտնի րյադ» առեւտրի կենտրոնի վիտրաժային գմբեթն է՝ աշխարհի քարտեզով: Այդ քարտեզում պետությունների մայրաքաղաքներից բացի նշված են նաեւ այլ քաղաքներ: Բայց այդ բոլոր մայրաքաղաքների մեջ Հայաստանի մայրաքաղաք Երեւանին դարձյալ տեղ չկա: Այդ ինչպե՞ս է, որ բոլորին տեղ եղավ, իսկ Երեւանին տեղ չեղավ:
Ներկայացված այս օրինակները ոչ մի կապ չունեն փողի, Հայաստանի իշխանությունների հնարավոր շահագրգռվածության հետ: Սա պարզապես վերաբերմունք է, ընդ որում շատ ցածր մակարդակով դրսեւորված վերաբերմունք:
Եթե այս ամենին հավելենք, որ Ռուսաստանում բազմաթիվ են պատմության գրքերը, ճանաչողական ուղեցույցները, որոնցում Հայաստանը ոչ մի ձեւով չի հիշատակվում, ապա ամբողջական հետեւություն կարելի կլինի անել Ռուսաստանի վերաբերմունքից առ Հայաստան:
Իսկ մենք Նժդեհի հետ կապված արդարացումների ինստիտուտ ու բացատրական դասընթացներ ենք բացել: Իսկ ո՞ւր մնաց մեր արժանապատվությունը, թե՞ չենք էլ ուզում ունենալ:
Տիգրան ՄՈՍԻՆՅԱՆ