Վերին Լարսում մնացած, այնուհետեւ ինքնաթիռով Հայաստան ժամանած մեր հայրենակիցների խնդիրները վերադառնալով չեն ավարտվել: Բանն այն է, որ շատերը, որոնք ավտոմեքենայով ուղեւորվում էին Հայաստան եւ Թերեք գետի վարարման պատճառով մնացել էին Լարսի սահմանակետում, անհամբեր սպասում են անցակետի բացմանը, քանի որ այնտեղ են թողել սեփական ավտոմեքենաները: Դրանք կայանել են անցակետի հարեւանությամբ գործող վճարովի ավտոկայանատեղիում` բեռներով հանդերձ:
Հիշեցնենք, որ Լարսում մնացած քաղաքացիները Հայաստան տեղափոխվեցին ինքնաթիռով` Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ եւ քանի որ այդ ինքնաթիռները փոքր տարողությամբ էին, քաղաքացիներին հորդորել էին միայն վերցնել առաջին անհրաժեշտության իրերը, որպեսզի ինքնաթիռն ավելի շատ մարդկանց տեղափոխեր: Այսինքն` որքան շատ ճանապարհը փակ մնա, այնքան օր մարդիկ պետք է ավտոկայանատեղիի համար վճարումներ կատարեն:
Երեկ էլ մի շարք քաղաքացիներ, որոնց ավտոմեքենաները վճարովի ավտոկայանատեղիում են, տրանսպորտի եւ կապի նախարարության հայտարարությունից հետո, թե ժամը 17-ին մարդատար ավտոմեքենաների համար փորձնական բացվելու է ճանապարհի մեկ հատվածը, կրկին բռնել էին Լարսի ճանապարհը, որպեսզի ավտոմեքենաները հետ բերեն, սակայն այսօր նույն աղբյուրը կրկին հայտնեց, որ հորդառատ անձրեւի պատճառով Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը հետաձգվել է եւ, որ նախնական տվյալներով, ավտոճանապարհը փորձնական կբացվի հուլիսի 6-ին։
Հիշեցնենք, որ Թերեք գետի վարարման եւ քարաթափման հետեւանքով հունիսի 23-ից Վերին Լարսը փակ է: Այս պահին այնտեղ կայանված են գյուղմթերքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենաներ, որոնց ապրանքի մի մասն, ըստ գյուղացիների, արդեն փչանում են:
Կարդացեք նաև
Գյուղմթերքներով բեռնված որոշ մեքենաներ Ռուսաստան տեղափոխվեցին եւ շարունակում են տեղափոխվել Փոթիից ու Բաթումիից լաստանավերով, որը սակայն լրացուցիչ ծախսեր է գործարարների համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ