Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգել էր Վանաձորում տիրող մտահոգիչ մթնոլորտի մասին: Նա հայտարարել էր, թե իրեն են դիմել Վանաձորի քաղաքացիներ, նշել, որ ֆեյսբուքում «Լուսավոր Հայաստանի» նյութերը «լայքելու» համար իրենց կանչում, զրույցներ են տանում, նկատողություն անում:
Aravot.am-ը պարոն Մարուքյանին խնդրեց պարզաբանել, թե այդ ի՞նչ քաղաքացիների մասին է խոսքը և արդյոք ովքե՞ր են նրանց հետ զրույցներ տանողներն ու նկատողություն անողները: Պարոն Մարուքյանն ասաց, թե չի ցանկանում այդ անձանց անունները հրապարակել, քանի որ աշխատում են պետական ապարատում, միայն նշեց, որ նրանք բյուջետային հիմնարկների աշխատողներ են:
Պատգամավորը փոխանցեց, որ այդ դեպքերը համատարած բնույթ չեն կրում, սակայն մտավախություն ունի, որ ընտրություններին ընդառաջ դրանք ավելի մեծ ծավալներ կկրեն: Նա մանրամասնեց. «Մարդկանց, ովքեր տարբեր պետական բյուջետային հիմնարկներում են աշխատում, ուշադիր հետևում են` ով ինչ կուսակցության, քաղաքական գործչի է հետևում, կանչում հարցուփորձ են անում»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը նշված խնդրի մասին պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Նա, երբ լսեց, որ իրեն լրագրող է զանգում, այսպես արտահայտվեց. «Այս օրով է՞լ չեք թողնում հանգստանանք»: Մեր այն հիշեցմանը, թե ԶԼՄ-ները միշտ են աշխատում, հանգիստ չունեն, պարոն քաղաքապետն արձագանքեց. «Խորհուրդ կտամ` դուք էլ հանգստանաք»:
Այս խոսակցությունից հետո պարոն Դարբինյանի հեռախոսը շուրջ 10 րոպե անհասանելի էր, այնուհետև քաղաքապետը չէր պատասխանում մեր զանգերին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ