Լրահոս
Օրվա լրահոսը

Սթիվեն Քյուրքչյան. «Լրագրողի նպատակը ոչ թե պաշտոնյայի հրաժարականը պետք է լինի, այլ…»

Հուլիս 05,2016 16:09

«Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) ֆիլմն այս տարի արժանացավ «Օսկարի»։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, պատմում է «Բոստոն Գլոբ» (The Boston Globe) թերթի հետաքննող լրագրողների մասին, որոնք բացահայտել են կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած մանկապղծության դեպքերը։

Հետաքննող խմբի անդամներից մեկն ամերիկահայ լրագրող, երեք անգամ Պուլիցերյան մրցանակի արժանացած Սթիվեն Քյուրքչյանն է։

Նա այս օրերին Հայաստանում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած Հետաքննական լրագրության ամառային դպրոցը «Հետք»-ի հետաքննող լրագրողների հետ անցկացնելու համար (հուլիսի 1-12-ը):

«Հետաքննական լրագրության խնդիրները նույնն են ինչպես հիմա, այնպես էլ առաջ։ 20-րդ դարի սկզբին էլ արդիական խնդիրներ էին կոռուպցիան, կառավարությունը, սոցիալական հարցերը»,- հուլիսի 4-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նկատեց Սթիվեն Քյուրքչյանը:

«Իմ հետաքրքրությունն այս կամ այն կառավարության մեջ չէ,- շարունակեց նա,- ես հասկանում եմ, որ բոլոր կառավարություններն էլ ինչ-որ ճնշման են ենթարկվում, և որ նրանց պայքարը վերընտրվելու համար է։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե տվյալ կառավարությունն ինչ ծառայություններ է մատուցում, որպեսզի դրանից շահի հասարակությունը։

Եթե լրագրողը կարծում է, որ իր գործի արդյունքը պետք է լինի ինչ-որ պաշտոնյայի հրաժարականը, ուրեմն նա շփոթում է իր նպատակը։ Նրա նպատակը պետք է լինի հանրության ուշադրությունը տվյալ խնդրի վրա կենտրոնացնելը, ոչ թե պաշտոնյայի հրաժարականը։ Երբ հասարակությունը կարդում է լրագրողի հոդվածը, հասկանում, որ այսինչ կամ այնինչ բանն է կատարվում, ու սկսում է ծաղրել կառավարությանը, դա արդեն փոփոխություն է»։

Դառնալով ազատ լրատվության կարևորությանը՝ Սթիվեն Քյուրքչյանը նշեց. «Թոմաս Ջեֆերսոնն ասում էր՝ եթե ինքը հնարավորություն ունենա ընտրելու ազատ լրատվության ու կառավարության միջև, կընտրի առաջինը՝ չնայած նրան, որ այդ ժամանակ մամուլն ավելի սկանդալային էր։

Առանց ազատ լրատվության արյունահեղություններ, հեղափոխություններ կարող են լինել։ Օրինակ՝ քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում: Նշում են, որ նաև ազատ լրատվության շնորհիվ էր, որ դրանից հետո այլևս չեղան այդպիսի պատերազմներ. ազատ լրագրողները ցույց տվեցին «քիչ ուժ ունեցող մարդկանց», որ իրենց ձայնը կարող է լսելի դառնալ, և որ լրագրողներն աշխատում են հենց իրենց, ոչ թե ուժային կառույցների, կառավարության համար»։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031