«Գործարանային` ստանդարտից մուգ ապակի չկա: Նման բան ուղղակի չի կարող լինել: Որեւէ գործարան իրավունք չունի եւ չի կարող իրեն թույլ տալ նման բան, քանի որ դա ստանդարտի խախտում է, իսկ ստանդարտները միայն հայկական չեն: Դրանք ՄԱԿ-ի` եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից են սահմանվել: Հետեւաբար, եթե գործարանն ուզում է, որ իր արտադրած տրանսպորտային միջոցն ընդհանրապես հայտնվի շուկայում, պարտավոր է պահպանել այդ ստանդարտները»,-այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը` անդրադառնալով վարորդների այն պատճառաբանությանը, թե «ավտոմեքենայի դիմապակին գործարանային մգեցված է»:
Արման Չիլինգարյանի խոսքով` հնարավոր չէ գտնել գործարանային արտադրության որեւէ ավտոմեքենա, որի լուսաթափանցելիությունը չի համապատասխանում չափանիշներին. «Գիտեմ` կասեք, որ դրսից բերվում են մեքենաներ, որոնց ապակիներն այդպիսին են: Կան «թյունինգ» անող կազմակերպություններ, որոնք անում են այն, ինչի համար դուք վճարում եք: Եթե վճարեք, որ ձեր մեքենայի ապակիների փոխարեն լինեն մետաղյա թիթեղներ, նրանք դա կանեն: Բայց դա չի նշանակում, թե այդ մեքենան թույլատրվում է վարել ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին»:
Չիլինգարյանը նշեց, որ ավտոարտադրողի ներկայացուցչությունից մեքենա գնելու դեպքում կարելի է վստահ լինել, որ ապակիների մգեցվածությունը նորմայի սահմաններում է, իսկ ահա երկրորդ ձեռքից տրանսպորտային միջոց գնելու դեպքում հնարավոր է` նախորդ սեփականատերը նախընտրել է մգեցնել դիմապակին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արված փոփոխություններով` արգելվում է երթեւեկել թաղանթապատված ապակիներով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ