«Մեր թվարկությունից հետո»` «After Our Era» անսամբլը Գերմանիայի «Հայ ակադեմիական միության» հրավերով հուլիսի 8-ին ելույթ կունենա Բոխում քաղաքում: Մադլենա Գալստյան, Գևորգ Մարգարյան, Զարեհ Գալստյան, Ստեփան Տեր-Ղևոնդյան և Հայկ Կարապետյան հնգյակը կներկայացնի հայկական ավանդական երաժշտություն: Արվեստագետները նվագում են մի շարք հայկական ժողովրդական գործիքներով` թառ, դհոլ, կոպալ դհոլ, դուդուկ, շվի, զուռնա, պկու, պարկապզուկ և բլուլ:
Միության նախագահ Ազատ Օրդուխանյանի հավաստմամբ, համերգը բարեգործական է, որից ստացված գումարը փոխանցվելու է Արցախում ապրիլին զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին:
«Թե‘ ՀՀ-ի և թե‘ մեզ համար այժմ թիվ մեկ հարցը Արցախի հարցն է: Եվ այն ուժգնությամբ, որ մենք պայքարում էինք Ցեղասպանության ճանաչման համար, այդ նույն ուժգնությամբ դաշտը պիտի տեղափոխենք Արցախ ու պայքարենք Արցախի հարցը շուտափույթ լուծելու համար: Շատ մեծ վտանգ կա այստեղ»,- մեզ հետ զրույցում նշեց Ազատ Օրդուխանյանը:
Կարդացեք նաև
Զրուցակցիս կարծիքով մենք` հայերս Արցախի հարցում շատ պասիվ ենք եղել, պասիվ ենք նաև այսօր: Իսկ ադրբեջանական մարդկային և ֆինանսական ներուժը ավելին է եղել շարունակ, ու իրենք առաջ են անցել իրենց քարոզչությամբ: Դա վտանգավոր է և հապաղելն անդառնալի կլինի մեզ համար:
«Գերմանացիներն ասում են, որ Ցեղասպանության հարցում մենք Ձեզ աջակցում ենք, բայց Արցախի հարցում պիտի զիջեք: Դա անընդունելի է, որովհետև իրենք տեղյակ չեն, լուսավորված չեն: Այդ նպատակով մենք պետք է Արցախը ոտքից գլուխ ներկայացնենք` պատմությունը, ճարտարապետությունը, մշակույթը, բանահյուսությունը և ամեն, ամեն բան: Ադրբեջանն անընդհատ իրեն հարմար բովանդակությամբ բազմաթիվ գրքեր է հրապարակել: Մենք հետ ենք մնացել»,- նշում է Ազատ Օրդուխանյանը:
Առաջիկա համերգը ակադեմիականների միությունը կազմակերպել է ոչ միայն օգնելու զոհվածների ընտանիքներին, այլ նաև բարձրացնելու կարիքավոր Արցախի հարցը: Վայրը Բոխումի Լինդեն թաղամասի «Քրիստուս» եկեղեցին է, որը պատահական չեն ընտրել: Այստեղ շենքի դիմաց 2007-ին կանգնեցվել է Գյումրիում քանդակագործ Ալբերտ Վարդանյանի կերտած բրոնզե 3 մետրանոց Բոխումի խաղաղության հուշարձանը:
Արցախի օգնության գումարը շատացնելու նպատակով ակադեմիական միությունը ամսի 8-ին կվաճառի նաև Արցախին վերաբերող գրականություն, ինչպես օրինակ` Ջուղայի խաչքարերի մասին գիրքը, որը 2006 թ. շվեցարահայերն են հրատարակել:
Հարյուրից ավելի զոհված զինվորների ընտանիքներին օգնելու համար դրամահավաքը ակադեմիականների միությունը սկսել էր դեռ ապրիլին: Նրանց նպատակն է ամեն մի ընտանիքին փոխանցել հարյուրական եվրո: Հայաստանից ստացած ցուցակի համաձայն նրանք Շիրակի մարզի 14 զոհվածների ընտանիքներին արդեն տրամադրել են: Նույն կերպ կշարունակեն մյուս մարզերում և Երևանում:
Իսկ հայ երգիչ-երաժիշտները Բոխումի համերգից անմիջապես հետո` ամսի 9-ին և 10-ին կմասնակցեն Հոֆհայմ քաղաքում կայանալիք Կելտական միջազգային 10-րդ փառատոնին, որը Թոմաս Ցյոլլերի ղեկավարությամբ տեղի է ունենալու հուլիսի 8-ից 10-ը: Այնտեղ Հայկ Կարապետյանը, Զարեհ Գալստյանը և Գևորգ Մարգարյանը կներկայացնեն Հայաստանն` իր ժողգործիքներով:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ