Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացրեք` հանդիպակաց դուրս եկած մեքենան հետիոտնին գցի տակը…». Ոստիկանության գնդապետն ու Էդուարդ Հովհաննիսյանը վիճեցին (Տեսանյութ)

Հուլիս 05,2016 14:47

«Տաքսին մարդ է իջեցրել, աջ գոտին զբաղված է, կանգնել է երկրորդ գոտում, ուղեւորի իջնելը տեւել է 7 վայրկյան: Այդ պահին մեկ այլ մեքենա, հատելով հոծ գիծը, անցել է տաքսու կողքով, երբ հանդիպակաց երթեւեկելի մասում ոչ մի այլ մեքենա չի եղել: Այսինքն, այդ մեքենան չի ստեղծել վտանգ»,-այս օրինակով «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյան այսօր «Արմենպրես»-ում փորձեց լրագրողներին բացատրել, թե ո՞րն է վթարային իրավիճակ համարվում, իսկ որը` ոչ:

Նա նկատեց, որ հոծ գիծը հատած վարորդը վթարային իրավիճակ եւ վտանգ չի ստեղծել, ապա հարցրեց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանին` «վթարային իրավիճակը եւ վթարի իրական վտանգը ո՞րն է, ՃՈ-ն չի կարողանում պատասխանել»: Հովհաննիսյանը շարունակեց հարցադրումը, թե ինչո՞ւ չի կարելի այս դեպքը համարել նվազ նշանակության խախտում եւ չտուգանել, ինչպես օրենքն է ասում:

Արման Չիլինգարյանն այսպես բացատրեց. «Պատկերացրեք, որ այդ տաքսու դիմացից հետիոտնը անցնում էր փողոցը, եւ տաքսուն շրջանցած եւ հանդիպակաց դուրս եկած մեքենան հետիոտնին գցում էր տակը: Նրա արարքը վտանգ է պարունակում»:

-Դուք դա ենթադրում եք,-հակադարձեց Հովհաննիսյանը:

-Իսկ Դո՞ւք ինչ եք անում,-հարցրեց Չիլինգարյանը,-եթե դիմացը հատկապես անչափահաս հետիոտն լիներ, ի՞նչ էր լինելու:

-Հասկացանք, բա ինչի՞ եք սենց գրել օրենքում, հենա մի գրեք:

-Չենք պատրաստվում որեւէ մեկին տուգանքից ազատել միայն նրա համար, որ իր ցանկությամբ ինչ-որ արարք է կատարել եւ վտանգ է ստեղծել ինչ-որ մեկի համար: ՃՈ-ն չունի անձին պատասխանատվությունից ազատելու գործառույթ, երբ ինչ-որ մեկի կյանքի վտանգ կա: Չի կարելի նման բան անել…

Արման Չիլինգարյանը հավելեց, որ բոլոր հնարավոր միջոցներով ՃՈ-ն վարորդներին տեղեկացրել է 2015թ, դեկտեմբերին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների մասին, որոնց արդյունքում նվազ նշանակության խախտումների դեպքում իրավախախտ վարորդն ազատվում է պատասխանատվությունից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031