Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում արտառոց մոծակներ են հայտնվել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 05,2016 14:39

Ջրհեղեղից տուժած Արթիկի Տուֆի թաղամասի տներ դեռ անհնար է հասնելը, ձորակի հեղեղված գետը մի կողմից է հոսում տների մոտակայքով, հանքերից ջրհեղեղի ժամանակ լցված մեծ քարերն էլ մյուս կողմից են խանգարում: Իհարկե, կամավորականները բավական օգնել են բնակիչներին, հեռացրել քարերը, որոնք փակել էին անգամ տան դռները, սակայն վիճակը դեռ բարվոք չէ:

5 6 7 8 9Մենք ականատես եղանք մի շատ հուզիչ պատմության. այդ թաղամասում կառավարության հատկացրած գումարներով փորձում են ջրի հունը փոխել, հեռացնել տների մոտակայքից, սակայն դա անելու համար տեղում աշխատող տեխնիկան տապալում էր մրգատու ծառերը: Անկախության 3-րդ նրբանցք 44 հասցեի բնակիչները մղկտում էին ՝ տեսնելով, թե ինչպես են վնասվում իրենց բալի, դեղձի ծառերը: Տանտիրուհին՝ Գեղեցիկ Կարապետյանն ասաց, որ Արթիկում բալի ամենաառատ բերքը իրենք են ստանում, ամբողջ քաղաքը օգտվում է իրենցից, դա ապրուստի միջոց է, սակայն հիմա չգիտեն ինչ պիտի անեն…Տանտերն էլ, տեսնելով բալի հին ծառերից մեկի տապալումը, հուզված ասաց. «Տեսնո՞ւմ եք այս բալի ծառը, իմ մանկության ծառն է, այս ծառը 5 տարի ինձ ուսանող է պահել, իսկ հիմա…»:

3 2 1 10Ջրհեղեղը քշել-տարել է այս տան բակի 40 մետրանոց քարե պարիսպները, ձորի ջուրը, փոխելով իր հունը, լցվում է նրանց տան հատակը: Բնակիչները իրենց տանը չեն կարողանում ապրել, դռնեդուռ են ընկած: Կառավարության օգնությունից էլ գոհ չեն, քանի որ հարցը չի լուծվել. միգուցե տունն ընդհանրապես պիտանի չլինի բնակության:

Բնակիչների ներկայացմամբ, իրենց տան պարիսպներից դուրս 4 մետրանոց փողոց է եղել, հետո նոր ձորն է եղել, հիմա ձորը իր գետով եկել, հասել է իրենց դռները, մեկ շաբաթ է՝ ջուրը լցվում է իրենց տան տակ: «Ի՞նչ վնասի հատուցման մասին են խոսում, երբ մեր տան հիմքն է խարխլվում, ջրի հունի փոխելը երեւի տեւի 3 ամսից ավելի, եթե ջուրն այս տան տակով երեք ամիս հոսի, ես զարմանում են՝ հնարավո՞ր է այդ տունը երբեւիցե վերականգնել, հիմք կմնա՞ տակը: Տղայիս բանակ եմ ճանապարհելու, Ռուսաստանից եկել է, որ բանակ գնա, եթե ինքը իր պարտականությունները կատարում է, ինչո՞ւ կառավարությունը մեր մասին չի մտածում, իրենց արածը հարցի լուծում չէ ախր, բանակ գնացողի խիղճն էլ պիտի հանգիստ լինի, մեզ ի՞նչ ձեւի թողնի այս վիճակում, գնա», -ասում է Գեղեցիկ Կարապետյանը:

Տանն ահավոր գարշահոտություն է տարածվել, նկուղներում ջուրը վերածվել է տիղմի, գիշեր-ցերեկ պատուհանները բաց են, բայց հնար չկա:

«Մեզ 3 միլիոն 460 հազար դրամ գումար են հատկացրել, բայց սա հարցի լուծում չէ, մի հարմարություն պիտի ստեղծեն, որ մի տեղ ապրես, գոնե ուրիշներին նեղություն չտաս, որ ինչ-որ հարց էստեղ լուծվի: Աղջիկս Երեւանում ուսանող է, փոքրն անչափահաս է, տղաս բանակ է գնալու, ես չեմ աշխատում, վերջը տան միակ աշխատող տղամարդը, որը հարկադրված Ռուսաստան է գնում, ի՞նչ ձեւի լուծի այս հարցը, որ տունը գոնե բնակության ենթակա լինի»,- ասում էր տանտիրուհին:

Բնակիչներն ասում են, որ իրենց նկուղներում արտառոց մոծակներ են հայտնվել, գարշահոտությունը, տիղմը այստեղ է հավաքել մոծակների այնպիսի տեսակների, որոնց երբեք չեն տեսել: Ըստ նրանց, Հայաստանի բնակլիմայական պայմաններում նման մոծակներ չկան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031