Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նույն վարորդը 6 ամսում 11 անգամ թաղանթապատել է դիմապակին ու պոկել թաղանթը

Հուլիս 05,2016 14:24

Ինչպես հայտնի է, 2015թ, դեկտեմբերին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների արդյունքում ներդրվեց նվազ նշանակության իրավախախտումների դրույթը: Նվազ նշանակության խախտումները, որոնց դեպքում իրավախախտ վարորդն ազատվում է պատասխանատվությունից, հուլիսի 5-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը:

«Դրանք այն դեպքերն են, երբ որոշակի ժամանակահատվածում կամ տեղում իրավախախտումը վերացնելու դեպքում պատասխանատվություն չի կիրառվում, եւ այն դեպքերն են, երբ կախված որոշակի իրավիճակից ու իրավախախտման վտանգավորության աստիճանից` պատասխանատվություն կիրառելու փոխարեն նախազգուշացում է արվում: Առաջին դեպքերից է, օրինակ, տրանսպորտային միջոցը թաղանթապատված ապակիներով կամ առանց համապատասխան փաստաթղթի վարելը: Եթե վարորդը տեղում վերացնի իրավախախտումը, նրա նկատմամբ պատասխանատվության միջոց չի կիրառվում»,-ասաց Արման Չիլինգարյանը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ ամիսներին ճանապարհային ոստիկանների համապատասխան աշխատանքի արդյունքում թաղանթապատված դիմապակիներով տրանսպորտային միջոցների թիվը չափազանց քիչ է. «Մեր կարծիքով` հայտնաբերել ենք գրեթե բոլոր թաղանթապատված դիմապակիներով տրանսպորտային միջոցները, որովհետեւ մարդիկ չեն ցանկացել տուգանվել ու տեղում վերացրել են թաղանթը, կամ վերացրել են 24 ժամում եւ ներկայացրել են ապացույցներ` իրավախախտումը վերացնելու մասին»:

Չիլինգարյանը նկատեց, որ վարորդներն օգտվում են օրենքի նախազգուշացման դրույթից եւ մի քանի անգամ կատարում նույն խախտումը. «Ունեցել ենք դեպք, երբ մի տրանսպորտային միջոցի հանդեպ վեց ամսում նույն իրավախախտման արձանագրությունն է կազմվել: 11-րդ անգամ այդ տրանսպորտային միջոցը հայտնաբերվել է թաղանթապատված դիմապակիով: Օրենքում նման խնդիր կա»:

Նվազ նշանակության խախտումների մյուս խումբը վերաբերում է կանգառի կանոններին. եթե կանգառը չի գերազանցում մեկ րոպեն, պայմանավորված է ուղեւորի նստելու կամ իջնելու հետ եւ չի խոչընդոտում ընդհանուր տրանսպորտային հոսքին, ապա վարչական պատասխանատվություն չի կիրառվում: Արման Չիլինգարյանի խոսքով, այս դրույթի կիրառության շնորհիվ հատկապես տաքսիների վարորդներից բողոքներ գրեթե չկան, քանի որ մեկ րոպեն բավարար է` անգամ մի քանի ուղեւորի նստելու կամ իջնելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031