Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն պետք է դուրս գա Մինսկի խմբից. այս պահանջով բողոքի ցույց կանցկացվի

Հուլիս 05,2016 14:18

«Ժողովուրդը գտնում է, որ Մինսկի խմբի տրամաբանությանն ու առաքելությանը հակասող գործողություններ է անում Ռուսաստանը: Հակամարտությանը նպաստում է՝ զենք վաճառելով»,- «Առավոտին» ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ներկայացնելով հուլիսի 8-ին իրենց նախատեսած բողոքի ցույցի պատճառը:

ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ի հեռանալու պահանջով հուլիսի 8-ին ԱԻՄ-ը բողոքի ցույց է անցկացնելու:

Պարոն Հայրիկյանի կարծիքով, ճիշտ չէ քննարկել, թե ՌԴ-Թուրքիա հարաբերությունները լավացան ու դա կարող է վատ անդրադարձ թողնել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ՌԴ դիրքորոշման վրա. «Եթե խորքին նայենք, նրանց հարաբերությունները չեն էլ վատացել: Պետությունների միջեւ հարաբերությունները չեն որոշվում մեկ-երկու հայտարարություններով, պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորվում են կնքված պայմանագրերով: ՌԴ-Թուրքիա պայմանագիր կար, գործում էր ու չեղյալ չէր հայտարարվել: Հետեւաբար, միամիտները կարող են ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունները վատացել էին, ռուս-թուրքական հարաբերությունները լավ էլ ծլում, ծաղկում են հայերի հաշվին»:

Անդրադառնալով ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտնած աջակցությանը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ՝ պարոն Հայրիկյանն ասաց. «ՀԱՊԿ-ի դրսեւորումները որեւէ արժեք չունեն: Ձեռքբերման մասին խոսելն ուղղակի հիմնավոր չի լինի, որովհետեւ մենք ոչ մեր ցանկությունների տեսակետից ենք առաջընթաց տեսնում, այն է՝ խաղաղություն ու հստակեցում հարաբերություններում, ոչ էլ ազերիներն են իրենց երազանքների իրականացմանը հասել, այն է՝ Հայաստանն ու Արցախը վերացնել: Լուրջ ձեռքբերումների մասին խոսելու հիմքեր չունենք: Չեմ ասի, թե ՀԱՊԿ ԱԳ նախարարների այս հայտարարությունը ինչ-որ բան նշանակում է, երեւի իներցիայով փորձում են ասել, որ իրենք էլ մի բան նշանակում են: Սա Մինսկի խմբի իրավասության շրջանակների հարց է, այնպես որ, որեւէ մեկի հայտարարությունը, եթե դրական լիցքեր են հաղորդում, կարող են գովելի համարվել, բայց ընդհանուր առմամբ, ինքնացուցադրման քայլեր են, շատ խանդավառ չեմ ու չէի էլ ուզենա, որ որեւէ մեկը Մինսկի խմբից բացի, մասնակցեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031