Ռուսաստանի Դաշնությունն արդեն սկսել է ակտիվորեն նախապատրաստվել 2018թ. այդ երկրում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալությունը։
Ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարին ընդառաջ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որի համաձայն՝ 2018թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը և այդ ժամկետներին նախորդող ու հաջորդող 10 օրվա ընթացքում «Երկրպագուի քարտ» ունեցող բոլոր անձինք հնարավորություն կստանան առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության ընթացքում առանց վիզայի ՌԴ մուտք գործելու հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ «Երկրպագուի քարտը» հնարավոր կլինի ստանալ համացանցի միջոցով։ Իրավապահների հետ խնդիր չունենալու համար երկրպագուներից կպահանջվի իրենց հետ ունենալ իրենց անձնագիրը, ֆուտբոլային հանդիպման տոմսերն ու «Երկրպագուի քարտը»։