Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մուսուլմանական սուրբ տոնի՝ Ռամադանի առիթով կատարած տոնական նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչության խնդրին և մի շարք այլ հարցերի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Էրդողանը լրագրողներին տեղեկացրել է, որ 2016թ. հունիսի 28-ի Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը մեղսակից լինելու կասկածանքով շուրջ 30 ձերբակալված կա։
Թուրքիայի նախագահի խոսքերով՝ Ստամբուլի ահաբեկչության կազմակերպիչների մեջ կովկասցիներ կան։ Ձերբակալվածների թվում առկա են մարդիկ, որոնք եկել են Դաղստանից, Ղրղզըստանից և Տաջիկստանից։ Էրդողանը նշել է, որ ահաբեկիչների թիրախն օրեցօր հզորացող Թուրքիան է։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կայանալիք հանդիպման հնարավորությանը, ասելով, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2016թ. հուլիսի վերջին, կամ օգոստոսին, բայց այդ հարցում դեռևս վերջնական որոշում չկա։