Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը եզակի երկրներից է, որ պաշտպանում է Հայոց ցեղասպանության ժխտումը. Haaretz.com

Հուլիս 05,2016 12:18

Իսրայելական հեղինակավոր Haaretz.com պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ինչպես նաև Իսրայելի Կնեսետում սպասվող՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկմանը։

Պարբերականի փոխանցմամբ՝ 2016թ. մայիսի 31-ին, Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից մի քանի օր առաջ, Իսրայելի խորհրդարան էր ներկայացվել մի նախագիծ, որն առաջարկում էր քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այդ նախաձեռնությունը հետաձգվեց Իսրայելի արտաքին գործերի նախարարության գործադրած ջանքերի հետևանքով (ուշագրավ է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը գլխավորում է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն,- խմբ.), իսկ այսօր՝ 2016թ. հուլիսի 5-ին, այն պետք է կրկին քննարկվի Իսրայելի խորհրդարանում։

Հեղինակն անհավանական է համարում, որ Կնեսետը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հատկապես, եթե հաշվի առնենք վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվող ջերմությունը և իսրայելա-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական համագործակցությունը։

Հոդվածագիրը հիշել է 2015թ. հուլիսին Կնեսետի կրթական հանձնաժողովի նիստերից մեկի քննարկումը, որի ժամանակ արծարծվել էր Հայոց ցեղասպանության հարցը։ Քննարկումներին մասնակցող բոլոր պատգամավորները համաձայն էին, որ Հայոց ցեղասպանությունն ընդունվեր Իսրայելում և միայն երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն էր, որ ասում էր, թե ցեղասպանություն տերմինը քաղաքականացված է։ Հոդվածի հեղինակը գրում է. «Պատկերացրեք՝ եվրոպական որևէ երկրի կառավարություն պնդեր, թե Հոլոքոսթը քաղաքական տերմին է…»

Հայոց ցեղասպանության մասին անդրադարձի ավարտին հեղինակը նշում է. «Եթե նույնիսկ Իսրայելի ժողովուրդն ու պետական մարմինները ուրախ չեն լսել այսպիսի խոսքեր, նրանց պետք է ասվի, որ Իսրայելը ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Մենք մեկն ենք այն ժողովրդավարական երկրներից, եթե ոչ միակը, որը մերժում է ցեղասպանությունը և աջակցում Թուրքիայի ժխտողական համառ քաղաքականությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031