Բուքմեյքերների գործունեության, տնտեսության եւ բնակչության վրա թողած ազդեցության մասին «Հայկական ժամանակը» զրուցել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ։
– Պարոն Առաքելյան, կարո՞ղ եք ասել, թե տարեկան ՀՀ բնակչությունը որքան գումար է թողնում բուքմեյքերական գրասենյակներում։
– Տարբեր գնահատականներով տարեկան Հայաստանում մոտ 150- 200 մլն դոլարի «բախտ են որոնում»։
– Դա շա՞տ է, թե՞ քիչ։
– Հաշվի առնելով ՀՀ բնակչության քանակը, եկամուտների մակարդակը՝ կարծում եմ դա բավական մտահոգիչ թիվ է։ Որպեսզի ավելի պատկերավոր դառնա, համեմատության համար նշեմ, որ այդ ծավալը մի փոքր է զիջում հացի սպառման ծավալներին։
– Պե՞տք է արդյոք սահմանափակել այդ խաղերը կամ լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրել դրանց կազմակերպիչներին։
– Իմ կարծիքով անհրաժեշտ է պարզապես արգելել դրանց գործունեությունը։ Օրեցօր աճող խնդիրների պարագայում ոլորտը պարզապես չարիք է դարձել աղքատ եւ գործազուրկ հասարակության համար։ Իհարկե, կան նաեւ մասնակի սահմանափակման տարբերակներ՝ գովազդի արգելում, տարիքային սահմանափակման խիստ վերահսկողություն, խաղադրույքների վերին շեմի համակարգային սահմանափակում, խաղադրույքների ժամանակ անձնագրային տվյալների պահանջում։
Որոշ երկրներում այդ ընկերությունը շահույթի մի մասն ուղղում են սպորտի զարգացմանը՝ որպես յուրահատուկ հարկատեսակ։
Բայց, կարծում եմ, պետք է օրինակ վերցնել Արցախի Հանրապետությունից, որտեղ արգելված է նման ընկերությունների գործունեությունը։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում