Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիական ելք պետերբուրգյան փակուղուց

Հուլիս 05,2016 22:00

Հունիսն անցավ. ի՞նչ եղան Վիեննայում
ձեռք բերված պայմանավորվածությունները

Անցյալ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Բաքուն դեմ չէ, որպեսզի Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը տեղի ունենա Փարիզում: Դա տեղի ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Երեւան եւ Բաքու կատարած այցերի արդյունքում:
Դրան նախորդել էր Ֆրանսիայի եւ ՌԴ ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էյրոյի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսային խոսակցությունը, իսկ ավելի վաղ՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից մեկ օր անց, Փարիզի առաջարկը, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել իր հարթակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը:

Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումն ինքնին արդեն Վիեննայի պայմանավորվածությունների եռակողմ խախտում էր, որը նախաձեռնեց Մոսկվան, դրան հաճույքով արձագանքեց Բաքուն, իսկ Երեւանին պարզապես «բերման ենթարկեցին», քանզի ակնհայտ է, թե որքան է նման հանդիպումը վնասում Հայաստանի եւ ԼՂՀ շահերին: Արդյունքն էլ եղավ համապատասխան. Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի ռեժիմի մշտական մոնիթորինգի, այդ ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության, այդ մեխանիզմները կյանքի կոչելու համար Անջեյ Կասպրշիկի գրասենյակի՝ անհրաժեշտ չափով մեծացման մասին հայտարարության մեջ չեղավ եւ ոչ մի կոնկրետ խոսք: Մինչդեռ Վիեննայում ֆիքսվել էր, որ հունիսյան հանդիպմանը պետք է այդ մեխանիզմները բերվեին վերջնական տեսքի: Բայց Մոսկվան չմոռացավ պետերբուրգյան փաստաթղթում ֆիքսել, որ «այս ձեւաչափով» եւ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափին «զուգահեռ»՝ այսպիսի հանդիպումները պետք է շարունակվեն…

Փաստորեն, Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ Մոսկվայի կողմից փորձ արվեց լղոզել Վիեննայի պայմանավորվածությունները եւ գործընթացը դնել փակուղու առաջ՝ պայմանավորելով գործընթացի հետագա ճակատագիրը սեփական շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտությամբ:

Բացի դրանից, հունիսի 30-ին Հայաստանին պարտադրվեց միասնական ՀՕՊ համակարգի մասին պայմանագրի վավերացումը, ինչը լրացուցիչ եւ ազդու լծակ է տրամադրում Մոսկվային տարածաշրջանում: Իհարկե, սա որեւէ կապ չունի Հայաստանի շահերի եւ մանավանդ՝ անվտանգության հետ: Որքան էլ իշխանության հեքիաթասացները պնդեն հակառակը (ինչպես դա տեղի է ունեցել նման դեպքերում՝ սկսած էներգետիկայի ոլորտի հետ կապված խայտառակ գործարքներից, վերջացրած ԵՏՄ-ի հետ կապված նվաստացուցիչ եւ վնասակար գործընթացով), միեւնույն է՝ դա էապես թուլացնում է Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան բանակցություններում, սահմանափակում սեփական շահերից բխող դիրքորոշում ապահովելու հնարավորությունները: Անլուրջ է, երբ նրանք մեզ փորձում են ապացուցել, որ Բաքվին հարձակողական զենքի գլխավոր մատակարարին երկնքի բանալիները հանձնելը, նրան «դաշնակից» համարելը բխում է Հայաստանի շահերից…

Գերմանական, ֆրանսիական, ամերիկյան դիվանագիտությունների ակտիվությունը, այդ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների նախաձեռնությամբ հեռախոսային բանակցությունները Լավրովի հետ, Շտայնմայերի այցը տարածաշրջան՝ այս ամենը հնարավորություն է ստեղծել, որ փարիզյան հարթակում գործընթացը շարունակություն ստանա, եւ դա չլինի Ռուսաստանի «էքսկլյուզիվը», ինչն ընդունակ է պարզապես նենգափոխել բանակցությունների փիլիսոփայությունը փոխզիջումների ուղուց դեպի ռուս-ադրբեջանական գործարք՝ ի հաշիվ հայկական շահերի: Սակայն այլ հարց է՝ կօգտվի՞ դրանից Հայաստանը:

Պարզ է, որ Ռուսաստանը շարունակելու է իր ջանքերը, որ ձեռքից բաց չթողնի իր պետերբուրգյան «նվաճումը», եւ այդ ճոճանակը եւս մեկ անգամ կթեքվի ռուսական կողմը, երբ Լավրովը այցելի Երեւան եւ Բաքու: Կրեմլի «ամենասիրելի» հակամարտությունն է Ղարաբաղյանը, եւ հասկանալի է, թե ինչու:
Բայց Արեւմուտքն էլ իր քաղաքականությունն է հստակեցնում Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքի նկատմամբ: Հուլիսի 8-9-ը Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ Արեւմտյան ընկերակցության ռազմավարությունն այդ հարցում կստանա հստակ ուրվագծեր, Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում՝ պետք է զսպվի եւ կասեցվի, եւ այդ ուղղությամբ բոլոր ռազմական եւ ոչ ռազմական գործիքակազմը գործի է դրվում: Իսկ արդեն հուլիսի 15-ին նախատեսված է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որտեղ բացի Բալթիկ ծովում անվտանգության սպառնալիքների հարցից, ինչի մասին հրապարակված է, բազմաթիվ այլ հարցեր, ըստ ամենայնի, եւս կքննարկվեն:

Բավականին բարդ ժամանակահատված է սպասվում Հայաստանին, որի դիրքերը չունեն բավարար ամրություն, որպեսզի հնարավորություն ունենա օգտվել բացվող հնարավորություններից: Ավելին՝ Երեւանը շարունակում է անել քայլեր, որոնք էլ ավելի են թուլացնում այդ դիրքերը, եւ շարունակում է իր հատվածային, անտրամաբանական, անհետեւողական քաղաքականությունը: Մինչդեռ խնդիրները պարզ են. Ղարաբաղը պետք է որպես լիիրավ սուբյեկտ վերադառնա բանակցությունների սեղանին, որեւէ զիջումներ հայկական կողմից, որոնք «հետաքրքիր» են Բաքվին, կարող են քննարկվել միայն այն դեպքում, երբ Բաքուն անվերապահորեն ընդունի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը՝ իրավաբանորեն պարտադիր հանրաքվեի մասով՝ այն, ինչ առաջարկում է ԱՄՆ-ը: Այդ հարցում Հայաստանի եւ ԼՂՀ գլխավոր խոչընդոտը ոչ միայն եւ ոչ այնքան Բաքուն է, որքան Մոսկվան: Իսկ Արեւմուտքն էլ պարտավոր չէ, վերջ ի վերջո, միշտ օգնության հասնել իրեն «անհույս հիվանդի» պես պահող պաշտոնական Երեւանին, եւ մի օր այդ «բարեգործությունը» կարող է ավարտվել…

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

05.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031