Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ ես ապրում՝ կարեւոր չէ

Հուլիս 05,2016 10:00

Ինձ անհայտ մի ռեժիսոր իր տան վաճառքի հայտարարությանը կցել է նաեւ «քաղաքական» տիպի հայտարարություն, թե ինչ վատ երկիր է Հայաստանը, եւ որքան մեծ է իր ցանկությունն այստեղից գնալու: Սովորաբար այդ թեմայով խոսակցությունները ուղեկցվում են չափազանց հուզական ռեակցիայով այն մարդանց կողմից, որոնք կամ այս 25 տարվա ընթացքում լքել են Հայաստանը, կամ պատրաստվում են դա անել. «բա էդ ձեր երկրում հնարավո՞ր է ապրել», «ի՞նչ է, մենք խոսելու տեղ չունե՞նք՝ մեր սիրտն էլ է ցավում», «որ մենք ձեզ փող չուղարկենք, դուք սովից կմեռնեք», «բա Հայաստանի իշխանությունները…» եւ այլն:

Դա շատ հեշտ ճանապարհ է՝ խոսակցությունն այլ կողմ տանելու (կարծեմ, «թրոլինգ» է կոչվում)՝ իբր մենք՝ Հայաստանում ապրողներս, գնացողներին ինչ-որ բանում մեղադրում ենք, իրենք էլ պաշտպանվում են: Նման բան չկա եւ չի կարող լինել: Հայաստանում ծնվելն ու այստեղ ապրելը, Հայաստանում ծնվելն ու այստեղից գնալը, այլ երկրում ծնվելն ու ապրելը, այլ երկրում ծնվելն ու Հայաստան գալը, Հայաստանում ծնվելը, այլ երկիր գնալը եւ հետո վերադառնալը ինքնին չեն խոսում որեւէ մարդու արժանիքների (մասնավորապես` հայրենասիրության) կամ թերությունների մասին, ո՛չ ողջունելի է, ո՛չ էլ դատապարտելի: Այդ բոլոր տարբերակների պարագայում ազգությամբ հայ լինելը կամ չլինելը նույնպես ինքնին արժանիք կամ թերություն չէ: Բոլոր մարդիկ իրավունք ունեն ընտրելու տարբերակներից յուրաքանչյուրը, բոլոր տարբերակներում մարդիկ կարող են դրսեւորվել դրական կամ բացասական կողմերից, բոլոր այդ տարբերակների պարագայում նրանք իրավունք ունեն լավ կամ վատ բաներ ասելու Հայաստանի կամ որեւէ այլ երկրի մասին՝ ընդհանրապես եւ այդ երկրների իշխանությունների մասին` մասնավորապես:

Որեւէ տեղ ապրելը կամ որեւէ տեղ տեղափոխվելը բացարձակապես ոչինչ չի նշանակում: Կարեւոր է, թե ԻՆՉՊԵՍ ես ապրում: Ահա այստեղ է, որ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ինձ, օրինակ, դուր չի գալիս «պայմանական» սերը՝ ես քեզ սիրելու եմ, եթե… Անկախ նրանից՝ խոսքը երկրի թե անձի մասին է: Դա, իմ կարծիքով, մաքուր շանտաժ է: Ճիշտ այդպիսի շանտաժ է ինձ թվում հայտարարելը՝ տվեք ինձ այս բանը, թե չէ՝ ես կգնամ այս երկրից:

Միանգամայն հասկանալի է՝ եթե մարդուն նեղացրել են, եթե նա չի կարողանում դրսեւորել իր մասնագիտական ունակությունները, եթե չի կարողանում կերակրել իր ընտանիքը կամ չի տեսնում իր երեխաների ապագան, նա ուզում է երկրից գնալ: Իրականում այս բոլոր դեպքերում կա երկու ճանապարհ՝ կա՛մ պայքարել, որ քո եւ մնացածի համար ստեղծվեն նորմալ պայմաններ, կա՛մ հեռանալ երկրից: Բայց երկրորդ պարագայում պետք չէ զբաղվել քո այդ քայլի PR-ով: Սուսուփուս գնա՝ քո իրավունքն է: Թե չէ՝ տպավորություն է ստեղծվում, որ դու քո այդ նեղացածությունն ուզում ես ինչ-որ մեկի վրա «ծախել»՝ «Дядь, մի հատ փեչատը դիր, գնամ»: Բայց սեփական քայլերը PR անելը նույնպես ամեն մեկի իրավունքն է: Երեւի, ճաշակի հարց է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Գնացողներին երբեք չեմ քննադատել,չեմ մեղադրել ու չեմ էլ քննադատի ու մեղադրի։Բայց որ գնում ու հեռվից փորձում են ինձ ուղղություն տալ, թե ես ոնց պայքարեմ ու ինչպես պետք ա հեղափոխություն արվի,այ հենց էստեղ, “ֆազերզ” գցում ա։

  2. Մարգար Մախսուդյան says:

    Պատգամ որպես.
    .
    Թե որոշել ես՝ սուսուփուս գնա
    Ձյաձի փեչատից կախված մի մնա:
    Գնա ուր կուզես՝ ուր բախտդ բերի
    Գտիր մի լավ գործ կամ մի հող բերրի…

    Իսկ մենք հպարտ ենք հենց մեր հողերում
    Անելիք չունենք օտար խաղերում
    Մեր առաջնորդին շատ ենք համակրում
    Ու մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում…
    .
    Իմաստուն հիմնավորումներ.
    – Ով էլ ընտրվի՝ դրանից բան չի փոխվելու…
    – Ոչ թե նա է մեղավոր, այլ՝ մենք…
    – Պայքարիր կամ հեռացիր…
    – Որքան էլ վատանա, միևնույնն է, կգտնվեն մարդիկ, որոնք չեն հեռանա…
    – Որքան էլ գնան՝ մեկ է, քարտեզի վրայից չենք վերանա…
    – Եթե քարտեզի վրայից վերանանք էլ, որպես ազգ չենք կործանվի…
    …………………………………………………………………………………………….

  3. Ruben says:

    Անկախ Հայաստանում, հիմնականում արյան առաջին խմբի տեր անձանց համար, կան երեք խնդիր (problem) ՝ ծնվելը, ապրելը (գոյատեւելը) եւ մեռնելը:

  4. Հրանտ Պապիկյան says:

    Միակ երկիրը, որտեղ ուզում եմ ապրել՝ Հայաստանն է

  5. Տիգրան says:

    Միակ երկիրը, որտեղ ուզում եմ, բայց չեմ կարողանում ապրել՝ Հայաստանն է: Որովհետեւ Հայաստանում ինձնից ավելի ուժեղ ու ճշմարիտ հայերը տշում են իմ լեզուն, կործանում են մշակույթս, պատռում են ականջներս արաբաթուրքական կլկլոցով, եւ եթե ցանկական, ապա կանարգեն եւ պատիվս եւ կվերցնեն ազատությունս ու կյանքս: Եւ եթե «Սերժիկը լավը չի» ասողն ունի այդ մերկապարանոց հայտարարության հարյուրհազարավոր կողմնակիցներ, ապա նույն այդ հակասերժիկականներն ու սերժիկամոլները բացարձակ միակամ են իմ լեզուն տշելու, մշակույթս կործանելու, ականջներս արաբաթուրքական կլկլոցով պատռելու ու մղձավանջային մնացած պայմանները Հայաստանում մշտակայուն պահպանելու հարցերում: Իսկ թե մարդը նեղացած կգնա, թե սուսուփուս՝ էական չէ: Գնալն, ի վերջո, հետեւանք է:

  6. Եթե մարդու տունը աղտոտ է կամ քարուքանդ է, ինքն է իր տունը մաքրում ու շենացնում և ոչ տանից փախնում …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031