Լրահոս
Օրվա լրահոսը

Որ հնարավոր լինի ջենթլեմենական համաձայնության հասնել որոշ կայքերի հետ՝ նախ պետք է պարզ դառնա, թե ովքեր են այդ «ջենթլմենները»

Հուլիս 05,2016 08:00

Որպես 15 խմբագիրների հայտարարությունը ստորագրածներից մեկը՝ խոստովանեմ՝ բավական անսպասելի էր, որ հայտարարությունը քննադատեցին մեր որոշ գործընկերներ:

Համառոտ հիշեցնենք, թե ինչ են առաջարկում խմբագիրները. «Կոչ ենք անում.

1. Պատկան մարմիններին՝ փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում։ Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետեւանքներով:

2. Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության եւ գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ։

3. Վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել»:

Հիմա բազմազան քննարկումների ընթացքում մեր գործընկերների ներկայացրած գլխավոր հակափաստարկն է, թե չի կարելի այս խնդիրները փորձել լուծել իշխանության միջոցով, քանի որ այն կարող է այդ լծակները գործադրել այլ, ու մասնավորապես՝ գրաքննության նպատակով:

Ընդ որում՝ այս հակափաստարկն անգամ ծայրահեղ ձեւակերպում ստացավ: «Կտրականապես դեմ եմ լրատվամիջոցների դաշտը օրենսդրորեն կարգավորելուն»,- «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը.- Շատ վտանգավոր եմ համարում, եթե Հայաստանի իշխանություններին կոչ անեն կարգավորել համացանցը»:

Դեմ լինենք-չլինենք՝ նաեւ ԶԼՄ-ների դաշտն է օրենսդրորեն կարգավորվում: Ընդ որում՝ համացանցի վրա էլ են տարածվում որոշ կարգավորումներ:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Չափ ու սահման» հաղորդաշարի եթերում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես մտավախություն հայտնեց, թե խմբագիրների հայտարարության մեջ շարադրված մոտեցումները կարող են առիթ դառնալ, որ իշխանությունները որոշեն իրենց տեսակետներին համապատասխան կարգավորել լրատվական դաշտը: Ավելի լավ է՝ դուք կարգավորվեք, քան ձեզ փորձեն կարգավորել՝ լիովին տեղին առաջարկ հնչեցրեց Աշոտ Մելիքյանը: Հիշատակեց այլ երկրների փորձը, երբ իրենք՝ լրատվամիջոցների ղեկավարները պայմանավորվել են ինչպես անել մեջբերումներն ու հղումները եւ այլն: Ու պնդեց, թե նման ջենթլմենական կամ մասնագիտական պայմանավորվածություններն աշխատում են ավելի արդյունավետ, քան օրենքը:

https://www.youtube.com/watch?v=rKli4e7dwMw

Կողմ լինելով ինքնակարգավորմանը՝ այնուամենայնիվ, երկու հակափաստարկ ունեմ: Նախ՝ դեռ 2007 թվականին է հանդես բերվել ինքնակարգավորման նախաձեռնությունը: ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողների Կանոնագիրը ստորագրել է Հայաստանի 43 լրատվամիջոց, իսկ նախաձեռնությանը սատարում է լրագրողական 8 միություն: Սակայն նույնիսկ եթե մի կողմ թողնենք, որ ստորագրողների զգալի մասը մարզային լրատվամիջոցներ են, մի երկու-երեքն էլ վստահ չեմ, որ դեռ գործում են՝ որքանո՞վ է նախաձեռնությունը նպաստում, որ չլինեն այն խնդիրները, որոնք էլ ծնունդ են տվել խմբագիրների հայտարարությանը: Իմ համոզմամբ՝ բնավ չի նպաստում, քանի որ այն լրատվամիջոցները, որոնք այդ խնդիրների «հարուցիչն» են՝ չեն միացել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին, եւ անգամ չունեն սեփական վարքականոն:

Սիրով կհամաձայնեի առաջարկին՝ փորձել հասնել նրանց հետ այնպիսի ջենթլմենական համաձայնության, ինչպես եղել է այլ երկրների պարագայում, եթե գոնե մոտավոր պատկերացում լիներ, թե ովքեր են այդ «ջենթլմենները»: Սակայն առկա պատկերի մասին մեզնից ավելի շատ խոսել են հենց նույն լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները, թե կայքերի զգալի մեծամասնության վերաբերյալ չկա բացարձակապես եւ ոչ մի տվյալ՝ ոչ հասցե ու հեռախոսահամար, ոչ պատասխանատուի ու խմբագրակազմի անունները:

Ինչպե՞ս է հնարավոր այս խնդիրը կարգավորել, եթե ոչ օրենքով, ու առանց զգուշանալու մեղադրանքներից, որ մենք իշխանության ձեռքը մահակ ենք տալիս:

Ի դեպ, մի մեղադրանք էլ «Սիվիլնեթի» սյունակագիր Արմեն Գրիգորյանի կողմից է հրապարակվել, թե էլ է հնչել, թե լրատվամիջոցների այս նախաձեռնությամբ «փորձում են սահմանափակել ազատ մամուլն ու ազատ խոսքը»: Սակայն իմ կարծիքով՝ նման տվյալներ չբացահայտող լրատվամիջոցը ոչ թե խոսքի ազատության հետ կապ ունի, այլ «անստորագիր նամակների» հին ավանդույթի: Եվ բնավ պատահական չէ, որ առավել նման կայքերի միջոցով են տարածվում վիրավորանքներ ու զրպարտություններ:

Նույն հեղինակը «Մեդիա» կենտրոնի քննարկման ժամանակ հայտարարեց. «Խոսքի ազատության սահմանափակման իմ կողմից տեսած ամենակարեւոր խնդիրն այն էր, երբ որ հարկայինին հրավիրվում էր, որպեսզի ինչ որ գործողություն կատարվի: Հայաստանում ամենաքիչ վստահություն ունեցող մարմինը, ամենակոռումպացված մարմիններից մեկը՝ բերվում է մի դաշտ, «հաշիվներ մաքրելու» մի դաշտ»:

Ցավոք, ողջամիտ բացատրություն չի հնչում, թե ինչու պետք է որոշ լրատվամիջոցներ աշխատակազմ պահեն, նաեւ հարկեր վճարեն այդ «վստահություն չվայելող ու կոռումպացված» մարմնին, ենթակա լինեն պարբերական ստուգումների եւ այլն, իսկ այլ «լրատվամիջոցներ» այս ամենը չանելով՝ ուղղակի յուրացնեն նրանց արտադրանքը ու վաստակեն՝ գովազդներ տեղադրելով: Եվ երբ կոչ արվի, որ իրենք էլ բերվեն հարկային դաշտ՝ դեռ մեղադրվեն, թե սահմանափակում են ազատ խոսքը:

…Իբրեւ այդ հայտարարությունը ստորագրած խմբագիր ես հրաշալի հասկանում եմ, որ մեր առաջարկները բազմաթիվ հարցադրումների տեղիք են տալիս ու բնավ չեն առաջարկում ամբողջական լուծումներ: Դե, հետո ինչ, որ կոչ ենք արել չհավատարմագրել՝ քիչ չեն այն պետական մարմինները, որոնք իրենց աշխատանքի ուղիղ հեռարձակում են ապահովում կամ հետո հրապարակում տեսագրությունները, այնպես որ՝ լուսաբանման հնարավորություն միշտ կա: Շատ նեղեն՝ պահանջելով բացահայտել թողարկման պատասխանատուին կամ հսկողություն փորձեն սահմանել գովազդային մուտքերից՝ am տիրույթից ուղղակի կարտագաղթեն com կամ այլ տիրույթներ ու վերջ:

Սակայն այսուհանդերձ նախընտրելի կլիներ, որ մեր առաջարկած լուծումները թեկուզ տեղին քննադատողները փորձեին իրենք էլ առաջարկել, թե ինչպես է հնարավոր կարգավորել հայտարարության մեջ նշված խնդիրները, որոնց առկայությունը կարծես չի մերժում ոչ ոք:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ www.plagiarism.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031