Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմում հայ զինծառայողներին խոշտանգելու դեպքերով կդիմեն ՄԱԿ

Հուլիս 04,2016 23:00

Ապրիլյան պատերազմում հայ զինծառայողներին խոշտանգելու դեպքերով «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Aravot.am-ին հայտնեց, որ առաջիկայում կդիմի դաժան վերաբերմունքի կրճատմամբ եւ կանխարգելմամբ զբաղվող ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեներին:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունում 3 առանձին քրեական գործ է հարուցվել՝ 19-ամյա եզդի զինծառայող  Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով: Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, իսկ Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։

«Մեր ակնկալիքները շատ համեստ են, որովհետեւ մենք դեռ չունենք դրական փորձ, եղել են դեպքեր, հետեւողաբար դիմել ենք, բայց առայժմ չունենք ավարտած գործընթաց, երբ հստակ գնահատական կամ մոտեցում դրսեւորվի, ինչպես դա անում են Human Rights Watch կամ այլ միջազգային հասարակական կազմակերպություններ՝ իրենց հստակ գնահատականներով»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Ըստ նրա, թեեւ ՄԱԿ-ի այդ երկու կոմիտեն, ուսումնասիրելով տվյալ պետության վիճակը գնահատական են տալիս, բայց. «Ցավոք սրտի, այդ մեխանիզմներն իրենց մեջ չեն պարունակում ՄԱԿ-ի պատկան ատյաններից պահանջ՝ նման դեպքերի համար սանկցիաներ կիրառելու վերաբերյալ»:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ու այլ պաշտոնյաներ մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցներում պնդում էին, որ միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել զինվորներին կենդանության օրոք գլխատելու և խոշտանգման փաստերին, տիկին Ալավերդյանի խոսքով էլ, ուղղակի արձագանք հնարավոր չէ. «Անմիջական արձագանք տեղի չի ունենում, բայց, երբ ՄԱԿ-ի այդ երկու կոմիտեն տվյալ երկրում դաժան վերաբերմունքի վերաբերյալ ուսումնասիրություն անեն, այդ ժամանակ արձագանք հնարավոր կլինի»:

Հայ զինծառայողների խոշտանգման դեպքերով իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան, բայց այլ մանրամասներ նրանք հրաժարվեցին պատմել՝ ասելով, առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031