Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կյանքի որակը և տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտություն

Հուլիս 04,2016 21:35

Առաջարկություններ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին

Քառօրյա պատերազմից հետո   նորանոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ 12.05.2016 թ. ` առաջարկելով զարգացման արդյունավետ մոդելների կիրառման քննարկումներ նախաձեռնել: Առավոտը ներկայացնում է ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ, ամերիկյան քիմիական ընկերության ու ամերիկյան արդյունաբերական քիմիայի ընկերության անդամ Արմեն Ավագյանի փորձագիտական եզրակացությունը հետխորհրդային ժամանակահատվածում տնտեսական զարգացման արդյունավետության ու անհրաժեշտ անցման նոր տնտեսական զարգացման մոդելին։ Արմեն Ավագյանը առաջինը Հայաստանի գիտնականներից ճանաչվել է ԱՄՆ-ում որպես հանճար, շնորհելով Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկրի կոչումը, որպես պատմության մեջ մեկը ամենամեծ և ամենաազդեցիկ առաջնորդներից, ինչպես նաև առաջինը Անգլիայի Քեմբրիջում ընդգրկել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակում և շնորհվել էր «Միջազգային նախագահական մրցանակը սրբապատկեր նվաճումների համար» դափնեկրի կոչումը: Նրա կենսագրությունն ընդգրկված ԱՄՆ և Քեմբրիջում  կենսագրական կենտրոնների տարբեր գրքերում՝ «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ», «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան» ու Մարքիուսի «Ով ով է»:

Այս տարի նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, սպասվում է մեծ շքերթ, որը կառավարման համակարգը նորից ընդունելու է ոչ թե նախկինից ժառանգած բարձր գեղարվեստական արժեք ունեցող քարե տրիբունայում այլ ամեն առիթով հավաքվող ու քանդվող երկաթ-փայտյա կառույցում: Այդ երևույթը խորհրդանշական է նաև տնտեսության համար: Հանրահայտ «Ֆորբս» ամսագրի բնութագրով «նախկին խորհրդային համակարգից ՀՀ ժառանգել էր ժամանակակից արդյունաբերություն, խոշոր ագրոարդյունաբերական համալիրներ, բայց անցել է փոքրամասշտաբ ֆերմերային տնտեսությունների և ներկայումս ունի արտահանման նեղ բազա, համատարած մենաշնորհներ և մեծ կախվածություն`համաշխարհային ու Ռուսաստանի  տնտեսություններից, որոնց վատթարացման դեպքում ՀՀ տնտեսությունը դառնում է կտրուկ խոցելի»:

Համաձայն Համաշխարհային բանկի (ՀԲ) ՀՀ ցածր տնտեսական աճը պայմանավորված է ՌԴ տնտեսական անկմամբ և իր տնտեսության կառուցվածքային թուլություններով: Մեր կառավարությունում, այդուհանդերձ, շարունակում են արտաքուստ լավատեսություն պահպանել, առանց տնտեսական մոդելի անհրաժեշտ բարեփոխումներ ձեռնարկելու, չնայած նախորդ տարիներին տնտեսական աճի ցուցանիշները արդեն իսկ աստիճանաբար վատթարացել էին: Կրկնակի, նախկին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը  2015 թ.  տարեկան հաշվետվությունում նշել էր, որ  «չնայած 2014թ. տարեվերջից և 2015թ. ընթացքում համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ զարգացումների բացասական ազդակների ու միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված կանխատեսումների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի (2015 թ. համար ՀԲ նախատեսել էր 0.0%, Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)` – 1.0%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)` – 1.5%) Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 3.5% աճ»: Բայց Հայաստանը դոլարիզացված երկիր է, քանզի բնակչության կենսամակարդակը զգալիորեն կախված է ներմուծումից, իսկ ստացվող մեծածավալ վարկերը ու մասնավոր տրանսֆերտները արտարժույթով են տրամադրվում: Սա է իրատեսական մոտեցումը: Այդ արտարժույթի համատեքստում 2015 թ. գրանցվեց կտրուկ վատթարացում տնտեսական իրավիճակի՝ ՀՆԱ-ի նվազեցում (-9.3%), արտահանման (-3.9%), ներմուծման (-26.5%), առևտրի շրջանառության (մլն. դրամով` – 8%) և այլ ցուցանիշների, ինչն ակնհայտորեն նմանվում է 2009 թ. տնտեսական ճգնաժամի իրավիճակին և վկայում բնակչության եկամուտների ու կյանքի որակի նվազեցման մասին (սպառմանն ուղղված ծախսերն ավելի ճշգրիտ տեղեկատվություն են ներկայացնում բարեկեցության մասին) (Աղյուսակ):

13625305_1054224121328298_1683897640_n

Համաձայն ՀՀ կառավարության և ՀԲ կանխատեսումների 2016 թ. վիճակն ավելի է բարդանալու, ինչը նշանակում է, որ 2015 թ. երկիրը մտել է տնտեսական ճգնաժամի նոր փուլ և անհրաժեշտ է իրականացնել համապատասխան տնտեսական քաղաքականություն, կիրառել համարձակ կառուցվածքային բարեփոխումներ,  դիտարկել հնարավորություններ բարելավելու բնակչության կյանքի որակը, ներքին պահանջարկի և զբաղվածության աճը, մեղմելով ճգնաժամի ազդեցությունը:

Կառավարության և տնտեսական զարգացման կարևորագույն գործոն  է անձի և հասարակության կյանքի որակի բարելավումը,  քանզի տնտեսական աճը ոչ բոլոր դեպքերում  է հանգեցնում  բարեկեցության աճին: Օրինակ, 2015 թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը  ավելացել էր 0,6 %, ներմուծված գազի ծավալը նվազել է 6,8 % 2014 թ. համեմատ, բայց հայտարարվել էր, որ 2015 թ. տնտեսական աճին նպաստել էր 6 % աճը էներգետիկ ոլորտում: Ակնհայտ է, որ վերջինս կարող էր կազմավորվել հիմնականում սակագնի բարձրացման արդյունքում, որը բացասական ազդեցություն է ունեցել քաղաքացիների կյանքի որակի և երկրի մրցունակության վրա:  Կյանքի որակի ցուցանիշը ընդգրկում է տարբեր տիրույթների գնահատում` տնտեսական, բնապահպանական, կառավարման մարմինների քաղաքականության արդյունավետության, դատական համակարգի գործունեության  և այլն: Այսպիսով, քննարկենք մի քանի ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումները, որոնք ճգնաժամային իրավիճակում կնպաստեն հասարակության լայն շերտերի կյանքի որակի բարելավմանը, գնողունակության բարձրացմանը և ունեն հանրային հնչեղություն:

Համատիրություններ: Գույքի սեփականության տիրապետման իրավունքը շաղկապված է նրա պահպանման և կառավարման  «բեռի» հետ: ՀՀ կառավարության 30.05.1995 թ. թիվ 295 որոշումը, ուղղված էր աջակցելու համատիրությունների ձևավորմանը` ապահովելու բազմաբնակարան շենքերի ընդհանուր սեփականության կառավարումը (2001 թ. 1,646.3 մլն քաղաքացի բնակվում է բազմաբնակարան շենքերում, 2014 թ.՝ բազմաբնակարան շենքերի քանակը կազմում էր 18964, նրանց կազմում բնակարանների քանակը՝ 435348): Այդ գործընթացի համար տարբեր միջազգային կազմակերպություններ հատկացրել էին դրամաշնորհներ, համատիրությունների կազմավորման միջոցով ժողովրդավարության սկզբունքների ներդրմանը աջակցելու, ինչպես նաև բնակիչներից տարբեր վճարների հավաքագրմանը նպաստելու համար: Սակայն, համաձայն ՀԲ աջակցությամբ կատարված հետազոտությունների` բնակիչները միայն տեղեկացվել էին համատիրությանն իրենց անդամակցության մասին: Այսինքն, համատիրությունների ձևավորման գործընթացում կոպտորեն խախտվել  է քաղաքացիների կամավոր մասնակցության սկզբունքը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 6-րդ հոդվածի պահանջը՝ «Ամեն ոք, որտեղ էլ որ լինի, իրավական սուբյեկտ ճանաչվելու իրավունք ունի» (համատիրության շենքում բնակվելը չի կարող նույնականացվել նրա անդամ լինելու հետ, քանզի օրենքը պահանջում է բնակչի դիմումի առկայություն, իսկ օրենքով համատիրության կառավարման ներքո գտնվում են միայն այն շինությունները, որոնց բնակիչների 51% ներկայացրել է գրավոր դիմումներ): Այդպիսի համատիրությունների անդամների հավաքագրման ու նրանց  հետաքրքրության և փոխըմբռնման բացակայության հանգամանքում ձևավորված համատիրությունների միայն 20 % է տրամադրել մի շարք ծառայություններ և ակտիվորեն հավաքագրել  պարտադիր մուծումները, 15 %-ը տեղեկացրել է, որ կարող է ակտիվ գործել, բայց չի հավաքել ոչ մի վճար: Համատիրության իրակական կարգավիճակը կոոպերատիվ է, որը  համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 117 հոդվածի «քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորում է»: Բայց փաստացի ոչ համատիրության անդամները, ունենալով ընդհանուր սեփականության մեջ գույքային փայավճարներ, «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6 և 10 կետերով զրկված են  ընդհանուր ժողովում ձայնի իրավունքից: Այսինքն,  ապօրինի սահամանափակված է փայամասերի սեփականությունը տնօրինելու և կառավարմանը մասնակցելու իրավունքը: Բացահայտվել է, որ 1) hամատիրության ներկայացրած ընդհանուր ժողովների փաստաթղթերը չեն պարունակում օրենքով սահմանված անհրաժեշտ պարտադիր տեղեկատվություն  և  նրանք խուսափում են հատկացնել ժողովում ներկա գտնված համատիրության անդամների կողմից իրենց լիազորներին հատկացված նոտարիալ վավերացված լիազորագրերը, համատիրությանը անդամակցելու պարտադիր դիմումները, որոնք կհաստատեն ժողովների օրինականությունը;  2) համաձայն «Կենտրոն» համատիրության ընդհանուր ժողովի 29.01.2010թ-ի թիվ 10/1 քաղվածքի` այն որոշել և հաստատել է 29.01.2010 թ. առանց տնտեսական հիմնավորման աղբահանության սակագնի աննախադեպ կրկնակի աճ մինչև 200 դրամ 01.01.2010 թ-ից: Այսինքն`գերազանցել է իր լիազորությունները, քանզի համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  60 հոդվածի աղբահանության սակագնի հաստատումը տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունն է, իսկ իրավաստեղծ լիազորության փոխանցումն այլ մարմինների օրենքով արգելվում է: Միաժամանակ այդ որոշմանը  տրվել էր հետադարձ ուժ, որը արգելված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 78 կետ 1 կանոնով: Կոպտորեն խախտելով Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջը համատիրությունը ապօրենի կարգով սակագնի բարձրացմամբ բնակիչներին հասցրած վնասի չափի մասին դիտավորմամբ տեղեկատվություն չտրամադրեց, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 148 հոդվածով սահմանվում է որպես հանցանք: Համատիրությունները չունեն իրենց անդամների և ոչ անդամների հետ  վարքագծի կանոններ ամրագրող ներքին ակտ  (անդամակցության դիմում կամ պայմանագիր (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 954 հոդվածի  ու «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 4-րդ կետի պահանջներ), որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293 հոդվածով սահմանվում է, որ «Օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության»: Բայց համատիրությունները ավելացնում են իրենց եկամուտները քաղաքացիներից բռնագանձելով/հափշտակելով գումարները և չարաշահելով պաշտոնական  դիրքը, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3 հոդվածի  կոպիտ խախտում է։  Այդպիսի մոտեցումը ուղղակիորեն նպաստում է քաղաքացիների գնողունակության և կյանքի որակի նվազեցմանը: Մյուս կողմից, համատիրությունների բնակիչներին  մասսայական  ծառայությունների վճարների համար նախազգուշացումները և դատարաններ դիմելու բռնագանձման պահանջներով փաստերը վկայում են այն մասին, որ համատիրությունների գործելակերպը, սխալ կառավարումը  և  բարձր սակագները չեն նպաստել նրանց հանդեպ հասարակության վստահության և հետաքրքրվածության ավելացմանը, ինչը հաստատվում է տարբեր հաղորդումներով (https://mediarom.org/files/box/94c3vkfH5AA/.html; «Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք», 2014, https://kolba.am/hy/post/masnakcowtyown-e-ardyownavet-ka-avarowm-hamatirowtyownnerowm; Ում են ծառայում համատիրությունները, https://mp3evim.com/s/YW1fVFdLWm9COTg), ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի բազմակի անգամ հայտնած դժգոհությունը նրանց աշխատանքից և շենքերի բնակիչների դիմումները համատիրություններ, որոնցում  հայտարարում են, որ իրենք օրենքով սահմանված կարգով չեն հանդիսանում նրանց անդամ կամ ցանկանում են դուրս գալ համատիրություններից: Ներկայիս կարևորագույն հանգամանքն է այն, որ համատիրությունները կորցրել են իրենց սկզբնական նշանակությունը վարձավճարների հավաքագրման հարցում, քանզի էլեկտրոէներգիայի, գազի և ջրի ծառայությունների մուծումները քաղաքացիների կողմից կատարվում են անմիջական ծառայություն մատուցող կազմակերպություններին կնքված պայմանագրերով, և նույն կարգը  պետք է կիրառվի աղբահանության վճարների առնչությամբ: Տարբեր շինանյութերի և կերամիկայի խանութները, ինչպես նաև անհատները արդեն իսկ կատարում են բնակիչների սպասարկում տարբեր ոլորտներում (օրենքով համատիրության անդամակցությունը պարտադիր պայման չէ, և ընդհանուր գույքի պահպանման հարցերը բնակիչները կարող են ինքնուրույն հոգալ): Առկա են համատիրություններ, որոնք ընդգրկում են ավելի քան 1000 շենք, ինչը խոչընդոտում է ժողովրդավարության սկզբունքներով կառավարմանն ու ծախսերի վերահսկողությանը։ Որոշ համատիրություններ վարձակալում են երկհարկանի շքեղ առանձնատներ։

Դատական համակարգ: Եթե նախկինում դատարանները հիմնականում մերժում էին համատիրությունների ապօրինի պահանջները, ապա վերջին երկու տարում կայացնում են քաղացիներից գումարների բռնագանձման որոշումներ (Իրազեկում համատիրության անդամներին և ընկերություններին, https://mediarom.org/files/box/94c3vkfH5AA/.html): Այդպիսի դատավորների շարքի մեջ մտնում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանը, որը այդ նպատակին հասնելու համար դիտավորմամբ թույլ է տալիս ՀՀ քաղացիական դատարավարության 48 հոդվածի 1 և 2 կետերի, 132 հոդվածի 3-րդ մասի 9 կետի ու 4 մասի 6 կետի դրույթների ակնհայտ կոպիտ խախտում, ինչի հետևանքով խախտում է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1 պարբերությամբ և 97 հոդվածի 1 պարբերությամբ սահմանված դրույթները:  Պատշաճ ձևով չի պարզաբանում վճիռը, շրջանցում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը ու չի իրականացնում ապացույցների հետազոտում: Նախկինում 16.08.2012թ. «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից դիմում  էր ներկայացվել ՀՀ արդարադատության խորհրդին նույն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի ներկայացված հիմքերից մեկն առնչվել է թիվ ԵԿԴ 0699/02/12 գործով կայացված վճռի հիմնավորված և պատճառաբանված չլինելու հանգամանքին, որը մերժվել էր: Միայն ՀՀ արդարադատության խորհրդի 31.01.2013թ. թիվ ԱԽ-4-Ո-8 որոշումով այդ դատավորին ենթարկել էին կարգապահական տույժի (ընդամենը նախազգուշացում) թվով 15 քաղաքացիական գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու համար, իսկ փաստաբան Տ. Մուրադյանի Արդարադատության խորհուրդ ներկայացրած դիմումի 14.02.2013թ. ուսումնասիրության արդյունքում նրա դեմ կարգապահական վարույթ չի հարուցվել, քանի որ Արդարադատության խորհրդի վերը նշված որոշմամբ արդեն իսկ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Կարելի միայն ենթադրել, թե ինչու է այդպիսի անուղղելի դատավորը մինչև օրս գտնվում դատական համակարգում: Համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ հարցման արդյունքներից ելնելով դատավորներին պայմանականորեն կարելի է բաժանել երեք կատեգորիաների՝ 1) «ամենասիրված» դատավորներ. գրեթե յուրաքանչյուր գործ համաձայնեցնում են Վճռաբեկ դատարանի հետ և արժանանում  խրախուսանքների, 2) դատավորներ, որոնք համաձայնեցնում են միայն պարտադիր համաձայնեցման ենթակա գործերը, 3) և վերջապես, «ամենաչսիրված» և «անկանխատեսելի» սակավաթիվ դատավորների մի դաս, որն ընդհանրապես որևէ գործ չի համաձայնեցնում Վճռաբեկ դատարանի հետ՝ կայացնելով ինքնուրույն որոշումներ և ենթակա են ճնշումների ու «հետապնդումների» ենթարկվելու մեծ ռիսկի: Համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այդ զեկույցի «դատավորների նկատմամբ ճնշումները որոշակի դրսևորումներ են ստանում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ներսում: Պալատի դատավորների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ կարող է որոշումը ստորագրել առաջինը, այնուհետև այն փոխանցել վճռաբեկ դատարանի պալատի մյուս դատավորներին՝ նման ձևով կաշկանդելով նրանց հակառակ դիրքորոշում արտահայտելու հարցում: Այդ հաստատվում է նաև այն փաստով, որ Վճռաբեկ դատարանի մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող Վճռաբեկ դատարանի անդամն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը: Մինչ օրս հայտնի չէ  Վճռաբեկ դատարանի որևէ դատավորի կողմից հատուկ կարծիք ներկայացնելու փաստ։ Ընդհանուր ճնշվածության և ազդեցության կոնկրետ լծակների առկայության պարագայում Վճռաբեկ դատարանի անդամները հիմնականում խուսափում են դիմադրել պալատի նախագահին և ենթարկվում են նրա կամքին: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ փաստաբանների և դատավորների շրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հարցումները վկայում են այն մասին, որ Վճռաբեկ դատարանի կողմից իրականացվող ճնշումները մեծ դժգոհություն և ներքին ընդվզում են առաջացնում դատավորներից շատերի շրջանում»:

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2015 թ. զեկույցում, որպես առավել լուրջ խնդիրներից նշվել էր Հայաստանում դատական համակարգի կոռումպացումը: Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի Հայաստանում անցկացրած հարցման 2013 թ. մասնակիցների 69%-ը համարել է, որ դատական համակարգը կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված է, իսկ 18%-ը հայտարարել է դատարաններին կաշառք տալու փաստի մասին: ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը հայտնել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի  անձնական շահերից ելնելով է կայացվում վճիռների մեծ մասը: Նրա հրահանգին չենթարկվող դատավորները պարզապես ազատվում են աշխատանքից ու ինքը դեռ 2010թ. օգոստոսին խնդրել է իր աշխատավարձը փոխանցել Արման Մկրտումյանին, որպեսզի ինչ-որ կերպ հագուրդ տա նրա ախորժակին: Սակայն պատգամավորը հաշվի չի առել, որ այն ակնհայտ չի բավարարի, քանզի համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հարցման արդյունքում պարզվել է, որ կաշառքի չափերը տատանվում են՝ առաջին ատյանի դատարանում $ 500-10.000, Վերաքննիչ դատարանում $ 2.000-15.000, Վճռաբեկ դատարանում $ 10.000-50.000 միջակայքերում:

ՀՀ բարձրագույն դատական ատյանը՝ Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և ստորադաս դատարանների թույլ տված դատական սխալներն ուղղելը: Համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հիմնական խախտումները, երկակի ստանդարտները և իրավական կամայականությունները կատարվում են բողոքները վարույթ ընդունելու փուլում և բողոքը վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանման պահանջը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընկալվում է համապատասխան ընդունելիության հիմքի և օրենսդրական դրույթների ձևական վկայակոչման մակարդակում: Վարույթ ընդունված և վերադարձված վճռաբեկ բողոքների ուսումնասիրության արդյունքում հիմնականում հնարավոր չէ բացահայտել, թե ինչ չափանիշներով են վճռաբեկ բողոքներն ընդունվում վարույթ կամ վերադարձվում Վճռաբեկ դատարանի կողմից: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ 2012թ. ստացվել էր 2928 վճռաբեկ բողոք: Մակագրված 2733 բողոքներից 2474-ը (90.5 %) վերադարձվել էր: Համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի, դատական ակտերի լայնածավալ անօրինական և հանցավոր համաձայնեցում է կատարվում Վճռաբեկ դատարանի և ստորադաս դատավորների միջև, ինչով էլ պայմանավորված է դատական ակտերի կայունության բարձր ցուցանիշը ու Վճռաբեկ դատարանը, հիմնականում գիտակցելով, ձևական մոտեցում է դրսևորում բողոքների վերադարձման հանգամանքում` ըստ էության չկատարելով իր սահմանադրական պարտականությունները և Սահմանադրական դատարանի պարտադիր որոշումների պահանջները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները: Հիմնավորված կասկած է հարուցում այն, որ նկարագրվածը իրականացվում է գիտակցաբար և դիտավորմամբ, ինչպես նաև տարբեր ատյանների դատարաններում անհեթեթ մեկնաբանությունների ներգրավմամբ: Պետք է նշեմ, որ ԱՄՆ-ում անհեթեթությունների ներգրավումը վճռում արդեն վաղուց արգելված է ՝ «… բառերի բառացի ուղակի կիրառումը չի թույլատրվում, եթե դրանով դրսևորվում են անհեթեթություն կամ հետևանքներ, որոնք երբեք նախատեսված չեն եղել օրենսդիր մարմնով …» (U.S. Court of Appeals, the Tai Ping insurance company, LTD. and Jetergar Ltd., Plaintiffs-Appellants, v. Northwest Airlines, Inc., d/b/a Northwest Orient Cargo, Defendants-Appellees. 95-9278. No. Argued May 15, 1996. August 08, 1996), «…որտեղ օրենքը թույլատրում է երկու կամ ավելի գրական մեկնաբանությունների դատարանը պետք է կիրառի այն մեկնաբանումը, որը չի դրսևորվում առնվազն անհեթեթություն, կամ անընդունելի հետևանք» (s57 Offences against the Person Act 1861):

Վճռաբեկ դատարանը արդեն բողոքը վարույթ ընդունելու փուլում նաև խախտում է բողոքը վերադարձնելու մասին որոշումները պատճառաբանելու օրենքի հստակ պահանջը»:  Այդ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրանցումը հաստատվում է նաև մեր կողմից հավաքագրված փաստերով, որոնցով վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին օրենքով սահմանված 1 ամսվա ընթացքը խախտվում է 2-71 օրով (Վերաքննիչ դատարանի դեպքում գրանցվել են որոշում ընդունելու ժամկետի խախտում 29-61 օրով): Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի խախտմամբ ընդունված որոշումները չունեն օրինական ուժ, առ ոչինչ են, իրավական հետևանքներ չեն առաջացնում և ենթակա չեն կիրառման: Վճռաբեկ դատարանի որոշումներում այդ փաստերը չեն վիճարկվել կամ մեկնաբանվել: Այսինքն, քաղաքացիների պահանջներին այդպես էլ վերջնական լուծում չի տրվում:

Այսպիսով` խախտվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշումը, ուղղված անդամ պետություններին, (Rec (2004)6 on 12 May 2004, at its 114th Session), որով պահանջվել էր ՄԻԵԿ-ի դրույթներով «նախատեսել արդյունավետ ընթացակարգեր ըստ էության քննության առնելու և լուծում տալու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ բողոքներին` բողոքների ընդունման և քննության ընթացակարգերը պետք է դիտարկվեն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման համատեքստում, ներպետական համակարգերում դատական բողոքները պետք է հանգամանալից ու հիմնավոր քննության առարկա դառնան, և ազգային-իրավական համակարգում իրավունքների պաշտպանությունը պետք է արդյունավետ ձևով երաշխավորված լինի բողոքատու անձանց փաստարկների գնահատմամբ և պատճառաբանված որոշումների կայացմամբ»:

Ապացուցված է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և քաղացիական պալատի  դատավորները հանդիսանում են դատական համակարգի անօրիկանությունների կազմակերպիչներ: Այդ մասին հավաստում են  հետևյալ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները. Վճռաբեկ դատարանը չի ուղղել հետևյալ դիտավորյալ կատարված կոպիտ սխալները՜ 1) ԸԻ դատարանի դատավորներ Կ. Պետրոսյանի ու Գ. Կարախանյանը կատարել էին հայցադիմումի հանցավոր փոփոխություն և Վճռաբեկ դատարանի համաձայնությամբ` հետագա վարույթները անցկացրել էին և վճիռը ընդունել օրինական հայցվոր չունեցող հայցադիմումով, 2) դատարանները ընդունում են  որոշում անօրինական կազմով (ԸԻ դատարանի դատավոր Գ. Կարախանյան, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան, Ս. Միքայելյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին ու նրա քաղաքացիական պալատի դատավորներ Ե. Խունդկարյան, Ս.Սարգսյան, Վ. Ավանեսյան, Ս. Անտոնյան, Մ. Դրմեցյան, Է. Հայրիկյանին, Տ. Պետրոսյանին և Ե. Սողոմոնյան), 3) հաշվի չեն առնվում օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները, ինչպես նաև գույքի պետական գրանցման փաստերը, բայց իշխանությունը յուրացմամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահելու ու անցնելու միջոցով ակնհայտ անարդար գույքի կողոպուտի դատավճիռ կայացնելու համար կիրառում են գոյություն չունեցող սեփականաշնորհման ուժ (ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Ա Մկրտչյան, Ն. Բարսեգյան, Ն. Հովսեփյան), կոպիտ դիտավորյալ խախտելով ՀՀ Սահմանադրության 8 ու 31 կանոնները, 4) կիրառում են օրենքի խախտումով ձեռքբերված ու կազմված փորձագիտական եզրակացություն, 5), խոչընդոտում են ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական պարտականությունների կատարմանը և այլ կոպիտ խախտումներով կատարում են հանցանքներ` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներ 29 կետ 2, 39, 176, 178, 184, 300.1, 308, 309, 314, 332 կետ 2, 352, 353 կանոնների: Բացահայտվել է, որ Վճռաբեկ դատարանի որոշումները հակասում են Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներին, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կոնվենցիային, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներին՝ ՍԴՈ-630, 2006,  ՍԴՈ-649, 2006, ՍԴՈ-690, 2007, ՍԴՈ-754, 2007 ու նրա 2-րդ դատական կազմի որոշումը 10.09.2010 թ. ու իր իսկ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների քաղ. գործերով թիվ 3-1401 (ՎԴ) 2007թ., քաղ. գործ թիվ 3-1810 (ՎԴ) 2007թ. քաղ. գործով թիվ 3-1193 (ՎԴ) 5.09.2007թ., քաղ. գործ թիվ 3-247 (ՎԴ), 2008թ., քաղ. գործ թիվ ՎԴ/3986/05/09, 2010թ. քաղ. գործ թիվ 3-2440(ՎԴ):

ՀՀ դեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կայացման արդյունքում պետությունը դատական խոտանների համար արդեն փոխհատուցել է $ 800 հազ. հանրային բյուջեից: Սակայն համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այդ խոշոր չափերի վնասի համար Վճռաբեկ դատարանի ոչ մի դատավորի  պարտականությունների կատարում չի դադարեցվել և նույնիսկ չեն ենթարկվել անգամ կարգապահական տույժի: ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը փաստացի ճանաչեց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների բաց նամակում արծարծված խնդիրների իրավաչափությունը («Վճռաբեկ դատարանը ինքնահռչակ է, Սահմանադրությամբ ու որևէ օրենքով վճռաբեկին տրված չէ որոշելու, թե ինքն ինչ դատարան է, չի կատարում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, բողոքները վերադարձնելու մասին որոշումները պատճառաբանվում են զուտ ձևականորեն: Անորոշությունը վճռաբեկի իրավակիրառ պրակտիկայում է, որը չի ցանկանում կատարել օրենքի պահանջը և եթե առավելագույնն էլ անում է, ապա իր իսկ ստեղծած անորոշ վիճակը պահելու համար, թեև կանոնները սահմանում է, սակայն հետագայում հետևողական չի լինում իր իսկ սահմանած կանոններին, Հայաաստանում դատարանները արդարադատություն չեն իրականացնում, թույլ են տալիս բազմաթիվ խախտումներ, որոնց հետևանքով տուժում է Հայաստանը, որպես պետություն և ՀՀ հարկատուն»): Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության ներկայացրած Եվրոպայի հետ հարևանության ԵՀՔ գործողության ծրագրի իրականացման 4-րդ զեկույցում, կազմված իրավական ոլորտի հայրենական հասարակական կազմակերպությունների առաջարկություններով, նշվում է, որ «ՀՀ դատական օրենսգրքի հոդված 153 սահմանված կարգի կիրառումը ցույց է տալիս, որ իրականում ԸԻ և Վերաքննիչ դատարանների դատավորները Վճռաբեկ դատարանից անկախ չեն: Եթե գործը նախապես համաձայնեցված չէ Վճռաբեկ դատարանի հետ, դատարանների որոշումները հակադարձելիս այն արհեստականորեն խախտումը որակում է «ակնհայտ և կոպիտ»` անկախ դրա բնույթից, ինչը հանգեցնում է կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի կիրառման, իսկ եթե դատարանի վճիռը նախապես համաձայնեցվում է Վճռաբեկ դատարանի հետ, անգամ ամենակոպիտ խախտումները և դատարանի կողմից կողմնակալ վճռի կայացումը դատավորի համար որևէ բացասական հետևանք չի առաջացնում»: Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայումս «ամենաարդյունավետ» լծակն էր դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար, որի միջոցով Վճռաբեկ դատարանը իրականացնում է ուղղակի և անուղղակի ճնշումներ դատավորների նկատմամբ: Արդարադատության խորհրդի որոշումների բովանդակային վերլուծությունը ցույց էր տալիս, որ որոշ դեպքերում խնդրահարույց է ոչ միայն դատավորի կողմից թույլ տրված խախտման որակումը, որպես ակնհայտ և կոպիտ, այլև խախտման առկայությունն ընդհանրապես: Զեկույցում ներկայացված են Արդարադատության խորհրդի կողմից կամայական և երկակի ստանդարտներով իրականացվող պատժի մեխանիզմների փաստեր: Վերադաս դատավորների կողմից մյուս դատավորներին ճնշելու երևույթի մասին անուղղակիորեն վկայում են վերլուծված վիճակագրական տվյալները, որոնք ցույց են տալիս, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ունի գերակշիռ մասնակցություն՝ «2010-2013թթ. ընթացքում ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված 50 կարգապահական վարույթներից 32-ի դեպքում վարույթի հարուցման առիթ է հանդիսացել վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը կամ որոշումը, 8-ի դեպքում՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությունը ու միայն 10-ի դեպքում՝ փաստաբանի, քաղաքացու դիմումները կամ այլ առիթները: Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը ստանալու նույն կամ հաջորդ օրը ընդունվում էր որոշում, ինչը վկայում է այն մասին, որ կարգապահական վարույթի հարուցումն ու դրա արդյունքները համապատասխան դեպքերում կանխորոշված էին»: Համաձայն Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «Իրավունքի գերակայության նախաձեռնության» կողմից իրականացված ուսումնասիրության Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում է կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով: 2014 թ. կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո նաև՝ ներկայիս ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում  Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշումները (նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյան, դատավորներ Մ.Պապոյան, Ն. Բարսեղյան, Մ. Թադևոսյան, Ս. Թորոսյան) ինչպես Արդարադատության խորհրդի որոշումները չունեն, ըստ էության, պատճառաբանություններ կարգապահական վարույթի հարուցումը մերժելու վերաբերյալ, ինչն առավել կամայական բնույթ է հաղորդում հանձնաժողովի գործունեությանը:

Համաձայն ԱՄՆ պետքարտուղարություն գնահատականի դատավորների լիազորությունների դադարեցման համատեքստում նրանց խոցելիությունը, որևէ արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայությամբ դատական համակարգի վրա թողել է էական սառեցնող ազդեցություն (Մարդու իրավունքների զեկույց 2012 թ., Հայաստան): 2012 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն արձանագրել է Հայաստանում դատարանների անկախության պակաս, որը պայմանավորել է նշանակման մեխանիզմով և կարգապահական պատասխանատվության անկախ մեխանիզմի բացակայությամբ: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից հրապարակված զեկույցում 2015 թ., ըստ էության, վերահաստատվել է նույն խնդիրների առկայությունը նաև այսօր: Այդ զեկույցում նշվել էր, որ անհատ դատավորներից յուրաքանչյուրի անկախությունը ողջ դատական համակարգի անկախության անհրաժեշտ նախադրյալն է, ու չնայած օրենսդրությունը նախատեսում է դատական անկախություն, սակայն գործնականում այս սկզբունքը հաճախ խախտվում է վերադաս ատյանների կողմից, ու մտահոգություն են առաջացնում ստացված տեղեկություններն այն մասին, որ դատական բարձր ատյանները միջամտում են ավելի ցածր ատյանների դատավորների աշխատանքին, կարգապահական վարույթները չպետք է օգտագործվեն որպես ազդեցության կամ վրեժխնդրության գործիք դատավորների նկատմամբ, և դրանց կամայական օգտագործումը կանխելու համար պետք է ներդրվեն անհրաժեշտ միջոցներ:

Հայաստանից Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղարկված բողոքներից վճիռ կայացվել է միայն 3%-ի մասով: Այսինքն, մենք չպիտի մեծ հույսեր կապենք ՄԻԵԴ կարգավորիչ որոշումների հետ: ՌԴ-ում վիճակը կարգավորելու  համար նախագահ Վ. Պուտինի կողմից ընդունվել էր հրամանագիր («О  мониторинге правоприменения в Российской Федерации», 20.05.2011, N 657) և համապատասխան ՌԴ կառավարության որոշում 19.08.2011 N 694, որը ուղղված է պաշտոնեական դիրքի չարաշահումների, կաշառակերության, իշխանության չարաշահման, առևտրային կաշառքի և այլ ապօրինի դրսևորումների դեմ վերահսկողության բարձրացմանը: 2016 թ. ՌԴ նախագահ Վ. Պուտինը ելույթ ունեցավ սեմինարում` նվիրված օրենքի գերակայության ամրապնդմանը, գործարար միջավայրի բարելավմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու բարեփոխումներին դատական համակարգում: Պահանջեց, որ բարեփոխումները պետք է առաջին հերթին նպաստեն արդարադատության որակի և մատչելիության բարձրացմանը,  ընդունեց որ ոչ ոք չի կարող արգելել մարդկանց արտահայտել իրենց անհամաձայնությունը դատական որոշումների հետ, քանզի հրապարակայնությունը անհրաժեշտ անբաժանելի մասն է արդար դատաքննության իրավունքի, ու հայտնեց, որ ինքը հրամանագիր է ստորագրել ձեռներեցության ոլորտում իրավակիրառման մոնիտորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին և այդ խմբում չի ներառել դատական համակարգի ներկայացուցիչներ: Խումբը հատուկ ուշադրություն պետք է դարձնի պայքարին կոռուպցիայի դեմ, ու այն դատավորները, ովքեր բացի գործող օրինադրույթից ունեն որևէ այլ շահեր պետք է օգտագործեն իրենց գիտելիքները մեկ այլ վայրում: Այսինքն, փաստացի ընդլայնել է իր նախկին հրամանագրի դաշտը և կոշտացնել պահանջները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է 2011-2012 թթ. մի շարք խորհրդակցություններ` նվիրված դատաիրավական համակարգի խնդիրներին և բարեփոխումներին ու պահանջեց խորհրդակցությունում 21.06.2012 թ., որ «խորհրդակցության բոլոր մասնակիցները և նրանց ղեկավարած համակարգերի աշխատակիցները պետք է հասկանան, որ բարեփոխումը միայն դատական կամ իրավական համակարգի խնդիր չէ, այլ՝ պետական բոլոր կառույցների աշխատանքները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու խնդիր», իսկ խորհրդակցությունում 29.10.2012 թ-ին՝ «ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ` ապահովելու դատախազների, քննիչների և քննչական ստորաբաժանումների ղեկավարների դատավարական լիազորությունների պատշաճ իրականացումը` բացառելով դրանց ձևական իրականացման հնարավոր դրսևորումները»: Այդ խորհրդակցություններում հնչած հրամայականների կիրառման արդիականության մասին վկայում են հետևյալ փաստերը. 1) 2014 թ. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ շուրջ 70 հաղորդում, որոնցից որևէ մեկը հիմք չի հանդիսացել կարգապահական վարույթի հարուցման համար: Ակնհայտ է, որ այդպիսի վիճակագրությունը վկայում է այն մասին, որ դա ոտնձգություն է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև այն քաղաքացիների դեմ ում իրավունքները կոպիտ ոտնահարվել են, 2) եթե քաղաքացիական գործով քաղաքացին դիմում է դատախազություն, որը ղեկավարվում է դատախազության մասին ՀՀ օրենքով և ՀՀ քրեական օրենսգրքով, դատավորի կողմից հանցանք կատարելու հանգամանքով, ապա անգամ նախաքննություն չի հարուցվում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից զարմանքով տեղեկացա, որ 2013 թ. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և մի շարք այլ իրավական ակտերում բացառելու նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին և պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելուց ազատելու նախագծին: Պաշտպանի միջազգային չափորոշիչների ուսումնասիրությունը վկայում էր, որ «դատավորների կարգապահական պատասխանատվության համատեքստում տարանջատում բարձրագույն և մյուս դատական ատյանների դատավորների միջև աշխարհում չի իրականացվում ու այդ փոփոխությունները համահունչ չեն նաև ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրին»: Ավելին, այն ուղղակի հակադրության մեջ է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի դատաիրավական փոփոխությունների խորհրդակցության 31.08.2012 կարգադրության հետ՝ «Յուրաքանչյուր իրավական պետություն, կարևորելով դատական իշխանության անկախությունը, այն դիտարկում է նաև որպես հասարակության առջև պատասխանատվություն ստանձնելու, հաշվետու լինելու յուրօրինակ միջոց: Մենք նույնպես քաջ գիտակցում ենք այդ անկախության արժեքը, սակայն պետք է հասկանանք նաև, որ բացարձակ անկախություն լինել չի կարող, հակառակ պարագայում՝ մենք մեր ձեռքով ուղղակի կստեղծենք անպատժելիության մթնոլորտ: Սա բոլորի համար պետք է պարզ լինի: Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է և՛ նրա անկախությունը, և՛ բնականաբար, անաչառությունը: Անհնար է հանրային վստահություն ակնկալել, եթե իշխանության մի ամբողջ ճյուղ իր ենթակառուցվածքներով թողնում է ինքնամփոփ և մեկուսացած կառույցի տպավորություն, որն ապրում և գործում է սեփական օրենքներով: Թեև վերջին տարիներին այս կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ բավականին լուրջ և դրական հեռանկար ունեցող աշխատանքներ են կատարվել, այնուհանդերձ, ես գտնում եմ, որ դա բավարար չէ դատական իշխանության լիարժեք հաշվետվողականությունն ապահովելու համար, ինչպես նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել դատական համակարգի թերությունները բացահայտող մեր քաղաքացիների բողոքներին: Շեշտադրում եմ հատկապես բարձրաձայնելու կարևորությունը: Դատական համակարգի հաջողության գրավականը հասարակական վստահությունն է: Համակարգում չպետք է լինեն արտոնյալներ: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը»: Հետաքրքիր է, որ նախագծի ժամանակահատվածի ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանը 25.01.2012թ. հայտնել էր, որ «մշակվել է ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիր, որի նպատակն է լինելու առնվազն կրկնակի  նվազեցնել արդարադատության նկատմամբ հանրության անվստահության մակարդակը մինչև 30-40 %, որը ներկայումս կազմում է 70-80 %» (hամեմատության համար համաձայն նույն ժամանակահատվածի հարևան Վրաստանում բնակչության ավելի քան 60% վստահություն էր հայտնել դատական համակարգին, իսկ նախկին Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլիի պարտականությունների կատարման ժամանակահատվածում երկրի տնտեսական աճը ավելացվել էր 4 անգամ և ՀՀ առկա իրավիճակը չի կարելի կապել հասարակության մենթալիտետի հետ): Հիմք ընդունելով ՀՀ նախագահի վերոնշյալ կարգադրությունը, կարելի է հիմնավորված կասկած արտահայտել թե ինչու օրենքում չեն կատարվել կառավարության նախագծում առաջարկված փոփոխությունը և Հ. Թովմասյանը արդեն նախկին նախարար է:

ԼՂՀ-ի կառավարությունը  հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ 24.02.2015 թ., ներդնելու դատավորների գործունեության գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ չափանիշներ և ընթացակարգեր, դատավորների ինքնակառավարման առավել արդյունավետ մոդել, բարեփոխել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը և հիմքերը, իրականացնել Գերագույն դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ և այլն: Պետք է նշել, որ ԼՂՀ-ում վերջին տարիներին այդ ոլորտում տարվող աշխատանքների արդյունքում իրականում բարձրացել է դատական համակարգի հանդեպ վստահության մակարդակը: Մյուս կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնաժողովը մոնիտորինգի զեկույցում, 2015թ. նշված է, որ «Հայաստանը սահմանափակ առաջընթաց ունի կայուն ժողովրդավարություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում (Human rights in the vicinity of the European Union: inventory / 1 – The East neighborhood):

Տնտեսական զարգացման տեսանկյունից դատական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրն ունի կարևորագույն նշանակություն, քանզի «ազգային արդարադատության համակարգերը առանցքային դեր ունեն տնտեսական աճի վերականգնման ու կանխատեսելի, ժամանակին և արդարադատության կանոններով ուղղված դատական որոշումները կարևոր կառուցվածքային բաղադրիչներ են գրավիչ բիզնեսի մթնոլորտի» (EC Directorate General for Justice March, 2013. The EU Justice Scoreboad): Այդպես, համաձայն ԱՄՆ USAID գնահատականի բիզնես միջավայրի կարևոր ցուցանիշ է օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ (մասնավոր և պաշտոնական տրանս­ֆերտ­ների զուտ հոսքի հանրագումար) ու Հայաստանի այդ ցուցանիշը ավելի ցածր է, քան համանման երկրների և կենտրոնացված հիմնականում հետևյալ ենթակառուցվածքների՝  հանքարդյունաբերության (35%), հեռահաղորդակցության (22%) և էներգետիկայի (9%) ու նրա աճի հիմնական խոչընդոտներ են հանդիսանում տեղական շուկայի փոքր ծավալը, հակասությունները օրենքների և կանոնակարգերի, վեճերի լուծման մեխանիզմների բացակայությունը, կոռուպցիան և տրանսպորտային հարցերը (Country Development Cooperation Strategy FY 2013-2017): Պետք  է նշել, որ վարչարարության ոլորտում ԱՄՆ և ԵՄ գործընկերների աջակցությամբ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեին որոշակիորեն նպաստել ներդրումների և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը տեղական և օտարերկրյա ներդրումների համար (կրճատվել են հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների կատարման պարբերականությունները, բարեփոխումներ են իրականացվել արտաքին առևտրին առնչվող տեխնիկական հսկողության մի շարք ոլորտներում, ներդրվել են մաքսային հայտարարագրման ու մաքսային ձևակերպումների և իրավաբանական անձանց պետական գրանցման ու անհատ ձեռնարկատերերի հաշվառման էլեկտրոնային համակարգերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, շինարարական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ գործընթացները ու ժամկետները և այլն, ինչով զգալի բարելավվել է երկրի Doing Business-ի ցուցանիշը: Սակայն ԱՄՆ  USAID նշում է, որ այն չի նպաստել ՕՈՒՆ-ի և բիզնես ակտիվության ծավալների ավելացմանը և 2008 թ-ից գրանցվում է աղքատության աստիճանի բարձրացում: Համաձայն Ֆորբս ամսագրի «վերջին տարիներին կառավարությունն է արել հարկային և մաքսային վարչարարության որոշ բարելավումներ, սակայն հակակոռուպցիոն միջոցառումները անարդյունավետ չեն եղել: Հայաստանը պետք է հետամուտ լինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների հարցում և ամրապնդի օրենքի գերակայությունը, որպեսզի վերականգի տնտեսական աճը և խթանի տնտեսական մրցունակությունն ու բնակչության զբաղվածությունը»:

Համաձայն ՀՀ ԱՎԾ վերջին տարիներին ՕՈՒՆ կտրուկ անկում է ունեցել՝ 2008 թ. – $ 943 մլն., 2009 թ. –   $ 760 մլն., 2010 թ.- $ 529 մլն., 2011- $ 515 մլն., 2012 թ.-  $ 489 մլն., 2013 թ.-. 370 մլն, 2014 – $ 383 մլն. ու 2015 թ. $ 180,5  մլն. և զուգահեռ աճել է արտաքին պարտքը: Իրական հատվածում ՕՈՒՆ կրճատվել էր 2015 թ-ին համեմատ 2014 թ. 167.4 մինչև 123,6 մլրդ դրամ: Նախկին վարչապետ Տ. Սարգսյանի հետ հանդիպմանը 17.08.2011թ. հայտնեցի, որ դատական համակարգում սեփականության իրավունքի անձեռնմխելիության սկզբունքի խախտումները ձևավորում են անվստահության մթնոլորտ, խոչընդոտելով մասնավոր ներդրումներին, տնտեսական զարգացմանը, նոր աշխատատեղերի  ստեղծմանը, և այդ հանգամանքում կառավարությունը ներքին մարտահրավերներին պատասխանելու համար պարտադրված է լինում ընտրել ավելի ցածր արդյունավետություն ունեցող մոտեցում` ավելացնելով արտաքին պարտքը: Ներկայումս ՀՀ  նախագահը և կառավարությունը անհանգստացած են ՕՈՒՆ վերոգրյալ կրճա­տումից ու վերջին զարգացումներով շատ կարևոր ֆունկցիաները` կապված արտաքին տնտեսական կապերի և ՕՈՒՆ ներդրումների ավելացման հետ, պետք է զբաղվի նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:  Բայց վերհիշենք, որ այդ խնդիրը դրված էր նաև ՀՀ սփյուռքի նախարարության վրա: Սակայն չհաջողվեց էական լուծում տալ, չնայած բարձր պրոֆեսիոնալ հատկություններ ունեցող նախարար Հ. Հակոբյանի մեծ ջանքերին: Անկախ վերլուծությունը ցույց տվեց, որ սփյուռքահայ ներդրողները հիմնականում բախվում են պետական մարմինների կամ պաշտոնյաների, իշխանական տարբեր թևերի, այդ թվում դատական համակարգի կամ նրանց կողմից հովանավորված օլիգարխիկ անձանց ապօրինությունների հետ, ինչի պատճառով ՀՀ տնտեսական և իրավական համակարգի նկատմամբ արդեն իսկ ձևավորվել է անվստահության մթնոլորտ, և դա փոխելը բավականին դժվար գործընթաց է լինելու, ինչը հանգեցնում է սփյուռքահայ ներդրողների հիասթափության, հուսալքության ու նրանք անվերադարձ հեռանում են ՀՀ-ից և հրաժարվում այլևս որևէ ներդրում կատարել (https://hetq.am/arm/print/7605/): Գործը հասել է նրան, որ ՀՀ նախագահը խորհրդակցությունում  26.02.2016 թ.` նվիրված հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգային հարցերին, հայտարարել է  «պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին»: Բայց գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը և բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար օրենսդրական դաշտում:  Օտարերկրյա ռազմավարական ներդրումների ներգրավման տեսանկյունից ավելի կարևոր է ներդրողների շահերի պաշտպանության մակարդակի հետևողական աճը և հատկապես անհապաղ դատական համակարգի բարեփոխումը: Միայն այդ դեպքում կբարձրանա բոլոր նախարարությունների գործունեության արդյունավետությունը ՕՈՒՆ ներգրավման հարցում, իսկ արդյունաբերության ոլորտում ՕՈՒՆ շատ ավելի է կախված դատական համակարգի արդյունավետությունից, քան այլ ոլորտներում (Marina Bellani, 2014. Judicial efficiency and foreign direct investments: evidence from OECD countries): Ակնհայտ է, որ ներկայիս ներդրումների կրճատման և ճգնաժամի պայմաններում ծրագրեր մշակելու և դատական բարեփոխումների խոհրդակցությունների ժամանակը անցել է և անհրաժեշտ են կոշտ գործողություններ, քանզի համաձայն ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության` դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը հանդիսանում են ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներից մեկը, իսկ դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը՝ ազգային անվտանգության դեմ ուղղված ներքին սպառնալիք է:

ՀՀ նախագահ Ս Սարգսյանը խորհրդակցությունում 28.09.2011թ. ասել է «Մենք ունենք հստակ ուղենիշ` իրավունքի գերակայության և արդարության արմատավորում մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ այս ճանապարհին եղած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելու ենք և որևէ անտարբերություն կամ ձախողման արդարացում չենք ընդունելու»: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը, քանզի ներկա իրավիճակը մեծ բացասական ազդեցություն է թողնում քաղաքացիների կյանքի որակի վրա:

Արմեն Բ. Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Երանի այս գիտնականը Հայաստանի նախագահը կամ վարչապետը լիներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031