Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռակոնֆերանս՝ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական համայնքի հետ

Հուլիս 04,2016 21:03

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:

Տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցեցին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, համայնքի ներկայացուցիչներ:

Ջերմորեն ողջունելով տեսակապի մասնակիցներին՝ նախարարը կարևորեց հեռակապով հաղորդակցվելու ձևաչափը, շնորհակալություն հայտնեց համայնքին և հատկապես՝ պարոն Ուզունյանին Ապրիլյան պատերազմի օրերին Հայրենիքի կողքին լինելու, վիրավոր զինվորներին և զոհվածների հարազատներին սատար կանգնելու համար: Նա մասնավորապես ասաց «Շնորհակալություն, որ դուք բարոյական և նյութական օգնություն ցուցաբերեցիք մի քանի ընտանիքների և նրանց համար դարձաք հարազատներ, մասնակցեցիք Հայաստանի և Արցախի կողքին կանգնելու այն մեծ շարժմանը, որ ալեկոծեց ողջ Սփյուռքը:

Սիրելի՛ բուլղարահայեր, հայ ժողովուրդն ամենուրեք ակտիվ է, հզոր, խելացի, աշխատասեր: Հայ լինելը հպարտություն է և այդ հպարտությունը մենք ամենուրեք պետք է սերմանենք մեր երեխաների, երիտասարդների մեջ Նրանք պետք է գիտակցեն, որ իրենք 12,5 միլիոն հայության մի մասնիկն են, որը կարողացավ ստեղծել երկու անկախ հայկական պետություն: Մենք դեմ ենք պատերազմին, Եվ այսօր բոլորս պետք է նպաստենք, որ խաղաղ ճանապարհով լուծվի Արցախի հարցը:

Կարծում եմ, որ ձեր ջանքերի ու աշխատանքի շնորհիվ, Բուլղարիայի իշխանությունները ևս, որպես եվրոպական ընտանիքի անդամ, իրենց ձայնը կբարձրացնեն և կհետևեն Գերմանիայի օրինակին, կճանաչեն հայոց ցեղասպանությունը: Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, ձեր համայնքը պետք է միավորվի, ցանկալի է, եվրոպական մի շարք երկրների օրինակով ստեղծվի Բուլղարիայի բոլոր կառույցները համակարգող մարմին և փորձեք կայանալ բոլոր ոլորտներում, ձեզանից յուրաքանչյուրը պետք է լինի Բուլղարիայի լավ, օրինապահ քաղաքացի՝ պահպանելով իր ազգային նկարագիրը, գիտակցելով, որ միայն հզոր Հայաստանն է մեր բոլոր համազգային խնդիրների լուծման բանալին, Դուք բոլորդ պետք է զորավոր լինեք և մասնակցեք Հայրենիքի հզորացման գործին»:

Նախարարը նշեց, որ ինչպես բազմաթիվ համայնքներում, այնպես էլ Բուլղարիայի համայնքում չափազանց կարևոր է հայապահպանության խնդիրը և հորդորեց առավել ակտիվ մասնակցել նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, քանի որ հայապահպանության ամենաուղիղ ճանապարհը Հայաստան գալն է, հայրենաճանաչությունը, իսկ նախարարության ծրագրերը տալիս են այդպիսի բազում հնարավորություններ:

Բուլղարիայում ՀՀ պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանը կարևորեց հեռակապով համայնքների հետ աշխատելու ձևաչափը և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը նման հնարավորություն ընձեռելու համար:

Հյուպատոսի խորհրդական Աղավնի Գևորգյանը ներկայացրեց համայնքում իրականացվող աշխատանքները, մշակութային միջոցառումները և առկա խնդիրները:

Համայնքի կրթական գործի պատասխանատուները խնդրեցին լրացուցիչ ուսումնամեթոդական ձեռնարկներ և գրականություն տրամադրել:

Քննարկվեցին նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցությունն ապահովելու և մի շարք այլ խնդիրներ:

 ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031