Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարչապետ ջան, մեր ուզածը հո պալատներ չեն, պայմաններ ստեղծեք մեր տանն ապրենք». արթիկցիներ. (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Հուլիս 04,2016 20:50

Ջրհեղեղից տուժած արթիկցիները սարսափելի վիճակում են. թեեւ կառավարությունը որոշակի օժանդակություն ցուցաբերել է, սակայն կան տներ, որոնք բնակության կարծես այլեւս պիտանի չեն: Մենք այսօր եղանք Արթիկի այսպես ասած Տուֆի թաղամասում, որտեղ ձորից հոսող գետն առատ տեղումների պատճառով լցվել էր մարդկանց տները: Մոտակա հանքերի ահռելի մեծությամբ քարերը նույնպես տեղաշարժել ու շպրտել է դեպի տները՝ ավերելով պարիսպները, գոմերը, պատուհանները, լցնելով տան սենյակները:

Մեր այցելության պահին այս թաղամասում մի քանի տեխնիկա էր աշխատում, փորձում են փոխել գետի հունը՝ հեռացնելով մարդկանց տներից, սակայն բնակիչները նեղվում են, որ հնար չկա. գետը հոսում է իրենց տների տակով: Մենք եղանք ջրհեղեղից ամենամեծ վնաս կրած Բիչախչյանների տանը, նրանք բնակվում են Ազատության փողոց, տուն 25-ում:

Տանից ոչինչ չէր մնացել. ջուրը, կիսով չափ ծածկելով տունը, տարել էր տան կահույքը, պահարանը, որի մեջ եղել էր նրանց ողջ հարստությունը՝ փողը, ոսկեղենը: Տան անդամները մեզ ներկայացրեցին, որ նոր էին վերանորոգել իրենց տունը, ցույց տվեցին հյուրասենյակի առաստաղը, որից երեւում էր եվրոհարդարումը: Սակայն այժմ, նրանք չեն կարող ապրել իրենց տանը, քանի որ գետի ջուրը հոսում, լցվում է տան հատակը՝ խարխլելով հիմքը: Տանտիրուհին մեզ ցույց տվեց նոր վերանորոգված զուգարանը, որի հատակից ցայտելով դուրս էր գալիս գետի ջուրը: Ըստ Բիչախչյանների, այս գետին է միացած նաեւ քաղաքի կոյուղագիծը:

IMG_3582 IMG_3583 IMG_3584 IMG_3585 IMG_3588 IMG_3591 IMG_3593 IMG_3595 IMG_3596 IMG_3597 IMG_3598 IMG_3599 IMG_3600 IMG_3601 IMG_3602 20160704_114521 20160704_114430

Վերջիններս բնակվում են բարեկամների տանը, սակայն շվարած են, թե մինչեւ ե՞րբ կարող է այսպես շարունակվի: Նրանց որդին՝ Գոքոր Բիչախչյանը օպերատոր-լուսանկարիչ է, որի՝ մոտ 5000-6000 դոլար արժողությամբ տեխնիկան ջրհեղեղը փչացրել է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թեեւ եղել է նրանց տանը՝ համոզվելով, որ ապրելու այլեւս պիտանի չէ, սակայն կառավարությունը բավարարվել է 4 մլ.596 հազար դրամ օգնություն հատկացնելով: «Կասե՞ք ինչ անենք այդ գումարով, երբ մեր տունը պիտանի չէ բնակության, երբ այս տան միայն զուգարանը վերանորոգելն է արժեցել 3000 դոլար, ի՞նչ պիտի լինի մեր վիճակը, որտե՞ղ ապրեք, ինչքա՞ն կարող ենք բարեկամների տներն ընկնենք: Վարչապետը եկավ, մտավ, իր աչքով տեսավ, ասաց՝ սա վթարային շենք է, այստեղ այլեւս թող մարդ չմտնի, բայց հաջորդ օրը մեր քաղաքապետը եկավ ասաց՝ սա բնակելի տեղ է, մաքրեք, ապրեք: Այստեղ հանձնաժողովի անդամ էլ չի եկել, նկարներով վնաս են չափել, դրսից մարդ չի եկել, միայն եկել է քաղաքապետարանի կազմած հանձնաժողովը՝ լուսանկարիչն էր, մեկն էլ չգիտեմ ով էր. միգուցե կոմունալի աշխատողը»,- ասացին Բիչախչյանները:

Նրանք ասում են, թեեւ վարչապետը լավ մարդ է երեւում, բայց թող չհամարի, թե իրենց հարցը լուծել է: Նրանք ասում են, որ գույքի պահանջ չունեն. ոտքով-ձեռքով են, գույքը կվերականգնեն, բայց ինչպե՞ս վերականգնեն տունը, որտեղից գարշահոտություն է գալիս, հատակը նեխվում է: Բացի այդ, ըստ նրանց, Սեյսմիկ ծառայությունից էլ դեռ ոչ մեկը չի եկել, չի պարզել՝ արդյո՞ք պիտանի է տունը բնակության: Արթիկի քաղաքապետն այս ընտանիքին առաջարկել է տուն վարձակալել, սակայն, ըստ նրանց, սա էլ հարցի լուծում չէ, անհրաժեշտ է տան վերանորոգման հարցը լուծել: Այս տան անդամներն առաջարկում են գոնե կրկնակի գումար տան, որպեսզի կարողանան գործ անել: «Մեր ուզածը հո պալատներ չեն, պայմաններ ստեղծեք մեր տանն ապրեք»,- հորդորում են նրանք:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031