Հուլիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Կառոլին Դոուիլիեզին:
Կողմերը քննարկել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև փոխգործակցության խթանման և համատեղ արդյունավետ գործունեության զարգացման հեռանկարները:
Արման Թաթոյանը կարևորել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ համագործակցության բարձր մակարդակը: Մասնավորապես, նշվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: Կարևորվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցների համար միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցողական համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցված ուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով: